«Սասնա ծռերի» անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանին, որին հուլիսի 6-ին երկու ամսով կալանավորել եւ տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», անհրաժեշտ է բուժօգնություն ցույց տալ քաղաքացիական հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը: Նա նշեց, որ Թաթուլ Թամրազյանը ծանր վիրահատության է ենթարկվել եւ «Դատապարտյալների հիվանդանոցում» չկա անհրաժեշտ պայմաններ նրան անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար:

«Մինչեւ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելը, Թաթուլը գտնվել է «Էրեբունի» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, պարզ է, որ այդ բաժանմունքի պայմանները բնականաբար շատ-շատ տարբերվում են այնտեղի պայմաններից, պարզ է, որ համապատասխան պայմաններ չեն կարող ապահովվել Թաթուլ Թամրազյանի համար: Սանիտարահիգիենիկ վիճակը նույնպես այնպիսին, չէ, ինչպիսին քաղաքացիական հիվանդանոցում է: Նա վիրահատություն է տարել եւ նրան անընդհատ անհրաժեշտ է, որ վիրակապերը փոխվեն, խնամվի, նմանատիպ հիվանդությամբ եւ ախտորոշմամբ անձը այդտեղ չի կարող բուժօգնություն ստանալ: Ես միջնորդելու եմ, որպեսզի նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվեն»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ տեսակցել է Թաթուլ Թամրազյանին, նրան անընդհատ դեղորայք ու ցավազրկողներ են ներարակում. «Անընդհատ ցավեր ունի, պարբերաբար ցավազրկողներ են ներարակում, կաթիլային, երակային դեղեր է ստանում: Թաթուլը շատ բարդ վիրահատության է ենթարկիվել եւ մի քանի ամիս անց երկրորդ վիրահատությունը պետք է անեն, որպեսզի վերականգնվի եւ լիովին ապաքինվի: Նա այս պահին շատ թույլ է, ցավերը շատ ուժեղ են եւ չի կարողանում տեղաշարժվել, պառկած վիճակում է»:

Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ հոդվածով՝ (պատանդ վերցնելը):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանի «Էրեբունի» հիվանդացի Վերակենդանացման բաժանմունքից Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանը վիրավորվել էր հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: