Երեւանում օգոստոսի 7-ին կախվելու միջոցով ինքնասպան եղած 36-ամյա Խաչիկ Ղահրամանյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: Ինչպես NEWS.am-ը  տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Խաչիկ Ղահրամանյանը եղել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության  կրտսեր տեսուչ:

Նախնական քննության տվյալներով՝ Խաչիկ Ղահրամանյանը  օգոստոսի 7-ին՝ ժամը 21։00-ի  սահմանում, ինքնասպանություն է գործել Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանում։ Վերջինի դիակը հայտնաբերել է մայրը՝ պարանով կախված հյուրասենյակի բնակարանի մեկ այլ սենյակ տանող դռնից։

Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական գործով էական նշանակություն  ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Խաչիկ Ղահրամանյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 7-ին բնակարանում ինքնասպան է եղել 36-ամյա տղամարդ: