News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» հետ Վիտալի Բալասանյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը հրապարակել է «Հիմնադիր խորհրդարանը», մոնտաժված է։ Այս մասին NEWS.am–ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, որը ՊՊԾ գնդի գրավումից հետո «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ միջնորդական առաքելություն էր իրականցնում։ Բալասանյանը վստահեցրել է, որ ձայնագրության այն հատվածը, որում ինքը խոսում է Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպելու՝ Սերժ Սարգսյանի պատրաստակամության մասին, արվել է հուլիսի 20–ին, սակայն ներկայացվել է որպես հուլիսի 29–ի խոսակցություն։

«Սասնա ծռերի» անդամներին հուլիսի 26-ին իր մեքենայով ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանն այսօր դարձավ 48 տարեկան: Հարազատներն ու ընկերները հավաքվել էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ՝ նրա ծնունդը շնորհավորելու: Հարազատներն ու ընկերները «Հաց բերող Արթուրի ծննդյան առթիվ» գրառումով տորթը փոխանցեցին Արթուրին:

Սարի թաղում հուլիսի 29-ի միջադեպի գործով կալանավորված Գարիկ Առուստամյանի հարազատներն ու համագյուղացիները սպառնում են փակել Մասիս-Էջմիածին ավտոճանապարհը, եթե Գարիկի խափանման միջոցը 2 օրվա ընթացքում չփոխվի: Գյուղացիներն անհիմն են համարում զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու մեղադրանքով Գարիկին կալանավորելը։ Նրանք այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Նիզամի գյուղում: Գարիկը, հարազատների պատմելով, ընկերոջ հետ գնացել է քրոջը բերելու Սարի թաղից, երբ երեքով հայտնվել են իրադարձությունների կենտրոնում եւ հարձակման ենթարկվել ոստիկանների կողմից: Գարիկը դրանից հետո 2 օր անցկացրել է Վերակենդանացման բաժանմունքում:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում գտնվող՝ «Սասնա ծռերի» անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանը նախօրեին հանդիպել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ եւ դադարեցրել 4 օր առաջ սկսած հացադուլը: Կոմպոզիտորն ու Աշոտ Պետրոսյանը զրուցել են մոտ 2 ժամ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշոտ Պետրոսյանը, որ հրազենային վնասվածք ունի, ցանկանում է հանդիպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Նա օգոստոսի 4-ից հայտարարել էր հացադուլ եւ հրաժարվել բուժօգնությունից:

«Էլեկտրիկ Երեւանից» մեկ տարի անց 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, լրագրողների տեխնիկան փչացնելու համար: Հիշեցնենք, որ «Էլեկտրիկ Երեւանում» տեղի ունեցած բռնությունների հետեւանքով բերման էր ենթարկվել NEWS.am-ի ֆոտոլրագրող Արսեն Սարգսյանը, իսկ թղթակից Աիդա Հովհաննիսյանից խլել էին տեսախցիկը:

Ռուս-թուրքական հարաբերությունների 8-ամսյա «սառեցումից» հետո, որը սկսվել էր թուրքական զինուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման հետեւանքով, այսօր  Սանկտ- Պետերբուգում առաջին անգամ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Պուտինը դատապարտել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը մշտապես դեմ է եղել ցանկացած ոչ սահմանադրական գործողություններին: Էրդողանը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները մտել են դրական հուն:

Խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրիում: Դեռեւս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է 7 ընտանիք, մի մասի տները բնակության համար այլեւս պիտանի չեն, այրվել է ամբողջ գույքը։ Բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում։ Առայժմ հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը, բնակիչները կասկածում են, որ հնարավոր է՝ այն հոսանքալարերի բռնկումից է սկսվել։ Բնակիչների խոսքով՝  հրդեհն այդքան շատ է տարածվել այն պատճառով, որ հրշեջ մեքենաներն անսարք են եղել, իսկ հրշեջները չեն կողմնորոշվել՝ ինչ անել։

Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացած։ Նման եզրակացության է հանգել Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը ներքին քննության արդյունքում: Ըստ եզրակացության՝ 26-ամյա ծննդկանին պետք էր արագ ծննդալուծում կեսարյան հատման ճանապարհով: Միեւնույն ժամանակ, հանձնաժողովը հակասություններ է հայտնաբերել «Շենգավիթ» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնների իրականացրած հետազոտությունների միջեւ: Մասնավորապես, «Շենգավիթում» Մերի Մարգարյանի թոքերում փոփոխություն չի հայտնաբերվել, իսկ «Էրեբունի»-ում ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ:

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը: Թրամարտի անհատական պայքարի եզրափակիչում 22-ամյա մարզուհին պարտության է մատնել ռուսաստանցի Սոֆյա Վելիկայային: 1993 թվականին Երեւանում ծնված եւ 6 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Յանա Եգորյանը նաեւ 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ տիտղոսները նվաճել է Ռուսաստանի հավաքականի հետ թիմային պայքարում

Ռիոյի Օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հրաչ Բաբայանը հանդես եկավ օդամուղ հրացանի 10 մետրի որակավորման փուլում: 20-ամյա մարզիկը 50 մասնակիցների մեջ գրավեց 21-րդ տեղը։ Օլիմպիական ոսկին նվաճեց իտալացի Նիկոլո Կամպարին։ 

Դոլարն ու ռուբլին աննշան են աճել են, եվրոն ու ֆունտը՝ նվազել: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝7.37, եվրոյինը՝ 528, ֆունտինը՝ 618 դրամ: 

Երեւանում օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +22-ի, իսկ վաղը ցերեկը՝ +37-ի:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ