Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից հետո մահացած 44-ամյա Նաիրա Աբգարյանի ընտանիքը որոշել է բողոք չներկայացնել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երեխաների հորաքույրը՝ Գայանե Գրիգորյանը, նշեց, որ իրենց ասել են, թե Նաիրան արյան մակարդելիության հետ կապված խնդիր է ունեցել, փոքրամարմին է եղել, 40-ն անց, երկու պտուղն էլ՝ մեծ, ինչն էլ նման ողբերգական ավարտի է հանգեցրել:
«Մենք էլ վստահեցինք, ճիշտն ասած, եթե բողոքեինք, հո Նառային հետ չէի՞նք բերելու: Հիմա լինելու բանը եղել է, ամեն դեպքում, 40-ից հետո բոլորս էլ գիտենք, որ հորմոնները փոխվում են, ուրիշ ընթացք են ստանում եւ շատ հնարավոր է, որ հորմոնների խանգարում է իր մոտ եղել»,- ասաց Գայանե Գրիգորյանը:
«Արբես» առողջության կենտրոնի ֆիզիոթերապեւտ Նաիրա Աբգարյանը հղիացել էր արհեստական բեղմնավորման ճանապարհով, «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ, ծանր հղիություն էր ունեցել: Կեսարյան հատումից հետո նրան գործընկերները տեսակցել էին, իրեն լավ էր զգում, սակայն հետո կտրուկ վիճակը վատացել էր, տեղափոխել էին բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց մահացել էր: Նաիրա Աբգարյանի փոքրիկները լավ են, օրերս են դուրս գրվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից: Նրանց խնամում են հայրը, տարեց տատիկը, հորաքույրն ու մորաքույրը:
«Առաջին մի քանի ամսվա համար մարդիկ օգնել են, գումար են փոխանցել, որ դայակ վարձենք, մեզ օգնի: Դրանից հետո չգիտենք՝ ինչ ենք անելու, գոնե մինչեւ երկու տարեկանը մարդիկ օգնեին, որ դայակին վճարեինք, մինչեւ մանկապարտեզ կգնային»,- ասաց Գայանե Գրիգորյանը՝ նշելով, որ այս պահին հագուստի եւ մանկական կերի կարիք չունեն:
Նաիրա Աբգարյանի ամուսինն առաջին կարգի հաշմանդամ է, Արցախյան պատերազմի մասնակից: Փոքրիկ Մարտինին ու Մարկին օգնելու համար իրենց հոր՝ Արմեն Ջոնի Գրիգորյանի անունով հաշվեհամար է բացվել ՎՏԲ-ում՝ 16048100318600:





























