Հայաստանն ու Ադրբեջանը իրապես ցանկանում են ղարաբաղյան ճգնաժամից ելք գտնել: Այս մասին օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մի շարք այլ երկրներ կարող էին երաշխավորի դերում հանդես գալ ղարաբաղյան խնդիրը լուծելիս: Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը շահագրգռված է Երեւանի եւ Բաքվի միջեւ լարվածության թուլացմամբ եւ կշարունակի նպաստել հանգուցալուծման որոնմանը:
«Ընդգծեմ, որ Ռուսաստանը շահագրգռված է մեր հարեւանների հարաբերությունների լարվածության թուլացմամբ: Կշարունակենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ամեն կարգի նպաստ բերել ղարաբաղյան թնջուկի հանգուցալուծման որոնման հարցում, ինչպես նաեւ Երեւանի եւ Բաքվի հետ ուղղակի շփումներում: Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հակամարտության կարգավորման հասնել փոխզիջումներով, առանց հաղթողների եւ պարտվողների»,- հայտարարել է Պուտինը Հայաստանի նախագահի հետ բանակցություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: