News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մոսկվայում այսօր կայացել է Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հայաստանն ու Ադրբեջանը իրապես ցանկանում են ղարաբաղյան ճգնաժամից ելք գտնել՝ հանդիպումից հետո ասել է Վլադիմիր Պուտինը՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը շահագրգռված է Երեւանի եւ Բաքվի միջեւ լարվածության թուլացմամբ եւ կշարունակի նպաստել հանգուցալուծման որոնմանը: Իր հերթին Սերժ Սարգսյանն ընդգծել է Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը։ Պատասխանելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին հարցին՝ Պուտինն ասել է՝ նավթաարդյունահանող, ոսկու եւ արժութային խոշոր ծավալի պաշարներ ունեցող եւ աճող տնտեսությամբ այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է,  կարող է զենք գնել որտեղ ասես։ Զենքի ժամանակակից շուկայում ցանկացած երկիր գործնականում կարող է ցանկացած զենք գնել։ Պուտինն անդրադարձել է նաեւ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավմանը։ Պատանդառությունը անօրինական գործողությունների միջոցով քաղաքական հարցեր լուծելու անընդունելի փորձ է՝ ասել է Ռուսաստանի նախագահը։

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու եւ խմբով խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայությունը։ ՀՔԾ տվյալով՝ տուժել է 20 լրագրող, որոնցից 17-ը քրեական գործով արդեն ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել։

Լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու պատասխանատուներին պատժելուն ուղղված իշխանությունների քայլերը լրատվամիջոցներին չեն բավարարում։ Մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր Ազատության հրապարակում էին, որպեսզի իշխանություններին երկու ամսվա վերջնաժամկետ ներկայացնեն եւ պահանջեն՝ քրեական պատասխանատվության ենթարկել Սարի թաղում լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնություններ գործած անձանց: Եթե այս ժամկետում պահանջը չկատարվի, լրատվամիջոցների ներկայացուցիչները պատրաստ ենք օգտագործել լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար: Լրագրողների պահանջին միացել են նաեւ քաղաքական գործիչներ ու պատգամավորներ:

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման, հույս ունի, որ իր որդիները կարդարացվեն եւ ազատ կարձակվեն: Տիկին Ռիման լրագրողների հետ զրույցում ասել է, որ որքան էլ իշխանությունները փորձեն  իր որդիներին պիտակավորել, հայ ազգը կշարունակի ընկալել նրանց որպես հերոսների, որոնք մեծ ներդրում են ունեցել Արցախի ազատագրման գործում։

Հրազդանում նախօրեին ուշ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել: Քաղաքի արհեստական լճից դուրս են բերել անչափահաս եղբայրների մարմինները: Հարազատների խոսքով, երեխաները մորն ասել են, թե խաղալու են գնացել: Երբ ուշացել են, սկսել են որոնել եւ միայն երեք ժամ անց հայտնաբերել տան մոտ գտնվող լճում՝ իրար փաթաթված ու խեղդված։ Հարազատները չգիտեն՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը:

Դատարանը հրապարակել է Ադրբեջանի օգտին լրտեսելու գործով դատավճիռը: Պետական դավաճանության մեջ մեղադրվող Ռաֆիկ Պապոյանը դատապարտվել է 14,  Կարինե Ղումաշյանը՝ 12 տարվա ազատազրկման։ Ռաֆիկ Պապոյանի որդին՝ Սերգեյ Պապոյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Մամուլը շարունակում է ակտիվ քննարկել Գեւորգ Կոստանյանի անսպասելի պաշտոնանկության հավանական պատճառները: Օգոստոսի 4-ին հրաժարական տված գլխավոր դատախազը հայտարարել էր, թե առողջական խնդիրների պատճառով է այդ որոշումը կայացրել: Մամուլը, սակայն, այս վարկածին չի հավատում. ըստ որոշ աղբյուրների՝ Կոստանյանը հրաժարական է տվել, քանի որ նրան պատկանող երեք ընկերությունների մատակարարումներն իրականացվել են խոշոր չարաշահումներով: Միեւնույն ժամանակ, տեղեկություններ կան, որ նա իսկապես լուրջ առողջական խնդիրներ ունի եւ խնդրել է Սերժ Սարգսյանին իրեն թեթեւ պաշտոն տալ, օրինակ՝ դեսպանի:

17-ամյա Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը թիմային պայքարում: Ռուսաստանի թիմը Ալյա Մուստաֆինա, Սեդա Թութխալյան, Անգելինա Մելնիկովա, Մարիա Պասեկա եւ Դարյա Սպիրիդոնովա կազմով առաջ թողեց ԱՄՆ-ի հավաքականին: Բրոնզե մեդալները նվաճեցին Չինաստանի ներկայացուցիչները: Սեդա Թութխալյանը ծնվել է Գյումրիում, սամբոյի աշխարհի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: 1999 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա:

Դոլարի, եվրոյի եւ ֆունտի փոխարժեքներն աճել են։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 476, եվրոյինը՝ 532, ֆունտինը՝ 621, ռուբլունը՝ 7.35 դրամ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +20+22, իսկ վաղը ցերեկը՝ +36+37 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ