News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատություն եւ ենթադրում է կրոնական կազմակերպությունների եւ պետության տարանջատում, բայց միեւնույն ժամանակ ընդունում է Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի եւ ազգային ինքնության պաշտպան։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի՝ կրոնական ազատության մասին 2015 թվականի ամենամյա զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ դեկտեմբերի 6-ին հանրաքվեում ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնք անդրադառնում են նաեւ կրոնական ազատությանը, ուժի մեջ են մտել դեկտեմբերի 22-ին։ Փոփոխված տարբերակում ներկայացված են զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար գործող այլընտրանքային ծառայության տարբերակները եւ ընդլայնվել է հանգամանքների շրջանակը, որոնց դեպքում պետությունը կարող է սահմանափակումներ մտցնել կրոնի ազատության հարցում՝ հանուն պետական անվտանգության ապահովման։

Պետդեպի զեկույցի համաձայն՝ Հայաստանում կրոնական փոքրամասնությունները դեռ դժվարությունների են բախվում կրոնական ծիսակարգերի համար շինարարության թույլտվություն ստանալու հարցում, ինչպես նաեւ պետական սեկտորում աշխատանքի տեղավորվելու հարցում։

Էթնիկ փոքրամասնությունների հետ կապված կրոնական փոքրամասնությունների խմբերի ներկայացուցիչները, ի տարբերություն նրանց, որոնք կապված են էթնիկ հայերի հետ, հայտնում են, որ կառավարության հետ ավելի լավ հարաբերություններ ունեն։  Կառավարությունն աջակցում է հասարակական կյանքում Հայ առաքելական եկեղեցու դերի մեծացմանը, ինչպես նաեւ հովանավորում է Հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնեության պատմության դասավանդումը պետական դպրոցներում։

Եհովայի վկաները հայտնել են, որ ենթարկվել են ֆիզիկական ճնշումների եւ բախվել են վիրավորական արտահայտությունների՝ միաժամանակ նշելով, որ ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, օպերատիվ է արձագանքել նման միջադեպերը կանխելու համար։ Տարվա ընթացքում լրատվամիջոցները շարունակել են բացասաբար արտահայտվել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, հաճախ նրանց դիմելիս օգտագործել են ստորացուցիչ ձեւակերպումներ, սակայն զեկույցում նշվում է, որ լրատվամիջոցներն, ընդհանուր առմամբ, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պակաս քննադատական վերաբերմունք են ունեցել, քան նախորդ տարիներին։

Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ դեսպանը եւ դեսպանատան ներկայացուցիչները հրապարակավ եւ պաշտոնական բոլոր հանդիպումների ժամանակ կրոնական հանդուրժողականության կոչ են արել՝ ընդգծելով, որ բոլոր մարդիկ պետք է իրենց հավատն անարգել դավանելու հնարավորություն ունենան, եւ պետությունը չպետք է կրոնական փոքրամասնությունների անդամներին դիտարկի որպես սպառնալիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ