Անցած տարվա հոկտեմբերին վրաերթի հետեւանքով մահացած Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին եւ նրա կնոջը վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդ Գեւորգ Գեւորգյանին այսօր` օգոստոսի 12-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 4 տարվա ազատազրկման եւ 2 տարով զրկեց վարորդական իրավունքից:

Դատարանի որոշմամբ, տուժող Գայանե Մադաթյանի բուժման ծախսերը հոգալու համար ամբաստանյալ Գեւորգ Գեւորգյանից գանձվեց 107 հազար դրամ, դատարանը նաեւ բավարարեց  վրաերթի հետեւանքով մահացած Մհեր Մկրտումյանի իրավահաջորդի` Միշա Մկրտումյանի քաղհայցը եւ ամբաստանյալից բռնագանձեց 1 միլիոն 500 հազար դրամ, դատական ծախսերն հոգալու համար դատարանը ամբաստանյալից բռնագանձեց նաեւ 210 հազար դրամ գումար:

Հիշեցնենք, որ դատախազն իր ճառում պահանջել էր 3,5 տարվա ազատազրկման դատապարտել ամբաստանյալին:

Նշենք, որ ամուսինները վրաերթի էին ենթարկվել 2015թ. հոկտեմբերի 25-ին: Նրանք գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ էին ստացել: Հիվանդանոցում օրեր անց Մհեր Մկտրումյանը մահացել էր, կինը մոտ մեկ ամիս անց ապաքինվել, դուրս էր գրվել հիվանդանոցից:

Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Ըստ մեղադրանքի նա թույլ է տվել խախտում, հանդիպակաց ուղեմասով ընթացող ավտոմեքենաների լույսերից շլացած վիճակում շարունակել է երթեւեկությունը, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում չի նկատել Վարդանանց փողոցի 69/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածով` իր երթեւեկության նկատմամբ աջից դեպի ձախ փողոցը հատող հետիոտններ Մհեր Մկրտումյանին եւ Գայանե Մադաթյանին, վրաերթի է ենթարկել նրանց:

Գեւորգ Գեւորգյանը պնդում է, որ ինքը հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը, քանի որ հանդիպակաց մեքենայի լույսերը շլացրել են աչքերը եւ տեսանելիությունը վատ է եղել: