News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քննությունն իրականացվել է կոպիտ խախտումներով. ՀՀ քննչական մարմինը հնարավորություն չի ունեցել լիարժեք իրականացնել քննությունը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան, Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ լիարժեք քննությանը խոչընդոտվել է նաեւ ՌԴ քննչական մարմնի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործի հարուցմամբ:

«Հայ-ռուսական պայմանագրի դրույթներով, եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողը հանցագործություն է կատարում Հայաստանի տարածքում, ապա այդ հարցով քրեական գործ պետք է հարուցի Հայաստանի քննչական մարմինը: Այսինքն ՌԴ-ի կողմից քրգործի հարուցումը խոչընդոտող գործոն է, որովհետեւ ռուսական քննչական մարմնի կողմից իրականացված քննչական գործողություններում Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների իրավահաջորդները ներգրավված չեն եղել դրանցում եւ չեն կարողացել իրենց շահերը պատշաճ ներկայացնել»,-ասաց նա:

Սաքունցի խոսքով, ամբողջ քրեական գործի մի մասը տեղափոխվել է ՀՀ քննչական մարմնին, մինչդեռ չկա որեւէ ընթացակարգ ու նորմ ՀՀ-ում, որ նույն փաստի առնչությամբ երկու երկրների հարուցած քրեական գործերը կարող են միացվել. «Այդ տեսակետից խիստ կասկածելի է դառնում ամբողջ ապացուցողական բազան»:

Իրավապաշտպանը նաեւ նշեց, որ այդպես էլ հայտնի չի դարձել, թե Պերմյակովն ինչպես է հայտնվել Ավետիսյանների տանը, նաեւ հայտնի չի, թե ինչպես է նա Ավետիսյանների տնից հայտնվել Բայանդուրի սահմանային կետի մոտ, պոմպակայանի շենքում, որտեղ մնացել է 12-20 ժամ:

«Պերմյակովի համազգեստի հետ կապված եւս պարզաբանում չի տրվել, թե ինչու են նրա կոշիկները եղել խորդանոցում, այն դեպքում, երբ ինքը զգեստափոխվել է Ավետիսյանների տանը: Սատանան մանրուքների մեջ է թաքնված: Ես կարծում եմ, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը որպես հանցագործություն ամբողջովին բացահայտված չէ: Ռուսական բազայի հրամանատարության պատասխանատվության հարցին ընդհանրապես չանդրադարձան, որովհետեւ դատարանը ջանքեր չգործադրեց գործով անցնող կարեւոր վկաներին դատարան բերման ենթարկելու, նաեւ ռուսական ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քննչական գործողություններ չկատարվեցին, թեեւ մենք նման միջնորդություն ներկայացրել էինք: Քննության առարկա չդարձավ նաեւ զորամասը լքելուց հետո չորս ժամ ՀՀ ոստիկանությանը այդ մասին չհայտնելու հարցը: Ավելին, Պերմյակովին հայտնաբերելուց հետո ՀՀ իրավապահները բավարար ջանք չգործադրեցին նրան վերադարձնելու հարցում»:

Սաքունցը հայտարարեց, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործը չի բացահայտված եւ վտանգը, որ ռուսական ռազմակայանից կարող են նման ոտնձգություններ լինել ՀՀ քաղաքացիների կյանքին առողջությանը, անվտանգությանը, շարունակում են մնալ: «Ես անձամբ հիմնավոր չեմ համարում այն շարժառիթը, որը ձեւակերպվել է նախաքննության մարմնի կողմից եւ պատշաճ քննության առարկա չդարձավ, որովհետեւ Պերմյակովը հրաժարվեց պատասխանել բազմաթիվ հարցերի, որ Պերմյակովը 6000 դրամի համար մտել է տուն, Թուրքիայով Ռուսաստան գնալու համար: Սա հիմնավոր շարժառիթ չէ: 6 հազար դրամով Թուրքիայում անելիք չկա»,-իր խոսքն ամփոփեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը, վերջինս դատապարտվել է ցմահ ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ