News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25–րդ տարեդարձին ընդառաջ  NEWS.am–ը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ զրուցել է 25 տարվա ձեռքբերումների եւ բացթողումների մասին։

Պարոն Հարությունյան, ի՞նչ դասեր քաղեցինք ապրիլյան քառօրյա պատերազմից, ի՞նչ է արվել մինչեւ հիմա հայտնաբերված խնդիրները վերացնելու ուղղությամբ, որպեսզի եթե ապագայում նորից նման հարձակում լինի, կարողանաք խուսափել կորուստներից:

Գիտեք, հաճախակի հնչում է միտքը՝ սպասում էինք, թե ոչ, անակնկալ էր մեզ համար, թե ոչ, հետախուզությունը տեղեկություն տվել էր, թե ոչ: Մենք պետք է առաջին հերթին հակառակորդի վարքագծին ուշադրություն դարձնենք, եւ այն ժամանակ էլ մինչեւ ապրիլը, պարզ կլիներ, որ ակտիվություն սպասվում էր մարտական գործողությունների առումով: Վերջերս արդեն ասում ենք ոչ թե ապրիլյան պատերազմ, այլ սրացում, որովհետեւ եթե նայենք 2014թ. օգոստոսյան դեպքերը, 2015թ. ամբողջ տարին, 2016թ. առաջին եռամսյակը, կտեսնենք, որ ակտիվ գործողություններ էին ընթանում ընդհուպ մինչեւ տեղային մարտական գործողություններ դիվերսիոն գործողությունների անվան տակ, կամ այդ սցենարով: Դրա համար մենք պետք է հասկանանք, որ այսօր եթե խաղաղություն է, դա կարող է լինել ժամանակավոր, հրաձգությունները պասիվ են, քիչ են, դա չի նշանակում, որ միշտ այդպես է լինելու: Դրա համար մենք պետք է դասեր քաղենք, որ այո, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պաշտպանելու մեր հայրենիքը, բանակը միշտ պետք է զգոն լինի, միշտ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք պաշտպանության բանակի մարտունակության աստիճանին: Դա հաջողվում է մեզ այսօր, եթե ինչ-որ թերացումներ նկատել եք ապրիլյան դեպքերին՝ բանակի, տնտեսության, մոբիլիզացիայի առումով, փորձում ենք փուլ առ փուլ խնդիրներին լուծում տալ:

Հնարավո՞ր է, որ ապրիլյան դեպքերից հետո բյուջեի կառուցվածքային փոփոխություններ լինեն, մեծանան պաշտպանական ծախսերը։

Բյուջեի փոփոխություն լինելու է, որովհետեւ դեպքերը ազդել են ընդհանուր տնտեսության վրա: Իհարկե, տնտեսական աճ մենք արձանագրելու ենք բավական մեծ, բայց նաեւ ստիպված ենք գնալու հարկային արտոնությունների, եւ այսօր նախատեսվում է դա կատարել: Նաեւ որոշ ուղղություններով մենք արձանագրեցինք ընդհանուր մուտքերի անկում, արդեն տուրիստների հոսքի անկում ենք զգում ոչ միայն օտարերկրացիների, այլեւ մեր հայրենակիցների, որոնք ապրում են Հայաստանում, Ռուսաստանում, որոնք նախկինում ամառվա սեզոնին միշտ այցելում էին Արցախ, երեխաներին էին ուղարկում, երկար ժամանակ մնում էին: Մենք զգում ենք տարբերությունը, խնդիրները: Ինչ վերաբերում է բանակի ծախսերը մեծացնելուն, կառավարությունը մեր հայրենակիցներին կոչ է արել բանակի մարտունակության, պաշտպանության համար փոխանցումներ կատարել, ու  այսօր այդ գումարներն ամբողջությամբ ուղղվում են բանակին, մենք նախատեսում ենք նաեւ բյուջետային ու արտաբյուջետային անհրաժեշտ միջոցներ առաջնագիծը կարգավորելու կամ խնդիրները վերացնելու ուղղությամբ:

Ապրիլյան պատերազմից հետո բազմաթիվ մարդիկ ընտանիքներով տեղափոխվեցին Հայաստան եւ Հայաստանից դուրս: Կա՞ վիճակագրություն՝ որ մասն է վերադարձել եւ, ընդհանրապես, ի՞նչ է արվում այդ մարդկանց վերադարձնելու, տեղավորելու եւ վերաբնակեցնելու ուղղությամբ:

Հայաստան եւ դուրս հիմնականում տեղափոխվել են թալիշցիները: Մատաղիսցիները շատ ավելի կարճ ժամանակով եւ հիմնականում Ղարաբաղի տարբեր բնակավայրեր, իսկ թալիշցիների մի մասը Հայաստանի Հանրապետություն, շատ քիչ քանակությամբ Ռուսաստան, իսկ հիմնական մասը գտնվում է Ղարաբաղում: Թալիշում 500-ից մի քիչ ավելի մարդ էր ապրում, նրանց մեծ մասն այսօր Արցախում է: Իսկ մնացած մասերից հատուկենտ մարդիկ են տեղափոխվել, ինչը բնականոն երեւույթ։ Ընդհանուր առմամբ, արտահոսքի մեծ ակտիվություն չենք նկատել, հակառակը՝ շարունակում ենք վերաբնակեցման մեր քաղաքականությունը:

Այնուամենայնիվ, այսքան տարի անց տարածքների վերաբնակեցման հարցը վերջնականապես չի լուծվում: Ի՞նչ խոչընդոտներ կան:

Հիմնական խոչընդոտը ֆինանսական հնարավորություններն են, բազմաթիվ անգամ նշել ենք, որ վերաբնակեցում ազատագրված տարածքներում հնարավոր չէ իրականացնել Արցախի պետական բյուջեի շրջանակներում, որովհետեւ այդ բյուջեն սահմանափակ է, դրա գումարները պետք են այսօրվա մեր գործող բնակավայրերը ապահովեն անհրաժեշտ ենթակառուցվածներով՝ դպրոց, մանկապարտեզ, սոցիալ –տնտեսական բազմաթիվ խնդիրներ լուծեն: Քաշաթաղի շրջանում որոշակի հաջողություններ ունենք, Շահումյանի շրջանի զարգացման տեմպերը արդեն երեւում են, բայց մնացած տարածքներում ունենք խնդիր, դա ֆինանսական խնդիրն է: Վերաբնակեցումը համահայկական խնդիր է, դա միայն Արցախի խնդիրը չի: Այստեղ պետք է միավորվենք ու փորձենք լուծել խնդիրը: Եթե փորձում են այդ ծանր խնդիրը թողնել միայն Արցախի պետբյուջեի վրա, անհնար է լինելու  ակտիվացնել, ընդամենը այս տեմպերը կարող ենք պահպանել:

Քննարկե՞լ եք տարբերակներ մարդկանց հարկային արտոնություններ տալու, հարկերից ազատելու:

Հարկային արտոնությունններ կան բազմաթիվ, արտոնյալ ծրագրեր կան, խնդիրը դրա մեջ չէ, խնդիրը նրանում է, որ մեր հայությունը պատրաստ չէ գումարներ ուղղել հենց առաջին հերթին վերաբնակեցմանը: Իհարկե, կարող են մեկնաբանություններ լինել՝ գալիս ենք, փողերը տալիս ենք, ի՞նչ են անում: Ես ուզում եմ հավաստիացնել, որ ամեն մի լումա, որ մտնում է Արցախ, ուղղվում է սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ վերաբնակեցմանը: Ունենք կոնկրետ նպատակային առաջարկություններ, եթե մարդիկ պատրաստ են ինքնուրույն կազմակերպելու՝ շրջանցելով Կառավարությունը, մենք նաեւ այդպիսի հնարավորություն ենք տալիս, որ խոսակցությունը քիչ լինի: Այսօր ամբողջ ազգը բաժանվել է երկու խմբի: Մի մեծ  մասը միայն բամբասանքներով է առաջնորդվում եւ հիմքում դնում, թե փողերը միայն փոշիանում են, շատ քիչ մասը գլուխները կախած այսօր աշխատում են: Ուզում եմ, որ մեր քանակը շատանա: Տարբեր օրինակներ ունենք. եկել են, կառուցել են գյուղ, վերաբնակեցում են իրականացրել, տարբեր սոցիալական ծրագրեր: Տարբեր հիմնադրամներ են նման աշխատանքներ իրականացնում: Բայց եղածը բավարար չէ, պետք է այս ուղղությամբ աշխատանքներ անել:

Զբոսաշրջության ոլորտի ներուժն ամբողջությամբ չի իրացվում: Թվում է՝ կան բոլոր նախադրյալները, որ Արցախը դառնա զբոսաշրջային գրավիչ ուղղություն, բայց, այնուամենայնիվ, այն չի դառնում: Ի՞նչ խնդիրներ կան:

Երբ մենք խոսում ենք զբոսաշրջության մասին, պատկերացնում ենք Սփյուռքը, Հայաստանը, հայությունը, որ պետք է այցելեն Արցախ: Առաջին հիմնական ուղղությունը դա ենք տեսնում: Իհարկե, օտարերկրացին երբ որ լրատվությունից լսում է պատերազմ, նրա համար դժվար է այցելել Արցախ, բայց երբ հայրենակիցներն են խուսափում ... Այսօր արձակուրդային բավական ակտիվ սեզոն է, կարող եք հետաքրքրվել հնարավորություն ունեցող մարդկանցից, թե քանի հոգի են ընտանիքով եղել Արցախում: Կոչ ենք արել, դիմել ենք, ստեղծել ենք հնարավորություն: Գոնե 3-4 օրով ընտանիքով լինեն, ծանոթանան Արցախին, պատմությանը: Այնքան հարուստ է Արցախի բնությունը, մշակույթը, պատմական արժեքները, որ ծնվելով այստեղ, ապրելով այստեղ, միշտ լինում եմ Արցախի տարբեր բնակավայրերում եւ ամեն անգամ ինձ համար հետաքրքիր բան եմ գտնում: Էլ չեմ խոսում Սփյուռքի մասին: Իհարկե, այդ մարդկանց համար ծովափն է նախընտրելի,  բայց համոզված եմ, որ Արցախում ոչ պակաս բավարարվածություն կարող են ստանալ, քան օտար ափերում: Սա էլ հոգեբանության, մոդայի խնդիր է, որ իրար հարցնեն՝ արձակուրդիդ որտե՞ղ ես եղել, աշխարհահռչակ ու մոդայիկ քաղաքների անուններ տան: Այս կարծրատիպից պետք է փորձենք ձերբազատվել:

Անկախության  25 տարին է նշվում մի քանի օրից: Ի՞նչ է արվել, արդյոք կարծում եք՝ Արցախն այնքան է զարգացել տնտեսապես, ինչքան ներո՞ւժ որ ուներ, ներքին ռեսուրսները լիարժե՞ք են օգտագործվել:

Ոչ թե ամբողջությամբ ենք օգտագործել, օգտագործել ենք չնչին մասը մեր ներուժի: Մենք ունենք տնտեսական աճ, բայց արդյոք բավարարվա՞ծ ենք, իհարկե՝ ոչ: 11.4 հազար քմ-ում ապրում է ընդամենը 150 հազար մարդ: Տասնյակ հազար քմ չմշակված հողեր, չօգտագործվող պոտենցիալ էներգետիկա եւ հանքարդյունաբերություն, վերամշակում, թույլ զարգացած տեղեկատվական  տեխնոլոգիաների ուղղություն, ինչպե՞ս կարող ենք համարել բավարար, մեծ աշխատանք պետք է իրականացնենք: Այո, մեզ հաջողվել է տնտեսական աճ ապահովել հետպատերազմյան գրեթե բոլոր տարիներին, վերջին տարիներին՝ շատ ավելի բարձր: Հաջողություններ ունենք էներգետիկայի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ուղղություններում: Բայց ներուժի չնչին մասն ենք օգտագործում, որը էլի խնդիր է, որովհետեւ բացակայում են ներդրողները։ Մեր հայրենակիցները խուսափում են ներդրումներ իրականացնել տարբեր պատճառներով՝ պատերազմի հավանականությունն է, ինչ-որ տեղ տնտեսական խնդիրներ են տեսնում, դրա համար մենք պետք է փորձենք ավելի մեծ ներդրումային ծավալներ ապահովել, ինչը բերելու է առաջին հերթին ժողովրդագրական աճի, որովհետեւ տնտեսությունը ժողովրդագրություն է: Երկրորդը՝ սոցիալական խնդիրների լուծման ու երկրի զարգացման:

Եթե խոսում ենք վերաբնակեցումից, պետք է կարողանանք պայմաններ առաջարկել մարդկանց, որ ցանկանան գալ: Ի՞նչ քայլեր է անում կառավարությունը գործազրկությունը վերացնելու, աշխատանքի շուկան կարգավորելու համար:

Տնտեսական զարգացումը հենց աշխատատեղերի ստեղծումն է, մանավանդ այն ուղղությունները, որոնց մասին նշեցինք՝ գյուղատնետսություն, վերամշակում, հանքարդյունաբերություն, էներգետիկա, սրանք աշխատատեղեր են: Ամենամեծը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսությունում աշխատուժի լուրջ կարիք ունենք: Վերամշակման ուղղությունում եւս կան խնդիրներ։ Այո, կա գործազուրկների մի բանակ, որոնց համար նախընտրելի է ավելի թեթեւ, մոդայիկ, օֆիսային աշխատանքը: Ստացել են բարձրագույն կրթություն, ձեռք են բերել դիպլոմ, համարում են, որ միայն դա է: Այս խնդիրը առկա է ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլեւ ամբողջ աշխարհում: Կան մարդիկ, որոնք ապրել են Խորհրդային Միության տարիներին, երբ կային աշխատատեղեր եւ բավարարում էր, այսօր եղած աշխատանքը նրանց չի գոհացնում, չի բավարարում: Այսինքն մենք պետք է այստեղ աշխատանք կատարենք: Այն, որ Արցախում ցանկացած մարդու համար կա աշխատանք, կարող են միանշանակ հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ