News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԼՂՀ Հադրութի շրջանի Արեւաշատ գյուղ մեքենայով հասնելն արդեն իսկ լուրջ փորձություն է. ճանապարհը հողե ու դարուփոս է, կարելի է ասել, ուղղակի չկա այն: Իսկ այնտեղ ապրելը ժամանակակից չափանիշներով պարզապես հերոսություն է: Եւ այդ պայմաններում ապրում են նրանք, ովքեր ապահովում են մեր անվտանգությունը` այստեղ բնակվում են զինծառայողներ` իրենց ընտանիքների հետ: Ամուսինները հերոսաբար կանգնում են դիրքերում, կանայք ոչ պակաս հերոսաբար պահպանում են օջախը անհավատալի պայմաններում: Իմ գուցե ոչ այնքան տեղին հարցին, թե դու ինչպե՞ս ես նման պայմաններում երեք երեխա ունեցել, 25-ամա Աստղիկը` զոհված ավագ սերժանտ Ղարիբ (Գարիկ) Սահակյանի կինը, պատասխանում է. «Ամուսինս կողքիս էր, միասին ամեն ինչ տանելի էր»: Ղարիբն այլեւս չկա. իսկ պայմաններ գյուղում չեն եղել ու չկան:

Պայմանագրային զինծառայող Ղարիբ Սահակյանը եւ նրա կինը` Աստղիկ Պողոսյանը, Արեւաշատ գյուղում հաստատվել էին 2009 թվականին, երբ ամուսնուն գործուղել էին ներկայիս դիրքեր: Իբրեւ խրախուսանք` տվել էին մի քիչ շինանյութ: Ուրիշ ոչինչ: Այժմ, երբ Ղարիբը զոհված է, չկա մեկը, որ տունը կառուցի: Քարերն այդպես էլ թափված մնացել են բակում: Այս ու այն կողմ կախ են ընկած ջրի պլաստիկ խողովակներ, իսկ ծորակը դեռեւս գտնվում է բակում, զուգարանը` նույնպես: Այդ պայմաններում մեծանում են երեք տղաներ` յոթնամյա Անգելը, չորսամյա Ալեքսը եւ մեկամյա Ալենը:

Աստղիկ Պողոսյանը պատմում է, որ ամուսինը ծառայության է գնացել մարտի 31-ին եւ այդ օրից տուն չի եկել: Ղարիբը հաճախ զանգել է կնոջը եւ խաղաղեցրել նրան: Վերջին անգամ կինը նրա հետ խոսել է ապրիլի 4-ի առավոտյան: Աստղիկին նախ լուր է հասել ամուսնու ընկերոջ վիրավորվելու մասին, եւ նա հասկացել է, որ ինչ-որ բան պատահել է Ղարիբին, քանի որ նրանք մի տեղում են եղել: Ապա նրա տուն էին եկել գյուղի կանայք…

Տեսախցիկից հեռու զրույցի ժամանակ Աստղիկը պատմեց, որ Արեւաշատում ապրելը շատ թանկ է: Մթերք բերվում է Հադրութից եւ վաճառվում եռակի թանկ: Մի տուփ ծամոնն արժի 300 դրամ:

Աստղիկը ծնունդով Գորիսից է, եւ մտածում է, որ եթե իրեն բնակարան հատկացնեն Գորիսում, ինքը կկարողանար սովորել ինչ-որ մասնագիտություն եւ աշխատել, որպեսզի ապահովեր իր երեխաներին: Ծնողներն էլ կօգնեին իրեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Նվեր Սիմոնյանը, Ղարիբ Սահակյանը եւ Ազնավուր Բալայանը ապրիլի 4-ին հակառակորդին ետ մղելիս զոհվել են` պաշտպանելով կարեւոր հենակետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ