News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Հայ ֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Գագիկ Շմավոնյանը գրաֆինի եւ երկչափ այլ ատոմային նյութերի ստացման նոր տեխնոլոգիա է մշակել եւ պատենտավորել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գիտնականը հայտարարեց, որ նոր մեթոդը, ի տարբերություն գոյություն ունեցողների, շատ ավելի էժան ու արագ է, պրակտիկորեն չի պահանջում ո՛չ ռեագենտներ, ո՛չ տաքացում, ո՛չ բարդ նանոտեխնոլոգիական սարքավորումներ: Հետեւաբար՝ այն ոչ միայն տնտեսող է, այլեւ էկոլոգիապես մաքուր:

Հայաստանի Պետական պոլիտեխնիկական համալսարանի Նանոտեխնոլոգիաների ուսումնասիրության խմբի ղեկավար Շմավոնյանը մի քանի տարի առաջ եղել է Ռուսաստանից Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Անդրեյ Գեյմի եւ Կոնստանտին Նովոսյոլովի լաբորատորիայում, որոնք ճանաչում են ձեռք բերել գրաֆինի հայտնագործման եւ ուսումնասիրության շնորհիվ: Գրաֆենն ամենաբարակ եւ մեխանիկորեն ամուր նյութն է (1 ատոմի հաստությամբ ածխածնի բյուրեղյա ցանց), որն ամենամեծ էլեկտրահաղորդակցությունն ու ջերմահաղորդակցությունն ունի:

Գեյմի եւ Նովոսյոլովի հետազոտական խումբը շարունակում է ուսումնասիրել նոր նյութի հատկությունները, իսկ որոշ նորույթներ նրանք պատրաստ են կիսել նաեւ գործընկերների հետ: «Նրանք ինձ ինչ-որ բան ցույց տվեցին նրանից, ինչից ստացել են գրաֆինն ու ինչ հատկություններ են նրա մոտ հայտնաբերել: Դրանից հետո ես աշխատանքն արդեն ինքնուրույն շարունակեցի՝ նանոտեխնոլոգիական գիտափորձեր կատարելով Գերմանիայում, Իռլանդիայում եւ Իսպանիայում»,- պարզաբանեց Շմավոնյանը:

Մեկ ամիս առաջ նոր նանոտեխնոլոգիան, որի ուղղությամբ նա աշխատում էր 3 տարի շարունակ, պատենտավորվել է Իսպանիայում (Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան), այնուհետեւ ինտերնացիոնալացվել է 200 երկրներում: Հիմա արդեն գիտնականը պատրաստվում է այդ թեմայով հրապարակումներ ներկայացնել միջազգային գիտական պարբերականներին եւ հանդես գալ նանոտեխնոլոգիաների հարցերով համաժողովներին:

2015 թվականի նոյեմբերի վերջին Գագիկ Շմավոնյանն ու նրա թիմը «CleanTech Oscar» պարգեւ եւ Սիլիկոնյան հովտի մրցանակ են ստացել:

«Ամբողջ աշխարհում հետազոտողներն այս նյութի նորանոր հատկություններ են բացահայտում՝ էլեկտրոնիկայում նանոսարքավորումներից մինչեւ արհեստական հյուսվածքների սինթեզը բժշկության մեջ: Այդ պատճառով աշխարհում ավելի ու ավելի հաճախ են փորձում գրաֆինի արդյունաբերական արտադրություն հիմնել: Իսկ դրա համար, բնականաբար, պակաս ծախսատար եւ էկոլոգիապես մաքուր միջոցներ են որոնում:

Մեր երկիրն առաջին շարքերում լինելու հնարավորություն ունի: Սակայն ամբողջ աշխարհում հազարավոր հետազոտական խմբեր են աշխատում: Այսօր, վաղը, մեկ ամիս անց ինչ-որ մեկը, անկախ ինձանից եւ մնացյալից, կարող է իր մեթոդը գտնել եւ առաջ անցնել մեզնից: Այդ պատճառով հարկավոր է ներդրողների ներգրավել»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news