News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ։

Պարոն Բաղդասարյան, Արցախում մտավախություններ կան, որ սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն ապահովել իշխանությունների վերարտադրությունը: Ի՞նչ հիմքեր եք տեսնում նման մտայնությունների համար:

Առիթ ունեցել եմ ասելու, որ սահմանդրական փոփոխություններն Արցախում բացարձակապես ոչ մի կապ չունեն երկրի առաջ ծառացած մարտահրավերների ու ժողովրդի դարդուցավի հետ և պետական կամ հանրային օրակարգ չեն։ Ցավոք սրտի, թե ՀՀ-ում և թե ԼՂՀ-ում իշխանությունը դարձել է պետություն պետության մեջ՝ իր առանձին մարտահրավերներով ու հնարավորություններով։ Եւ ահա սահմանադրական փոփոխությունները հենց այս պետության մեջ գտնվող պետության, իմա՝ զուգահեռ պետության, այն է՝ իշխանության (կամ դրա առանձին ֆրագմենտների) օրակարգն է։ Բանն այն է, որ իշխանական ներկայիս համակարգն Արցախում կարող է վերարտադրվել նաև սովորական ընթացակարգով, և դրան խանգարող լուրջ գործոն չկա։ 2007-ից ի վեր Արցախում միաբևեռ հասարակություն է. ներկայիս միակ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը բավարար ռեսուրսներ չունի մրցակցելու իշխանությունների հետ։ Սա նշանակում է, որ ոչ թե ամբողջությամբ վերցրած արցախյան իշխանության վերարտադրության խնդիր կա, այլ իշխանական կոնկրետ շրջանակի-խմբի վերարտադրման նպատակ։

Իրավիճակն ուշագրավ է նրանով, որ արցախյան իշխանությունը ներքին մարտահրավերներ ու սպառնալիքներ կարծես թե չունի։ Ներքին ասելով նկատի ունեմ արցախյան հանրային կամ ներքաղաքական մարտահրավերները։ Սակայն չի բացառվում, որ կան ընդհանուր ներիշխանական մարտահրավերներ։ Ներիշխանական ասելով էլ նկատի ունեմ ոչ միայն արցախյան քաղաքական իստեբլիշմենտը, այլև այն մեկ ընդհանուր քաղաքական թիմը կամ համակարգը, որ առկա է ԼՂՀ-ՀՀ-ում։ Այո, սա մի ամբողջական, բայց բազմաշերտ քաղաքական թիմ է։ Չեմ բացառում, որ հենց այս միասնական քաղաքական թիմի-համակարգի ներսում կարող են լինել մարտահրավերներ իշխանության այս կամ այն թևի, այս կամ այն ճյուղի, այս կամ այն դրվագի համար։

Արցախյան քաղաքական իստեբլիշմենտն այս առումով բավարար ինքնուրույնություն չունի, ինչն անմիջականորեն անդրադառնում է երկրի ինքնիշխանության ռեսուրսների վրա։ Կարծում եմ, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Արցախում իշխանությունը ձևավորվում է պաշտոնական Երևանի անմիջական մասնակցությամբ, ինչն էլ անդրադառնում է պաշտոնական Ստեփանակերտի ինքնուրույնության պաշարների վրա։

Եթե արցախյան քաղաքական իստեբլիշմենտը բավարար ինքնուրույնություն ունենար, ապա միգուցե դեպքերն այլ տրամաբանությամբ զարգանային, ավելին՝ միգուցե Արցախում այսօր առկա թերություններն ու բացթողումները քանակապես ու որակապես նվազ լինեին։

Իսկ ինքնուրույն քաղաքականություն կարող է ունենալ արցախյան այն իշխանությունը, քաղաքական այն թիմը, որը կձևավորվի գերազանցապես տեղական քաղաքական ռեսուրսով։ Հակված եմ կարծելու, որ հենց այս ներքին մարտահրավերներն են ընկած վերջին զարգացումների հիմքում։ Մրցակցային բավարար ռեսուրսներով ընդդիմություն չունեցող, ավելի ճիշտ՝ նման ընդդիմություն բոլոր միջոցներով բացառած արցախյան իշխանությունը որոշ հարցերում կարծես թե ինքն է ստիպված լինում ոչ հրապարակային ընդդիմադիր կեցվածք ընդունել հայկական միասնական-ընդհանուր այս թիմում։ Համենայն դեպս, ես հենց այդպիսի տպավորություն եմ ստանում որոշ հարցերում պաշտոնական Ստեփանակերտի պահվածքից։

Կարծում եք՝ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելու համար իշխանությունները ճի՞շտ ժամանակ են ընտրել, եւ ինչո՞վ է կառավարման նախագահական համակարգը նպաստելու Արցախի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

Ժամանակն ընտրվել է, եթե կարելի է այսպես ասել, ինքնըստինքյան՝ պայմանավորված արցախյան և հայաստանյան քաղաքական ժամանակացույցով և գալիք ընտրական գործընթացներով։ 2017-ը վճռորոշ է լինելու իշխանությունների համար։ Դրա համար էլ նախապատրաստական աշխատանքները սկսվել են վաղօրոք։

Իշխանությունները պնդում են, որ պատերազմի պայմաններում Արցախին ավելի շատ անհրաժեշտ է կենտրոնաձիգ իշխանություն: Դուք այդ տեսակետի հետ համաձա՞յն եք:

Կառավարման մոդելն այստեղ ոչ մի կապ չունի։ Առաջին հարցի պատասխանում ես նկարագրեցի այն մթնոլորտը, ավելի ճիշտ՝ այն միջավայրը, որում զարգանում են դեպքերը։ Խնդիրը միանգամայն այլ տեղ է։ Արցախի պարագայում խնդիրը ինքնուրույնության բավարար ռեսուրսի մեջ է։ Ինքըստինքյան ոչ մի մոդել չի ապահովելու այդ ինքնուրույնությունը։ Ընդհակառակը՝ ինքնուրույնությունն է ապահովելու այս կամ այն մոդելի կենսունակությունը։ Գտնում եմ, որ գերազանցապես տեղական քաղաքական ռեսուրսով ձևավորված ցանկացած մոդել կենսունակ է լինելու։ Պատերազմի պայմաններում Արցախին առավելս անհրաժեշտ է տեղում արագ ու ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ իշխանություն։

Առաջարկվող հայեցակարգով նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները Արցախում անցկացվելու են նույն օրը: 2017թ. լրանում է գործող նախագահի լիազորությունների ժամկետը, 2020թ.՝ խորհրդարանինը: 3 տարվա բացը կագավորող մեխանիզմ իշխանությունները դեռ չեն առաջարկել: Ի՞նչ է սպասվում, ի՞նչ լուծման ձեւեր եք տեսնում: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել այս հարցը ներքաղաքական դաշտում:

Իմ ասած հայկական միասնական-ընդհանուր թիմում ընտրվել է ամենահեշտ, բայց ամենավտանգավոր ճանապարհը՝ անցումային փուլը։ Սա լուրջ հարված է լինելու Արցախի քաղաքական իմիջին, լուրջ մարտահրավեր ու սպառնալիք։

Հրապարակավ արդեն իսկ երկու առաջարկ եմ արել Արցախի իշխանություններին։ Առաջին՝ հրաժարվել սահմանադրական փոփոխություններից և 2017-ին անցկացնել հերթական նախագահական ընտրությունները, պահպանելով իշխանության կազմավորման գոնե առերևույթ օրինականությունն ու ընկալելի տրամաբանությունը։

Եւ երկրորդ՝ փոխզիջումային տարբերակը։ 2017-ին լուծարել խորհրդարանը և միաժամանակ անցկացնել նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, այսինքն՝ այն, ինչ արցախյան իշխանությունն ուզում է անել 2020-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ