News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի Հայաստանի 317 համայնքներում տեղի ունեցան համայնքապետերի եւ ավագանու ընտրություններ։ Ամենաթեժը Էջմիածնում էր, որտեղ դեռ մի քանի օր առաջ քաղաքական պայքարը քրեական երանգներ էր ստացել։ Գործող քաղաքապետի մրցակիցը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։  Նա պնդում է, որ իրեն ծեծի են ենթարկել քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը, եւ նրա եղբայրը։ Կարեն Գրիգորյանի շրջապատը լուրեր է տարածել, թե բախումը հրահրել են մրցակիցները՝ կտրելով քաղաքապետի մեքենայի ճանապարհը եւ կրակելով նրանց ուղղությամբ, ինչից հետո Մանվել Գրիգորյանի որդիները իջել են մեքենայից ու զինաթափել Արթուր Թումանյանին եւ նրա ընկերոջը։ Հույս կա, որ նախաքննությունը կպարզի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մանրամասները։ Պատգամավոր Մանվել Գրիգորյանը նույնպես հորդորում է սպասել նախաքննության արդյունքներին։

Քվեարկության արդյունքում Կարեն Գրիգորյանը երրորդ անգամ զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը։ Հիվանդանոցում գտնվող նրա մրցակիցը հայտարարել է, որ քվեարկությունն անցել է վախի մթնոլորտում։

Քվեարկության մյուս թեժ կետը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում էր, որտեղ համայնքապետի պաշտոնում թեկնածությունն էր առաջադրել կալանավորված «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»։ Քվեարկության ընթացքում միջադեպ է գրանցվել։ Խանդոյանին սատարողները ընտրատեղամաս էին գնացել  նրա նկարով շապիկներով, մարզպետարանի ներկայացուցիչը պահանջել էր հանել շապիկները, ինչից հետո քաշքշուք էր եղել, այդ թվում՝ Խանդոյանի կնոջ մասնակցությամբ։ Անուշ Խանդոյանը ավելի ուշ NEWS.am–ին պատմել էր՝ ինչ է կատարվել։ Ծաղկահովիտի գյուղապետ է ընտրվել ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը։ Խանդոյանը քվեարկության արդյունքներով երրորդն էր։

Ընդհանուր առմամբ, հասարակական կազմակերպությունները ընտրախախտումների մասին ահազանգեր են եղել գրեթե բոլոր համայնքներում, այդ թվում՝ լցոնումներ, ընտրակաշառքներ, կրկնակի եւ ուրիշի փոխարեն քվեարկություններ։  Չնայած դրան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել քվեարկության արդյունքները բոլոր համայնքներում։

Ռուսաստանում կիրակի կայացած պետդումայի ընտրությունների արդյունքով՝ Վլադիմիր Պուտինի ղեկավարած «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունը ստացել է ձայների  54. տոկոսը, Կոմունիստները՝ 13 տոկոս, Ժիրինովսկու Լիբեր-դեմոկրատական կուսակցությունը՝ 13 տոկոս, «Սպրավեդլիվայա Ռոսիան»՝ 6 տոկոս: Նախնական արդյունքներով՝ «Եդինայա Ռոսիյան» Պետդումայում 343 մանդատով սահմանադրական մեծամասնություն է ստացել:

Ընտրություններում շոուն ապահովել է Ռամզան Կադիրովը։ Նա Չեչնիայի ղեկավարի քվեարկությանը եկել է մոր ուղեկցությամբ, որի հետ քվեարկելուց հետո լեզգինկա է պարել ընտրատեղամասի բակում։

Կադիրովը  մոտ 98 տոկոս ձայներով վերընտրվել է Չեչնիայի ղեկավարի պաշտոնում։ Ավելի ուշ Կադիրովը Գրոզնիում մասնակցել է Չեչեն կնոջ օրվան նվիրված հանդիսավոր ընդունելությանը, որտեղ ներկայացել է զրահով, սաղավարտով, թրով եւ նիզակով:

Դժբախտ դեպք է գրանցվել Վանաձորում։ Մի քանի օր առաջ 5–ամյա աղջիկը եռացրած ջրից այրվածքներ է ստացել։ Մայրը փորձել է նրան բուժել տնային պայմաններում եւ բժշկի չի դիմել։ Չորս օր անց փոքրիկը մահացել է։ Պարզվել է, որ բազմազավակ ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր, հակահիգիենիկ պայմաններում։ Տնակ այցելած՝ մարզպետարանի աշխատակիցները մյուս երեք մանկահասակ երեխաներին տեղափոխել են մանկատուն, նրանք նույնպես վերքեր եւ այրվածքներ ունեն, բարձր ջերմություն։ Պարզ չէ՝ ինչպես է ընտանիքը համապատասխան մարմինների ուշադրությունից դուրս մնացել։

Ողբերգական վթար է տեղի ունեցել Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին։ Կեսգիշերն անց «Opel Vectra» մակնիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի սյանը եւ շրջվել։ Երկու անձ տեղում մահացել է, երեքը՝ տեղափոխվել հիվանդանոց։ Տուժածները վերադառնում էին հարսանիքի խնջույքից։

Երեւանում սեպտեմբերի 18-ի երեկոյան սպանություն է տեղի ունեցել: Երեւանի «Արամյանց» հիվանդանոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Կոնդի Հարութ մականվամբ հայտնի Հարություն Գալստյանը կրծքավանդակի շրջանում կտրող-ծակող վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոցում մահացել: Հարուցվել է քրեական գործ։

Ռիո 2016–ի օլիմպիական խաղերից մեդալներով վերադարձած մարզիկներն ու նրանց մարզիչները նախօրեին պարգեւատրվել են Օպերային թատրոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։  Ոսկե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանին Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նվիրել է մեկ միլիոն դոլար արժողությամբ բնակարան։ Նույն նվերից ստացել է նաեւ մրցավարական անարդարության հետեւանքով ոսկուց զրկված Միհրան Հարությունյանը։

Ռիոյից արծաթե մեդալով վերադարձած Գոռ Մինասյանը, որի ընտանիքը մինչեւ հիմա բնակվում է Գյումրիի տնակներից մեկում, բացի 30 մլն դրամից ստացել է նաեւ չորս սենյականոց բնակարան Գյումրիում։ 30 մլն դրամ է ստացել նաեւ մյուս արծաթե մեդալակիրը՝ Սիմոն Մարտիրոսյանը։ Մարզիչները նույնպես ստացել են դրամական մրցանակներ։ Իր հերթին նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար։

Սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում կայացել է անկախության 25-ամյակին նվիրված տոնական զինվորական շքերթի գլխավոր փորձը:  Բացի ուժային կառույցների ստորաբաժանումներից զորահանդեսին մասնակցելու է նաեւ ռուսական 102-րդ ռազմաբազան։ Շքերթի փորձին մասնակցում էր նաեւ ռազմական ավիացիան։ NEWS.am–ը շքերթի գլխավոր փորձը նկարահանել է նաեւ դրոնով։

Եվրոյի, ռուբլու, ֆունտի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել: Դոլարի փոխարժեքը կազմել է 473, ռուբլունը՝ 7.31, եվրոյինը՝ 529, ֆունտինը՝ 625 դրամ: 

Սեպտեմբերի  20-21-ը Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում սեպտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ,   գիշերը կլինի +13+15, իսկ ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ