Հեռու չէ այն օրը, երբ մենք հայտնի «Սուրոգատներ» ֆիլմի հերոսների պես կապրենք միայն վիրտուալ աշխարհում եւ մեր իրական արտաքինի, տարիքի, տան ոճի ու շրջակա միջավայրի փոխարեն կնախընտրենք համակարգչային սիմուլյացիան: Անձամբ ինձ վախացնում է նման ապագան, սակայն պրոգրեսն անխուսափելի է- կանխատեսում է ARLOOPA ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը:

Այսպես կոչված «վիրտուալ կամ երեւակայական իրականությունը» կամ «VR-համակարգերը» թույլ են տալիս մարդուն հայտնվել իրականին նմանվող աշխարհում, որն ամբողջովին ստեղծված է ծրագրավորողների կողմից: Այս նոր տեխնոլոգիայի գլխավոր ձեռքբերումն այն է, որ  մարդը վիրտուալ տարածքում ոչ թե պարզ դիտորդ է, այլեւ ակտիվ գործող: Բայց ինչպե՞ս է արհեստակոնորեն սիմուլացված արտաքին միջավայրն ընկալվում մարդու կողմից եւ ի՞նչ հետեւանքներ է թողնում նրա հոգեբանության վրա:

Արման Աթոյանն առաջարկում է ինձ VR սաղավարտով տեղափոխվել վիրտուալ իրականություն եւ սեփական մաշկի վրա զգալ, թե որքանո՞վ է իրական համակարգչային սիմուլյացիայով կերտված աշխարհը:

Ես դնում եմ սաղավարտը, կարգավորում եմ տեսողությունը եւ … ահա կանգնած եմ երկնաքերի տանիքին եւ պետք է նեղ կամրջով քայլեմ դեպի հանդիպակաց երկնաքերի տանիք: Ասել, որ սարսափած եմ, երեւի բավարար չէ եւ կարծես կարեւոր էլ չէ այն փաստը, որ իրականում գտնվում եմ ընդարձակ սենյակում եւ պետք է հանգիստ առաջ քայլեմ: Ոչ, դա հաստատ ինձ համար չէ. տեսողական պատրանքն ավելի ուժեղ է գիտակցությունից: Ես խնդրում եմ հանել սաղավարտս: Հուսամ` մյուս անգամ գոնե կթռչեմ դեպի Մարս. դա անկասկած ավելի հաճելի կլինի:

Իմ VR փորձառությանը փոքր-ինչ դրական նոտա հաղորդելու համար` Արման Աթոյանը առաջարկում է Google Tilt Brush նոր սարքով 3D նկարներ ստեղծել: Այ սա իմ սրտով է: Չնայած նկարչական տաղանդի ակնհայտ բացակայությանը, այս զբաղմունքն ինձ հրաշալի զգացողություններ է պարգեւում: Հիմա ես արդեն գոհ եմ եւ մոռացել եմ ահռելի բարձրության, երկնաքերերի եւ խարխուլ կամրջի մասին:

Ներկայացնելով 2 տարվա ընթացքում ARLOOPA ընկերության իրականացրած պրոյեկտները եւ ոչ պակաս հավակնոտ ծրագրերը` Արման Աթոյանը հատուկ նշում է, որ չնայած այն բանին, որ լրացված իրականության տեխնոլոգիայով պրոյեկտները, հարստացնելով իրական միջավայրը անհրաժեշտ տարրերով, ժամանակակից մարքեթինգի հիմնական թրենդն են, ընկերությունը, որպես այս տեխնոլոգիայի գերակա ուղղություն, ընտրել է կրթական ոլորտը:

Ավստրիական AMLOGY ստարտափի հետ համատեղ ARLOOPA ընկերությունը մշակել է  3D անիմացիաներով եւ տեսանյութերով AR լուծում՝ ֆիզիկայի դասագրքերի համար: Սեպտեմբերից այն մտնելու է թեստավորման փուլ ավստրիական դպրոցներում:

Լրացված իրականության տեխնոլոգիաները թույլ կտան ֆիզիկայի դասերը դարձնել ինտերակտիվ եւ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնել բնական գիտությունների հանդեպ:  Արման Աթոյանի խոսքերով` վիրտուալ իրականության եւ լրացված իրականության՝ 2 շատ արագ զարգացող տեխնոլոգիաները կարող են զարգացման խթան հանդիսանալ տարբեր ինդուստրիաների համար ՝ խաղային բիզնեսից մինչեւ կրթական խոշոր ծրագրեր:

Շարունակելով զրույցը ARLOOPA ընկերության համահիմնադիրը հպարտությամբ նշում է Shoot Loop խաղի մասին,որն շուտով հասանելի կլինի՝ Oculus play store-ում: Ընկերությունը շուրջ 20 VR խաղի հեղինակ է արդեն, որոնցից մի քանիսը 100000-ից ավելի ներբեռնում ունեն, ինչը VR խաղերի համար բավականին լուրջ արդյունք է ՝ հաշվի առնելով, որ խաղը խաղալու համար անհրաժեշտ է VR սաղավարտ, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ գնել:

Գնահատելով VR տեխնոլոգիական լուծումների կարեւորությունը՝ չմոռացանք նաեւ  ARLOOPA-ի AR պրոյեկտների մասին, որոնք բազմազան են՝ մարքետինգային գործիքներից մինչեւ կրթական կարեւոր ծրագրեր:

Շատերին արդեն ծանոթ են նրանց պատրաստած վիրտուալ ավատարները, որոնք ներկայացվել են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, Վիլյամ Սարոյանի 108-ամյակին նվիրված միջոցառումներին եւ այլն:

Խոսելով իրագործվելիք ծրագրերի մասին՝ Արման Աթոյանը նշեց, որ  ARLOOPA-ի թիմը այժմ աշխատում է InteriAR հավելվածի վրա, որը AR տեխնոլոգիայով տան կահավորման լուծում է եւ շուկայում առկա նմանատիպ այլ ծրագրերից տարբերվելու է նրանով, որ չի ներկայացնելու մի որեւէ բրենդ, այլ հարթակ է ծառայելու ցանկացած ինտերիերային լուծում առաջարկող ընկերության համար, որը կցանկանա AR տեխնոլոգիական լուծումով իր կատալոգը ներառել հավելվածի մեջ:

«Կլինի նաեւ online վաճառքի հնարավորություն, ինչը թույլ կտա տանը ոչ միայն դիտել ընտրված ինտերիերային լուծումը, այլեւ online  տարբերակով անմիջապես գնել հավանած իրը»,- հավելեց Արման Աթոյանը:

Հիշեցնենք, որ ARLOOPA ընկերությունը հոկտեմբերի 8-9-ին կանցկացնի AR/VR տեխնոլոգիաների կիրառություններին նվիրված ցուցահանդես։

Փեփրոնե Բադալյան