Ես լավ հարաբերությունների մեջ եմ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, բայց իմ նշանակումը դրանով պայմանավորված չէ: Այս մասին սեպտեմբերի 22-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է տրանսպորտի եւ կապի նոր նախարար Վահան Մարտիրոսյանը:

Հարցին՝ արդյոք նախարարի պաշտոնը նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ չի ստացե՞լ, Մարտիրոսյանը պատասխանել է. «Հարաբերությունները լավ են, բայց դրանք շատ մտերիմ չես անվանի: Ես շատերի հետ մտերիմ հարաբերություններ ունեմ, սակայն դա ոչ մի բան չի նշանակում»:

Նշենք, որ Մարտիրոսյանը նախկինում հիմնադրել է GNC Alfa օպտիկամանրաթեային կապի ընկերությունը, որն ավելի ուշ վաճառել է ռուսական «Ռոստելեկոմ» կոնցեռնին եւ դարձել է ընկերության փոխնախագահը: