Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը պետք է շահույթ բերի: Այս մասին սեպտեմբերի 22-ին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, եթե հարց դնենք՝ արդյոք երկրին պետք է նման համալիր՝ ապա պատասխանը կլինի՝ միանշանակ պե՛տք է: Բայց ամբողջ աշխարհում նման կենտրոնները ծախսեր չեն պահանջում՝ հակառակը՝ իրենք են շահույթ բերում: 2016-ի առաջին կիսամյակում Մարզահամերգային համալիրի պետական կառավարիչը բյուջետային գումարներից 6 մլն դրամ է տնտեսել ( 91 մլն դրամի փոխարեն շենքի պահպանման համար 84 մլն դրամից քիչ ավելին է պահանջվել): «Բայց հասկանալի չէ, թե ինչ երկարաժամկետ խնդիրներ է կատարում կառավարիչը: Չէ՞ որ մենք կառավարչին նրա համար չենք ընտրել, որ նա պարզապես պահակ կանգնի շենքին ու գումարներ տնտեսի: Պետք է բիզնեսը այնպես կազմակերպել, որ այն շահույթ բերի: Որպեսզի համալիրը պետությունից գումար չխնդրի, այլ ինքը վաստակի ու հարկեր վճարի»,- շեշտել է Կարապետյանը:

Ավելի վաղ ՄՀՀ-ն փոխանցվել էր պետությանը դրա նախկին սեփականատեր՝ «ԲԱՄՕ» ԲԲԸ-ի հարկային պարտքերի դիմաց: 2015-ի օգոստոսին ՄՀՀ-ն 30 մլն դոլարով վաճառվել էր NTAA Investment Group-ին: Ընկերությունը պարտավորվել էր համալիրի բարեկարգման մեջ ավելի քան 100 մլն դոլար ներդնել: Ծրագրի շրջանակում պետք է բացվեր առնվազն 250 նոր աշխատատեղ, արդեն գոյություն ունեցող 99-ից բացի: Բայց ներդրողը պարտավորությունները չէր կատարել, ու համալիրը վերադարձել էր պետությանը՝ Պետունեցվածքի կառավարման կոմիտեին: