News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում, հոկտեմբերի 16-ին բացվել է աշխարհում ամենաերկար ճոպանուղին (ֆոտոռեպորտաժ): «Տաթեւի թեւեր» ճոպանուղին, որի երկարությունը 5,7 կմ է,  12 րոպեում այցելուին կհասցնի Տաթեւի եկեղեցի, այնինչ նույնիսկ հարմարավետ մեքենայից մոտ քառասուն րոպե է պահանջվում ձորն իջնելու եւ բարձրանալու համար:

Ճոպանուղու բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հասարակության ներկայացուցիչներ ու արտասահմանցի հյուրեր:

«Աշխարհում ամենաերկար ճոպանուղու կառուցումով մենք նպատակ չենք ունեցել որեւէ  մեկին զարմացնել»,- Տաթեւի ճոպանուղու բացման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով, որ աա առաջին հերթին, բացառիկ նշանակություն ուներ Տաթեւի համալիրի հարակից բնակավայրերի եւ Հայաստանի ողջ հարավային շրջանների զարգացման համար:

Նրա խոսքով, Տաթեւի ճոպանուղու կառուցումը դա  լուրջ ազդակ է հանդիսանալու Հայաստանի հարավային շրջանների տնտեսական մշակութային հոգեւոր զարգացման համար եւ «պետական եւ մասնավոր հատվածների համագործակցության հիանալի օրինակ է»:

Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին, ով ըստ նրա, դարձավ նախագծի շարժիչ ուժը, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր օժանդակել են, նաեւ շինարարներին, ովքեր կառուցել են այն:

Խոսելով մրցունակության մասին, Սերժ Սարգսյանն ասել է, որ միջազգային ասպարեզում մրցունակ մնալու համար մենք  երբեմն հեռավոր երկրներ ենք գնում սովորելու եւ  դա օրինաչափ է, բայց կան դասեր, որ պետք է քաղենք այստեղ: «Տաթեւի վանքը իր ժամանակի ամենամրցունակ ճարտարապետական լուծումներից է: Տաթեւի համալսարանը ամենամրցունակ գիտական օջախներից է եղել, իսկ սուրբ Գրիգոր Տաթեւացին իր ժամանակին աշխարհի ամենամրցունակ մտածողներից մեկն է եղել»,-նշել է նախագահը:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, բացման արարողության ժամանակ սպիտակ աղավնիներ են բաց թողնվել, որպես խաղաղության ու բարգավաճման խորհրդանիշ, որից հետո Գարեգին Բ կաթողիկոսը աղոթք է կարդացել:  

Տաթեւի ճոպանուղու շինարարությունը տեւել է 11 ամիս: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն դոլար է, որն իրականացրել է Ազգային մրցունակության հիմնադրամը: Ծրագիրը հովանավորել են բազմաթիվ բարերարներ, բայց հատկապես արժե նշել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի 28 մլն դոլարի նվիրատվությունը, որից էլ, թերեւս, սկսվել է այս աննախադեպ ծրագիրը:

Նորակառույց ճոպանուղին վիթխարի նշանակություն կունենա Հայաստանի զբոսաշրջության զարգացման առումով: Հաջող կազմակերպված PR_ի դեպքում այն կարող է Հայաստան ձգել հարյուր հազարավոր այցելուների; Ճոպանուղին կունենան երկու վագոն` որոնցից յուրաքանչյուր կկարողանա տեղափոխել  25 մարդու: Տոմսերի նախնական արժեքը կլինի 3 հազար դրամ, բայց դա վերջնականապես որոշված չէ:

Տաթեւի վանքը գտնվում է Գորիսի տաթեւ գյուղի մոտ եւ Երեւանից հեռու է 280 կմ:  Գրաբարից թարգմանած «Տաթեւ» նշանակում է «թեւեր տուր»: տաթեւի վանական համալիրը կառուցվել է 9-րդ դարում, որը եղել է Սյունիքի թագավորության քաղաքական կենտրոնը:

Տաթեւի համալիրը հավակնում է Յունեսկոյի համաշխարհային ժառանգությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ