Ես կաշխատեմ այնտեղ, որտեղ իշխանությունները կորոշեն, որ ես ավելի օգտակար կլինեմ երկրի համար։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը՝ մեկնաբանելով էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին լուրերը։

«Ես պետական ծառայող եմ։ Թե որտեղ եմ ես աշխատելու, որոշում է քաղաքական իշխանությունը։ Որտեղ նրանք որոշեն, որ ես ավելի օգտակար կլինեմ երկրի համար, այնտեղ էլ կաշխատեմ»,– ասել է Կարայանը։

Նշենք, որ վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հրաժարական է տալու, եւ նրա պաշտոնը զբաղեցնելու է Սուրեն Կարայանը։

Մինասյանն այսօր տված մամուլի ասուլիսի ժամանակ միանշանակ պատասխան չէր տվել այդ հարցին՝ ասելով, որ շարունակում է աշխատել սովորականի պես, սակայն նախարարական պորտֆելից կառչած չի մնալու։