News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ

Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այսօրվա տոնի կապակցությամբ: Այսօր հայ մամուլի օրն է, եւ շատ ուրախ եմ, որ այս տոնը համընկնում է Սյունիքի մարզում տեղի ունեցող միջոցառումների հետ:  

Սիրելի հայրենակիցներ,

Հայրենի բնության հրաշք անկյունները և պատմական անկրկնելի հուշար­ձան­ները, որոնք դուք տեսաք Արցախում և այստեղ` Սյունիքում, համոզված եմ, տպա­­վորելու են ձեզ, և դուք նոր լիցքերով ու ներշնչանքով եք աշխատելու ձեր բնա­կու­թյան երկրնե­րում: Բայց, անկախ ձեր աշխատանքից, մենք միշտ ուրախ ենք Սփյուռ­­­քի մեր քույրերին ու եղբայրներին տեսնել հայրե­նիքում: Ես չեմ ասում «հյուր­­ընկալել», որովհետև դուք այստեղ հյուրեր չեք: Բա­րո´վ եք եկել հայրենի եր­կիր, Մայր հայրե­նիք:

«21-րդ դարի մար­տահրավերները. տե­ղե­կատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» լրագրողների համա­հայ­կական 5-րդ հա­մաժողովի կազմակերպու­մը Լեռնային Ղարաբաղի Հանրա­պե­տության մայրա­քա­ղաքում կարևոր նախաձեռնություն եմ համարում և շնորհա­կալություն եմ հայտնում բոլո­րիդ այդ հրա­շալի գաղափարը կյանքի կոչելու համար:

Գաղնիք չէ, որ համաշխարհային բո­լոր ներկա գործընթացներում չափա­զանց կարևորվում է զանգվածային լրատվա­միջոցների դերը, մասնավորապես լրագրողի մասնագիտությունը: 21-րդ դարում ամենահզոր զեն­քերից մեկը ճշգրիտ և օպերատիվ տեղեկատվությունն է, որի նպա­տակային ուղղոր­դումը շրջադար­ձային կարող է լինել իրադարձությունների զար­գացման ընթաց­քում: Այս տեսանկ­յունից մեր համազգային բոլոր նպատակների ուղ­ղու­թյամբ աշխատանք­ներում մենք խիստ կարևորում ենք թե´ հայալեզու լրատ­վության, թե´ մեր լրագ­րող­ների կողմից աշ­խար­հի առաջատար լրատվա­միջոցնե­րում հրա­պա­րակումներով հանդես գալու նշա­­­­նակությունը: Հայ լրատ­վու­թյան դերը խիստ կարևորվում է նաև համա­հայկա­կան հիմնախնդիրների լուծ­մանն օժանդա­կելու անհրաժեշ­տությամբ, մասնա­վո­րապես ողջ աշխարհում հայա­պահ­պա­նու­թյան գործին նպաստելու առու­մով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյան` հայկական երկրորդ պետականության կայացման, ամրապնդման և զար­գացման, ինչպես նաև միջազգային ճանաչ­ման գործում անգնահատելի է լրագրող­ներիդ առաքելությունը: Պետք չէ մոռանալ, որ մարտի դաշտում տարած հաղթանակն անհրաժեշտ է ամրապնդել դիվանագիտության ոլորտում: Իսկ հակա­քարոզչությանը դիմագրավելու և հիմնախնդիրը միջազգային հանրությանը ներկա­յացնելու գոր­ծում անկասկած անփոխարինելի է Հայաս­տանի և Սփյուռքի լրատվա­միջոցների, ինչպես նաև օտար լրատվա­միջոց­ների հայ լրագրողների հրապարակումների դերա­կա­­տա­­րությունը: Ստեփանա­կեր­տում կազ­մակերպված համաժողովը հիանալի առիթ էր Արցախը խորապես ուսում­նա­սի­րելու, այն ներսից ճանա­չելու, Արցախի հիմ­նախնդիրները և այսօրվա արցախ­ցու հոգսերը հասկա­նալու համար: Վստահ եմ` դեռ բազում էջեր եք գրելու և շատ ու շատ սյուժեներ եք պատրաստելու այդ ամենի մա­սին:

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում նույնպես հետա­գա առաջ­ընթացը հնարավոր է արագացնել միայն լրատվական դաշտի լայնամասշտաբ աջակ­ցության պայմաններում: Հայ Դատի արդարացի լուծմանը, լոբբիս­տական աշխա­տանքների արդյունավետ կազմակերպ­մանն էապես կարող են նպաս­տել լրատվամիջոցները:

Ակնհայտ է նաև, որ Սփյուռքում գործող լրատվա­միջոցները նշանակալի ներդրում ունեն հայապահպա­նության, հայ­կական ազգային մշակույթի պահպանման ու տարածման գործում: Լրատվական համահայ­կական միաս­նական դաշտ ձևավորելու և մեր առջև ծառացած հիմնա­խնդիր­ները լուծելու ու մարտահրավերներին դիմագրավելու գոր­ծում մենք դեռ բազ­մա­թիվ անելիքներ ունենք: Վստահ եմ, այս հարցերի շուրջ դուք բովանդակալից քննարկումներ եք ունեցել այս օրերի ընթաց­քում և որոշումներ էլ եք կայացրել:

Հարգելի´ լրագրողներ,

Դուք մեծ ու շնորհակալ գործ եք անում: Ես շատ լավ հասկանում եմ, որ արտերկրում հրապարակել և տարածել հայկական մամուլ իրականում նշանակում է մեծ զոհողություն կատարել, նաև նշանա­կում է դառնալ համայնքային կյանքի կազմակեր­պիչներից, համախմբող­ներից մեկը, զբաղվել հրաշագեղ մայրենիի պահպան­մամբ ու տարածմամբ, պահել հայկական ինքնությունն ու հայկական ոգին, ունենալ սեփական դիմագիծ, ազգա­յին արմատ, հայկական մտածողություն և վերջապես դառնալ հայ ժողովրդի ու նրա տարբեր հատվածների հոգևոր ու պատմամշակութային ժառանգության պա­հա­պանները, ազգային արժեքների և ավանդույթների վերար­տադրության ու զար­գաց­ման խթանողները:

Մենք շատ լավ պատկերացնում ենք ձեր դժվարությունները, այն խնդիր­ները, որոնք ամեն օր ծառանում են ձեր առջև: Դրանք առաջին հերթին խնդիրներ են, որոնք բխում են Սփյուռքի մեր գաղթօջախների առջև կանգնած մարտահրա­վեր­նե­րից, բայց կան նաև այնպիսիք, որոնք կարող են և պետք է լուծվեն համատեղ աշխա­տանքով, Հայաստանի կառավարության հետ ավելի սերտ հա­մագործակ­ցությամբ:

Մենք նաև ոգևորվում ենք` տեսնելով, որ պարբերաբար հայկական նոր տեղեկատվական միջոցներ են ստեղծվում աշ­խարհի տարբեր անկյուններում, այդ թվում նաև օտար լեզուներով գործող հայկա­կան լրատվամիջոցներ: Սա իսկապես լավ միտում է: Միջազգային լրատվական դաշ­տում մենք թե´ քանակապես, թե´ որակա­պես ամրանալու մեծ խնդիր ունենք:  Սուտ ու կեղծիք, սև քարոզչություն տարածող մեր հարևանի նավթադոլարներին մենք հակադ­րել ու հակադրելու ենք աշխար­հա­սփյուռ մարդկային մեր ներուժը, և մենք հաղթելու ենք, որովհետև ստով ու կեղ­ծիքով հնարավոր չէ հեռու գնալ:

Մենք կարիք չունենք ինքներս մեզ հա­մոզելու, որ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ընդունումն այլ­ընտ­րանք չունի: Իսկ օտար­ները կարիք ունեն ճշմարիտ և օբյեկտիվ լրատվության: Մենք կարիք չունենք գու­նա­զարդելու Արցախի կամ Հայաստանի Հանրապետության իրականությունը, բայց մենք պետք է կարողանանք նաև կանխել ամեն ինչ սևացնելու մարմաջը: Ո´չ գու­նա­զարդել, ո´չ սևացնել` պարզապես ակտիվ ներկա­յացնել ճշմարտությունը. սա է խնդիրը, որը մենք միասին պետք է լուծենք:

Այո´, Ադրբեջանում ակնհայտ է հակա­հայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով և ամե­նաբարձր մակարդակով: Խոսքը ոչ թե առան­ձին տաքգլուխների կամ ազգայնա­մոլությամբ տառապող հիվանդների մա­սին է, որոնց կարե­լի էր անտեսել, այլ պետա­կան գաղափարախոսության, ըստ որի «ներկա­յիս Հայաստանը ստեղծվել է պատ­մական ադրբեջանական հո­ղերի վրա»:  Այսինքն` ոչ միայն Արցախը, այլև Երևանը, Սևանը, Սուրբ Էջմիա­ծի­նը «պատ­մական ադրբեջանական հողեր» են: Ահա այս տրամա­բանությամբ և այս համատեքստում է, որ Արցախը հայտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջա­նական հո­ղերի» շարքում: Վերջին անգամ այս մասին «իմացանք» հենց երեկ Ադրբեջանի Նախագահի շուրթերից:

Ինչո՞ւ է այս ծայրահեղ ազգայնական դիրքորոշումը դրսևորվում հատկա­պես հիմա: Ադրբեջանը զարմանում ու զայրա­նում է, որ միջազգային հանրու­թյու­նը և եռանախագահող երկրների նախագահ­ները հրապարակայնորեն ճա­նա­չում են Արցա­­խի ժողովրդի ինքնորոշման իրա­վուն­քը: Ավելին` Արցախի ժո­ղովրդի ազատ կամ­­ար­տահայտումը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կար­գավիճակի վերա­բեր­յալ և դրա արդյունքները պետք է պարտադիր իրավա­կան ուժ ունենան բոլորի հա­մար: Ադրբեջանի հուսահատական ջղաձգում­ների մեխը հենց այստեղ է: Նրանք իրենց ժողովրդին չեն նախապատրաստել նման որոշումներ կյանքի կո­չե­լու համար: Դատելով հռետորաբանությունից` կարծես դեռ չեն էլ պատ­րաս­տ­վում:

Բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է գտնվի խաղաղ բա­նակ­ցությունների ճանապար­հով: Ամբողջ աշխարհն այսօր բացառում է ռազմական ուղին, միայն Ադրբեջանն է, որ (իրենց խոսքերով) «երբեք չի ժխտում հարցի լուծման ռազմական ճանապարհը»: Արդյո՞ք, սա միայն ներքին օգտա­գործ­ման քարոզչություն է: Գուցե: Բայց ի՞նչ կարող են դրանից շահել ներքին օգտագործողները, այսինքն` Ադրբեջանի ժողովուր­դը կամ արտաքին ներդրող­ները:

Ադրբեջանում ակադեմիական հումանի­տար գիտությունները վերածվել են ռազմաշունչ հայտարարությունների գեներա­տորի: Նույնիսկ դժվար է որո­շել թե որտեղ է ավարտվում գիտությունը և սկսվում խամաճիկությունը:

Արցախի դեպքում բերվում է այն «փաստարկը», որ որոշ տեղանուններ ադրբեջաներեն են (գոնե ասեն թուրքերեն կամ պարսկերեն) և ոչ հայերեն: Ինչպե՞ս կարող էր 200-300 տարի առաջ ադրբեջանական անվանում ունենալ բնակավայրը:

Ահա այսպիսի «գիտական փաստարկներով» դաստիա­րակ­վում է մի ողջ սերունդ, որը վաղը «հերո­սաբար պիտի ազատագրի «պատմական ադրբեջա­նական հողե­րը»: Եվ այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա տեղեկանալ, որ երկրամասի Ար­ցախ հայկական անունը վկայված է Քրիստոսի ծննդից առաջ 8-րդ դարում, և վկայել է Երևանը հիմնադրող Արգիշտի 1-ին արքայի որդին` Սարդուրի 2-րդը,որ Քրիստոսի ծննդից առաջ առաջին դարում այն օտարերկրյա աշխարհագրագետ­ներին հայտնի էր, ինչպես Ստրաբոնն է գրում, որպես Հայաստանի Ար­ցախ նահանգ, որի հեծելազորը ամենախոշորն էր, որ սկսած հինգերորդ դարից ներկայիս Ստեփանակերտի տեղում` Վա­րարակն հայկական բնա­կատեղին էր, որի անվա­նումը զուտ հայկական է և նշանակում է «Վարար աղբյուր», և որ երկ­րամասի բնակչությունը հազա­րամյակների ընթացքում միատարր էր, այնտեղ ապրում էին բացառապես հայեր, ինչը հաստատում են նույնիսկ 18-րդ դարի թուրքական պաշտոնական աղբյուրները: Միայն 18-րդ դարի երկրորդ կեսից այստեղ սկսում են բնակվել աննշան քանակությամբ թուրք-մահմեդական քոչ­վոր ցեղեր, որոնց թվաքանակը անցյալ դարի սկզբներին հասավ հազիվ բնակ­չության ընդհանուր թվի հինգ տոկոսին:

Այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա իմանալ, որ հազարավոր պատ­մա­կան մատյաններում, որտեղ խոսվում է Ար­ցախ հողի ու նրա քաջարի մարդկանց մասին, Ադրբեջան բառ չկա, որով­հետև չէր կարող լինել: Իսկ այդ բառը որևէ տեղ առաջին անգամ հայտնվել է ընդամենը մեկ դար առաջ: Կրկնում եմ` ընդամենը մեկ դար առաջ:

Ավելին ասեմ. իր ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահը նշում է, որ Ստեփանակերտ անունը կա միայն, իր խոսքերով, «բանդիտ» Ստեփան Շահումյա­նի անվան պատճառով: Չակերտավոր ադրբեջանական հողեր ազատագրելու պատրաստվող սերունդը մի օր հաստատ շուռ է գալու ու հարց տա. մի՞թե Մոսկ­­վայի լավագույն համալսարաններից մեկի ուսանողը չպետք է տեղյակ լիներ նույն ժամանակ Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևի` բուռն ծափահարությունների ներքո հնչեց­­րած մտքերին. «Ստե­փան Գեորգիի Շահումյանի վեհանձն կերպարը Ադրբեջանի աշխատավոր­նե­րի բոլոր սերունդ­ների համար ներշնչման օրինակ է», «Եվ այսօր մենք հպարտու­թյամբ ու սիրով ասում ենք (Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարը խոսում էր Ադրբեջանի ժողովրդի անունից) որ Ստեփան Շահումյանը նաև ադրբեջան­ցի ժո­ղովրդի զավակն է»: Այսպես էր խոսում Հեյդար Ալիևը:

Հիվանդ երևակայությունը հասել է այնտեղ, որ Արցախի քրիստոնեական եկեղեցիները` Ամարասը, Գանձասարը, հռչակ­վում են ադրբեջանական: Ավե­լին` իրենք են առաջինն աշխարհում ընդունել քրիստոնեություն: Թուրքիային ասում են իրենց նոր կարգախոսը. «Մեկ ազգ, երկու պետություն». այսինքն` թուր­քերն ու ադրբե­­ջանցի­ները մեկ ազգ են, բայց ապրում են երկու պետության մեջ: Հինգ րոպե հետո ասում են, որ իրենք թուրք չեն, ավելի ճիշտ` թուրք չեն եղել, եղել են աղվան, գրել են գրքեր, որ մեզ չեն հա­սել, որովհետև հայերը բոլոր այդ մատյանները վառել են, եղել են աղվան և կառու­ցել են քրիստոնեական ճարտա­րապետության գլուխգործոցներ, որոնք բոլորը յու­րաց­վել են հայերի կողմից, հետո փոխել են իրենց լեզուն, դար­ձել են թուրք: Հետո աշխարհի առաջին քրիստոնյա-աղվան-ադրբեջանցիները փո­խել են իրենց հավատը և դարձել աշխարհի ամենաբա­րեպաշտ մահմեդա­կան­ները: Զուգահեռ զարգաց­նում են նաև այն թեզը, որ իրենք իրանալեզու մարերի ուղիղ ժառանգներն են և Իրանի պատմական Ատրպա­տականի օրինական տե­րը:

Լեզու փոխելը, ազգ ու կրոն փոխելը, աշխարհագրություն ու պատմություն փոխելն իրենց գործն է, բայց հակահայ ֆաշիզմի դրսեւորումն արդեն մեր գործն է:

Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար (այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից): Հետո ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատե­րազ­մի ծանր հետևանքների մասին: Կարծես թե պատերազմի հե­տևանքները կարող էին հաճելի լինել: Այսքանից հետո ինքը սկսեց «խրոխտ» կեցվածքով պայ­մաններ թե­լադ­­րել: Կարծես թե աշխարհում եղել է մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայ­մաններ թելադրել:

Ադրբեջանցիներն, իհարկե, իրենց դեմքը փրկելու համար ամենուր վայհռետորություն են անում, թե հայերն այլ երկրի օգնությամբ են պատերազմում հաղթանակ տարել:  Պարզ է. այլապես ինչպե՞ս պետք է բա­ցատ­րեին փոքրաթիվ հայերից ջախջա­խիչ պարտություն կրելու փաստը: Բայց այդպես էլ քաջություն չունեն հրապա­րակավ պաշտոնապես հայտարարելու, թե այդ ի՞նչ երրորդ երկրի մասին է խոսքը: Բա ասե՞ք: Ասեք, որ փաստերով ցույց տանք, որ ստում եք:

Հիմա էլ որոշել են, որ Հայաստանը սեփական տնտեսական միջոցներով չի կարող գոյատևել և ապագա չունի: Այսպիսի առասպելներով սնում են իրենք իրենց, հետո էլ ապշում, երբ պարզվում է, որ բազմաթիվ խնդիրների վերա­բերյալ աշխար­հը բոլորովին այլ տեսակետ ունի:

Վերջում կուզենայի կիսվել ձեզ հետ մի ուսումնասիրության մասին, որ վեր­ջերս կատար­վել է մասնագետների կողմից: Գենե­տիկների և լեզվաբանների մի մեծ գիտական խումբ, որտեղ չկա ոչ մի հայ, բարդ ու տևական ուսում­նասիրություն է կատա­րել: Ըստ վերջին արդյունքների, հայոց լեզուն առնվազն 8 հազար տարվա պատմություն ունի: Սա նշանակում է, որ մենք իբրև ազգ գո­յու­թյուն ունենք առնվազն 8 հազար տարի: Այս ընթացքում մեր դեմ ճոռոմ-ճոռոմ խոսել են շա­տերը, այդ թվում և` ավելի շատ տարածք, ավելի մեծ գլխաքանակ և ավելի շատ փող ունենալու դիրքերից: Այո՛, նրանց հաջողվել է մեզ տկարացնել, բայց նրանց բա­ցար­ձակ մեծամասնությունն այսօր չկա, լքել է պատմության թատե­րաբեմը, բայց մենք շարունակում ենք մեր ճանա­պարհը` հանգիստ ու վստահ, որով­հետև դեռ անելիք ունեք առնվազն առա­ջիկա 8 հազար տարիներին:

Շնորհակալություն, և բարո´վ եք եկել հայրենիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ