Կարեն Կարապետյանն այսօր ներկայացրել է 5 նորանշանակ նախարարներին: Մշակույթի նախարարությունում Արմեն Ամիրյանին ներկայացնելիս վարչապետը հիշեցրել է նրա ղեկավարած ոլորտի դերը քաղաքացիների ճաշակի ձեւավորման հարցում: Նախարարությունը պետք է լավ աշխատի, որպեսզի ճիշտ ներկայացնի հայկական մշակույթը աշխարհին եւ ավելի շատ զբոսաշրջիկ բերի Հայաստան:
Արծվիկ Մինասյանը ներկա էր նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նոր նախարարի ներկայացմանը` այս անգամ որպես նախկին նախարար: Այստեղ վարչապետը ընդգծեց ներդրողների վստահությունը մեծացնելու անհրաժեշտությունը:
Առողջապահության ոլորտում նոր նախարար Լեւոն Ալթունյանը հանձնարարություն ստացավ հետեւել, որ պետպատվերով բուժման միջոցները առավելագույն արդյունավետ օգտագործվեն, նաեւ ոլորտի խաղացողների միջեւ մրցակցային պայմաններ ստեղծել, ներգրավել միջազգային հայտնի առողջապահական բրենդեր:
Քաղաքացիների առողջությամբ պետք է զբաղվի ոչ միայն Առողջապահության նախարարությունը. Սպորտի նոր նախարար Հրաչյա Ռոստոմյանին վարչապետը հանձնարարեց կազմակերպել ազգային ծրագիր՝ քաղաքացիների շրջանում տարածելով սպորտով զբաղվելու անհրաժեշտության գաղափարը:
Կառավարության կառուցվածքում նոր փոփոխություններ են սպասվում. լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ շուտով հնարավոր է շուտով Պետեկամուտների կոմիտեն բաժանեն Հարկային եւ Մաքսային ծառայությունների: Հերթական փոփոխության մասին լուրը ԱԺ որոշ ընդդիմադիր պատգամավորների կողմից այսօր Ազգային Ժողովում բուռն քննադատության արժանացավ: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց` հերթական շտոպկան է, կառավարությունը ձեւավորում են քաղաքական նպատակահարմարության սկզբունքով:
Բավական բուռն ելույթներով, բայց կիսադատարակ դահլիճում անցավ Հարկային օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումները: Փոփոխությունները ներկայացնում էր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը. Նոր օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է նվազեցնել հարկերը շարքային աշխատողների համար եւ պարզեցնել ընթացակարգերը բիզնեսի համար: Խաչատուր Քոքոբելյանը դժգոհեց` շատ արագ եք փոփոխություններ կատարում, այդպես չի կարելի:
Հրանտ Բագրատյանը առաջարկեց հարկեր սահմանել նաեւ Հայ առաքելական եկեղեցու համար:
Ելույթները եզրափակեց Ազգային Ժողովի փոխխոսնակը. Շարմազանովն անդրադարձավ խոսակցություններին, թե իշխող Հանրապետականը չի սատարում հարկային նոր օրենսգիրքը, քանի որ խմբակցության պատգամավորներն ակտիվ չեն մասնակցում քննարկումներին:
Աշխատանքային օրվա վերջում Ազգային Ժողովի դահլիճում գրեթե մարդ չէր մնացել. Սա ընդգծելու համար Հրանտ Բագրատյանը որոշեց հերթով թվարկել նստածներին եւ այնքան տարվեց թվարկումով, որ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին պարոնով դիմեց:
Հարկային օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը:
Այսօր Ազգային Ժողովը վերջնական ընթերցմամբ հաստատեց նաեւ մաքսային փոփոխությունները, որով մինչեւ 200 եվրո արժեք ունեցող ապրանքի ներմուծումն ազատվեց մաքսատուրքից:
Դոլարն ու ֆունտը աճել են, եվրոն ու ռուբլին՝ նվազել: Դոլարի փոխարժեքը կազմել է 473, ռուբլունը՝ 7.41, եվրոյինը՝ 531, ֆունտինը՝ 615 դրամ:
Սեպտեմբերի 29-ին օդի ջերմաստիճանn էապես չի փոխվի: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը +7+9, իսկ վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն: