News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Նոր կառավարության ձեւավորման վերջնաժամկետը լրանալուց ժամեր առաջ միայն իշխանությունը կարողացավ կողմնորոշվել. գլխավոր ինտրիգը հանգուցալուծված է։ Էդվարդ Նալբանդյանը վերանշանավել է արտգործնախարարի պաշտոնում։

Սեյրան Օհանյանը, այնուամենայնիվ, հեռանում է։ Սերժ Սարգսյանի հրամանով նա ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նրան կփոխարինի նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Իսկ նախագահն այսօր արդեն աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավար Արմեն Գեւորգյանին։

Եվս երկու փոփոխություն. Յուրի Խաչատուրովն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից եւ նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար։ Գլխավոր շտաբը կղեկավարի Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատված Մովսես Հակոբյանը։

Առայժմ անորոշ է Սեյրան Օհանյանի հետագա զբաղվածության հարցը։ Նա արդեն հայտարարել է, որ մտադիր չէ ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու առաջարկը։

Հայաստանի 375 համայնքներում հոկտեմբերի 2–ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Խորհրդարանական ընտրություններից առաջ քննություն էր քաղաքական ուժերի համար՝ սեփական հնարավորությունները գնահատելու առումով։ Ուշադրության կենտրոնում Գյումրին եւ Վանաձորն էին, որտեղ առաջին անգամ քաղաքապետ էին ընտրելու ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ կուսակցական ցուցակներով՝ ավագանու ընտրության միջոցով։ Բացի այդ, ավանդաբար այս երկու քաղաքներում իշխանության դիրքերը թույլ են եղել։

Գյումրիում  Հանրապետականը սատարում էր «Բալասանյան» դաշինքին, որի ցուցակում առաջին համարը՝ այսինքն քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր։ Վաղ առավոտից ընդդիմադիր կուսակցություններն ահազանգում էին, որ գյումրեցիներին հենց ընտրատեղամասերի մոտ ընտրակաշառք են բաժանում «Բալասանյան» դաշինքն ու «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, որը, ըստ շրջանառվող լուրերի, ստեղծել է հենց Բալասանյանը։ Թոռնիկների հետ քվեարկության եկած քաղաքապետին լրագրողներն առաջինը այս հարցով դիմեցին։

Բալասանյանի գլխավոր մրցակիցը՝ ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանը, որի կրտսեր որդուն օրեր առաջ մահացած էին հայտնաբերել, խնդրեց կատարվածը չկապել ընտրության հետ եւ չշահարկել իր ընտանեկան ողբերգությունը։

Գյումրիում շուրջ 126 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցեց ընդամենը 46 հազարը, որից միայն 15 հազարը ձայն տվեց «Բալասանյան» դաշինքին։ Սակայն դաշինքի միջուկը կազմող ՀՀԿ–ն այս արդյունքից գոհ է։ Նախնական տվյալով, իրենց ստացած ավագանու 17 մանդատները բավարար են մեծամասնություն կազմելու եւ Բալասանյանին նորից քաղաքապետ դարձնելու համար։  ԲՀԿ–ն ավելի քան 9000 ձայնով ապահովել է 8 մանդատ։ Ավագանու անդամներ կունենան նաեւ նորաստեղծ «Գալա» կուսակցությունը եւ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը»։ Ուշագրավ է, որ ութ տարում արմատականից մինչեւ կառուցողական ընդդիմության ճանապարհ անցած Հայ ազգային կոնգրեսը եւ նրանից անջատված Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» չեն հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով չնչին ձայներ՝ համապատասխանաբար 471 եւ 638 քվե։

Վանաձորում հիմնական մրցակիցներ էին համարվում Հանրապետականն ու «Լուսավոր Հայաստանը»։ ՀՀԿ ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը քվեարկության էր եկել հաղթողի վստահությամբ, հավակնոտ համոզմունքներով։

«Լուսավոր Հայաստանի» թեկնածուն՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը նույնպես իրենց հաղթանակին չէր կասկածում։

Վանաձորում 96 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցեց 42 հազարը, որոնցից մոտ 15 հազարը քվեարկեց Հանրապետականի, մոտ 11 հազարն էլ՝ «Լուսավոր Հայաստանի» օգտին։ Ստեղծվեց իրավիճակ, որտեղ քաղաքական ուժերից ոչ մեկը չկարողացավ կազմել մեծամասնություն։ 13 մադատ ունեցող Հանրապետականը հույս ունի դաշինք կազմել ՀՅԴ–ի հետ, որի 2 մանդատը, սակայն, նույնպես իրավիճակը չեն փրկի։ Մեծամասնության շանս ունի 10 մադատ ունեցող «Լուսավոր Հայաստանը», որի նախագահ Էդմոն Մարուքյանը այսօր կոչ էր արել ԲՀԿ–ին ու «Հայկական վերածնունդին» միանալ իրենց։ Այդ դեպքում երեք ուժերը միասին կունենան 18 մանդատ եւ կստանան քաղաքապետ նշանակելու իրավունք։

Փաստորեն, Վանաձորում նույնպես ՀԱԿ–ը եւ «Քաղաքացիական պայմանագիրը» ձախողվեցին։ Երկուսն էլ չկարողացան հաղթահարել 6 տոկոսի անցողիկ շեմը։ Արդյոք սա կարելի է համարել Հայ ազգային կոնգրեսի եւ, մասնավորապես, Լեւոն Տեր–Պետրոսյանի քաղաքական վախճանը։ Էդուարդ Շարմազանովը հրաժարվել է գնահատական տալ։ Փոխարենը ակնարկել է՝ որոշ կուսակցություններ շատ բարձր պլանկա էին դրել, բայց բավարար ձայներ չհավաքեցին։

Չնայած պարտությանը, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ իր «Քաղաքացիական պայմանագիրը» հավակնում է լինել Հայաստանի թիվ մեկ ընդդիմությունը։

Փաշինյանը չի թաքցրել, որ իրեն զարմացրել են ՀՀԿ–ի հաղթանակը այսպես կոչված դժվար քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում։ Նշենք, որ ՏԻՄ ընտրություններին 292 համայնքներում ՀՀԿ-ն հաղթանակ է տարել 176–ում։

Գյումրիի ընտրություններում եվս մեկ պարտված կուսակցության՝  «Ալյանսի» ղեկավար Տիգրան Ուրիխանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը եւ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում գրել: Որքանով այս որոշումը կապ ունի փաստի հետ, որ նրա կուակցությունը ընտրություններում ստացել է ընդամենը 1,79 տոկոս ձայն, դժվար է ասել։ Ուրիխանյանի վերջին ելույթը Ազգային ժողովում օրակարգի հետ ոչ մի առնչություն չուներ։

Եվրոն ու ռուբլին հոկտեմբերի 3–ին թանկացել են, դոլարը՝ էժանացել։ Դոլարի փոխարժեքը կազմել է 474, եվրոյինը՝ 532, ֆունտինը՝ 610, իսկ ռուբլունը՝ 7.60 դրամ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ