News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Գյումրիում իրավիճակը վիճելի է, Վանաձորում՝ անորոշ: Մինչ պաշտոնապես հայտարարվում է, որ «Բալասանյան» դաշինքը 17 մանդատ կունենա եւ ավագանիում բացարձակ մեծամասնություն կկազմի, ընդդիմադիրները հայտարարում են, որ մանդատները սխալ են բաշխվել: Խնդիրն այն է, որ ըստ Ընտրական օրենսգրքի, եթե ավագանու ընտրություններում կուսակցությունը կամ դաշինքը ստանում է 40%-ից ավելի քվե, բայց դա բավարար չէ բացարձակ մեծամասնություն կազմելու համար, այդ ուժին տրվում են լրացուցիչ մանդատներ այնքան, որքան անհրաժեշտ է բացարձակ մեծամասնության համար: Մյուս մանդատներն արդեն համամասնորեն բաշխվում են 6 տոկոսի շեմը հաղթահարած մյուս ուժերի միջեւ: Գյումրիի դեպքում հենց այս  հաշվարկով են «Բալասանյան» դաշինքի ստացած 15 մանդատին ավելացրել եւս երկուսը:

Գյումրիի ավագանու ընտրություններում անհրաժեշտ 6 տոկոս քվե ստացած քաղաքական մյուս ուժերին՝ «ԲՀԿ»-ին, «Հայկական վերածննդին», «Գալային», սակայն, այս հաշվարկը չի գոհացնում: Բոլոր ուժերը հայտարարել են, որ եթե օրինական հաշվարկ կատարվեր, ընդդիմությունը Գյումրիի ավագանու խորհրդում մեծամասնություն կազմելու իրական հնարավորություն կունենար:

Իսկ Վանաձորում իրավիճակն անորոշ է: Այստեղ ավագանու ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթահարած 5 կուսակցություններից ոչ մեկը բավարար ձայներ չի հավաքել՝ բացարձակ մեծամասնություն կազմելու համար: Ամենաշատ ձայներ ստացած Հանրապետականը, ամեն դեպքում, չի անցել 40 տոկոսի սահմանագիծը եւ, ի տարբերություն Գյումրիում «Բալասանյան» դաշինքի, չի կարող օգտվել մանդատների բաշխման, այսպես կոչված, բոնուսային համակարգից: Ընդդիմությունից առավել շատ ձայներ ստացել է «Լուսավոր Հայաստանը»: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախօրեին արդեն «Հայկական վերածննդին» եւ ԲՀԿ-ին կոչ էր արել համախմբվել եւ քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրել: Բանակցություններն արդեն սկսվել են, բայց կոալիցիայի ձեւավորման հեռանկար այս պահին չկա: Մասնավորապես՝ «Հայկական վերածնունդը» համաձայն է, բայց՝ մեկ պայմանով. եթե համապետական ընտրություններին «Լուսավոր Հայաստանը» մասնակցի իրենց հետ դաշինքով:

Մարուքյանը, սակայն, արդեն հայտարարել է՝ «Հայկական վերածննդի» այս պայմանը չի ընդունում:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք սպասում են «Լուսավոր Հայաստանի» եւ «Հայկական վերածննդի» բանակցությունների արդյունքին: Եթե նրանք համաձայնության գան, իրենք կմիանան:

Իսկ ավագանու ընտրություններում պարտված կուսակցություններում վերակազմավորումներ են: Այստեղ նաեւ վերլուծում են ձախողման պատճառներն ու փորձում հետեւություններ անել: Բոլոր ուժերում մեկ հարցում միակարծիք են. Հայաստանում ընտրությունների ելքը որոշող գլխավոր գործոնը շարունակում է մնալ փողը:

Երեկ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում էր. աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել եւ ճանապարհել նախկին նախարար Սեյրան Օհանյանին ու գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին:

Ողբերգություն Գյումրիի դպրոցներից մեկում: «Օյունջյան» վարժարանում ֆիզկուլտուրայի դասաժամին աշակերտներից մեկի՝ 11-ամյա Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: Ուշագնաց եղած տղային արագորեն հիվանդանոց են տեղափոխել, բայց նրան օգնելու՝ բժիշկների ջանքերն ապարդյուն են եղել. սրտի կանգ է արձանագրվել: Առողջական խնդիրներից երբեք չի գանգատվել, ավելին, Գյումրու ֆուտբոլի մարզադպրոցի սան էր: «Մեր ապագա չեմպիոնն էր»,- ասում է մարզադպրոցի տնօրենը:

Երկու տասնյակ քաղաքացիներ այսօր երթով ուտելիք տարան «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանին: «Հաց ենք տանում հաց բերողին» ակցիայի մասնակիցները երթով «Նուբարաշեն» ՔԿՀ հասան «Էրեբունի» թանգարանի մոտից: Արթուր Սարգսյանի անունից նրանք սնունդ փոխանցեցին նաեւ հուլիսյան դեպքերի ժամանակ կալանավորված մի քանի անձանց: Ակցիայի մասնակցում էր նաեւ Արթուր Սարգսյանի հայրը:

Դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 4-ին աննշան աճել է, եվրոն ու ռուբլին էլ էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 474 դրամ 36 լումա, եվրոյինը՝ 529 դրամ, ռուբլունը՝ 7 դրամ 59 լումա, ֆունտինը՝ 605 դրամ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ