News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանի դուստրը համոզված է, որ քաղաքական դրդապատճառներով են հորը ծեծի ենթարկել:

Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 15 հոգուց ավելի են եղել ծեծի ենթարկողները, նրանց մեջ եղել է Արկադի Փելեշյանը, որը գլխավորում է «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը: Իրենք ահազանգել են ոստիկանություն, սակայն ահազանգից կես ժամ եկել է ընդամենը մեկ ոստիկան:

Ծեծվածի դուստրը ասաց նաեւ, որ տարածքում տեսախցիկներ կան, որոնք ֆիքսել են կատարվածը:

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ Ռաֆիկ Գրիգորյանը ճակատային շրջանում այտուցներ է ունեցել, բուժօգնության է դիմել գիշերը 11:30-ից 12:00-ն ընկած հատվածում: Նրա վերջնական ախտորոշումը կտրվի համակարգչային վերջնական հետազոտությունից հետո:

Ավելի վաղ մամուլում հրապարակում էր եղել, որ նոխօրեին «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Ըստ հրապարակումների՝ Արկադի Փելեշյանը եկեղեցի է եկել մոտ մեկ տասնյակ մարդկանց ուղեկցությամբ, ու հենց եկեղեցու ներսի սենյակում հարվածներ է հասցրել Ռաֆիկ Գրիգորյանին՝ նրան մեղադրելով այն բանի մեջ, որ ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանից փող է վերցրել եւ ընտրությունների ժամանակ աշխատել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:

Արկադի Փելեշյանը, NEWS.am-ի տեղեկություններով, հայտաբերվել եւ բերման է ենթարկվել Երեւանում: Նա եկել էր Երեւան «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով:

Արկադի Փելեշյանի զավակները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր՝ Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի սանիկներն են:  

Այս դեպքի առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է Հայ Ավետարանական եկեղեցու հովիվի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի մասին: Կատարվում է քննություն, նշանակվել  դատաբժշկական  փորձաքննություն:

Տպել
Ամենաշատ