ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում հաստատել է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի զավակներն իր եղբոր սանիկներն է:

Նշենք, որ երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի  քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:

«Այո, Արկադի Փելեշյանի երեխաները իմ եղբոր սանիկներն են: Ինչ վերաբերվում է տվյալ դեպքին, ապա խնդիրն իրավական հարթությունում է, եւ իրավապահները կիրականացնեն իրենց գործառույթները: Ինչպես նախկինում, այժմ էլ հիմա ես չեմ խառնվում իրավապահների գործառույթներին: Անկախ ամեն ինչից, իմ սանիկն է, իմ բարեկամն է, եթե պարզվի, որ նման բան է եղել, ես իմ հստակ դիրքորոշումը կարտահայտեմ: Դա դատապարտելի է»,- ասաց Շարմազանովը:

Շարմազանովը հայտարարեց, որ կա անմեղության կանխավարկած, եւ ինքը չի ցանկանում կանխակալ գնահատականներ հնչեցնել:

Նշենք, որ ըստ տարածված լուրերի` երեկ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:

Այսօր՝ հոկտեմբերի 5-ի առավոտյան ոստիկանությունը Երեւանում հայտնաբերել եւ բերման է ենթարկել Արկադի Փելեշյանին: NEWS.am-ի տեղեկություններով, Փելեշյանը եկել էր Երեւան «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով:

Նշվում է, որ Արկադի Փելեշյանը եկեղեցի է եկել մոտ մեկ տասնյակ մարդկանց ուղեկցությամբ, ու հենց եկեղեցու ներսի սենյակում հարվածներ է հասցրել Ռաֆիկ Գրիգորյանին՝ նրան մեղադրելով այն բանի մեջ, որ ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանից փող է վերցրել եւ ընտրությունների ժամանակ աշխատել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: