«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ընդունել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ներողությունը եւ ներել նրան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց նա։
«Ազգային Ժողովի փոխխոսնակի անձամբ ինձ ուղղված ներողությունն ընդունել եմ ի գիտություն։ Ցավում եմ, որ հրապարակավ հնչեցնելու խիզախություն չունեցավ, բայց հանրությունը սպասում էր»,-ասաց նա։
Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովի ամբիոնից Տիգրան Ուրիխանյանը հայհոյախառն տեքստով քննադատության ենթարկեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանին, ինչին ի պատասխան Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց, թե Ուրիխանյանի տեղը ախոռն է։ Ուրիխանյանը վիրավորվելով Շարմազանովի բնութագարումից, հայտարարել էր, թե դժոխքի է վերածելու Շարմազանովի կյանքը։
Սակայն այսօր՝ ԱԺ-ում լրագրողները նկատել են, որ Ուրիխանյանը ՀՀԿ-ական պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արագած Ախոյանի հետ դուրս է եկել Շարմազանովի աշխատասենյակից։
Ուրիխանյանը չի մանրամասնել՝ ինչ են քննարկել եւ պնդել է, որ Շարմազանովը իրենից պետք է ներողություն հայցի։
Հարցին, ինչպե՞ս է դժոխքի վերածելու Շարմազանովի կյանքը, ասել է՝ իր ձեւակերպումը ծայրահեղ հստակ էր հասարակության համար։











