News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հավատում եմ, որ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել իր նախորդներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Կառավարությանում նա իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Ինչպես գիտեք, մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձեւավորման գործընթացը: Այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ պետական բարձր պաշտոններում նշանակվելու, ավելի ստույգ՝ պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություն: Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք:

Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Ե՛վ աշխարհում, եւ՛ մեր տարածաշրջանում, եւ՛ Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է զարգանալ, շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարեւաններն ու գործընկեր երկրներն ունենում են տնտեսական աճ: Եվ շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը եւ ունենալ զարգացում: Մեզ, իհարկե, անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ եւ հետեւողականորեն բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը:

Իմ համոզումն է, եւ աշխարհի փորձն է այդ մասին ասում, որ հնարավոր է եւ պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցներն ու հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Կարծում եմ՝ մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի: Մեր տնտեսության, եւ ընդհանրապես, հասարակության ներուժն ավելի կազմակերպված եւ նպատակային աշխատանքի մեջ է:

Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը, եւ ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Իհարկե, այս աշխատանքում դուք միայնակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները: Ես դա խոստանում եմ: Ձեզ սատարելու են, աջակցելու են, ձեզ ոգեւորելու են, քայլելու են նույն ուղղությամբ, բայց ինչպես ասացի՝ շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, շինարարը պետք է լինի կառավարությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ