Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն ընտրակեղծարարության խորհրդանիշերն են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Տիգրան Մուկուչյնն էլ վաղուց ստացել է թիվ մեկ թվանկարչի անպատվաբեր տիտղոսը»,- ասաց Զուրաբյանը:
Խմբակցության ղեկավարի գնահատմամբ, Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման տարիներին բոլոր ընտրությունները կեղծվել են, ինչի հետեւանքով էլ մարդիկ կորցրել են հավատն ընտրությունների նկատմամբ. «Հայաստանի քաղաքական համակարգը մշտապես նստած է վառոդի տակառի վրա, քանի դեռ լուծված չէ ընտրությունների նկատմամբ վստահության վերականգնման հարցը: Ընտրողների ստորագրված ցուցակների եւ բոլոր տեղամասերում տեսախցիկների տեղադրման մասին իշխանությունների հետ մեր համաձայնագիրը առաջին քայլն է, դրան պետք է հաջորդի ԿԸՀ կազմի ամբողջական փոփոխությունը»:
Լեւոն Զուրաբյանի համար զարմանալի է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածությունը հաստատել են ոչ միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այլեւ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
«Ժամանակ առ ժամանակ ռոտացիոն կարգով հայտնվելով ընդդիմության շարքերում՝ այս չորս կուսակցությունները զարգացրել են ընտրողներին նյութական շահագրգռվածությամբ եւ կլանային ազդեցությամբ վերահսկելու ցանցեր, եւ իշխանությունների, իրավապահների հանցավոր օժանդակությամբ ընտրությունները վերածել են ձայների գնման աուկցիոնի: Պատահական չէ, որ ընտրությունների ժամանակ մեջ-մեջ արեցին ձայները՝ հնարավորություն տալով Գյումրիում եւ Վանաձորում ստանալու ձայներ միայն լոկալ ուժերին»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Զուրաբյանի ելույթի ժամանակ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը սկսեց գոռգոռալ, թե սխալ եք ասում:
Նշենք, որ ԱԺ-ն քիչ անց կընտրի ԿԸՀ նոր նախագահին եւ անդամներին: Ի դեպ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկում է վերընտրել նախկին կազմը:











