«Հայկական վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր» խմբ.) կուսակցությունը Վանաձորում պաշտպանում է «Լուսավոր Հայաստանից» առաջադրված քաղաքապետի թեկնածուին։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։

Հարցին, թե վստահ է արդյոք, որ Վանաձորում նրա կուսակիցները չեն ենթարկվի իշխանության ճնշմանը եւ կքվեարկեն այնպես, ինչպես կասի կուսակցությունը, Շահգելդյանը պատասխանեց, որ կուսակցական կարգապահությունը անհրաժեշտ մակարդակի վրա է։ «Մենք կքվեարկենք հենց այնպես, ինչպես հայտարարել ենք»,– վստահեցրել է նա։

Ի պատասխան այն հարցին, թե «Հայկական վերածնունդ»–ը համաձայնության եկել է Վանաձորում եւ Գյումրիում ավագանու ընտրություններում անցողիկ շեմը  հաղթահարած այլ ուժերի հետ, պատգամավորը կրկնեց, որ «Լուսավոր Հայաստանի» հետ արդեն համաձայնություն կա։ Մյուս կուսակցությունների անունները նա նախընտրեց չտալ, քանի որ բանակցությունները դեռ ընթանում են։ «Քննարկումները դեռ չեն ավարտվել, այդ պատճառով ես դա անել չեմ կարող։ Կարող եմ միանշանակ ասել, որ Վանաձորում մենք պաշտպանում ենք «Լուսավոր Հայաստանից» Քրիստ Մարուքյանի թեկնածությունը»,– ասել է նա։

Պատգամավորը նշեց, որ հասարակությունում ողջունում են ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան, եւ «Հայկական վերածնունդը» նույն ալիքի վրա է։ «Հիշեցնեմ, որ ժամանակին մեր կուսակցությունը ձեւավորել է մի քանի ուժերի միաձուլումից։ Այսինքն՝ մենք միշտ կոնսոլիդացման կողմնակից ենք եղել»,– հայտարարել է Շահգելդյանը։

Անդրադառնալով «Հայկական վերածնունդի» ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորած Արկադի Փելեշյանի բարոյական կերպարին, որին կասկածում են վատ հեղինակության եւ հոգեւորականի ծեծելու մեջ, Շահգելդյանն ասաց. «Նման քրեական հոդված չկա։ Նա պարզապես ժողովրդին շատ մտերիմ մարդ է, նրան շատ են սիրում եւ հարգում, քանի որ նա օգնում է, ում որ կարողանում է ուժերի ներկածին չափով»։