Հայերը թիմային սպորտում ուժեղ չեն։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Վանաձորում ՏԻՄ ընտրությունները։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը հնարավորություն ունի միավորվել եւ առաջադրել քաղաքապետի անցողիկ թեկնածուի։ «Բայց հայերը միշտ ուժեղ են եղել անհատական սպորտում, իսկ թիմայինում՝ հազվադեպ։ ՀՀԿ–ն  սեպ չի խրի ընդդիմադիր ուժերի միջեւ։ Եթե մենք ուզեինք պայմանավորվել, հարցն արդեն փակ կլիներ։ Բայց ընդդիմության բանակցություններին մենք չենք միջամտի»,– ասել է Բաղդասարյանը։

Ընդդիմությունը կպայմանավորվի թե ոչ, ՀՀԿ–ն Վանաձորում, միեւնույնն է, հաղթել է, քանի որ բոլորից շատ ձայն է հավաքել, ընդ որում, այնքան, որքան սպասում էր, ասել է նա։ «Մենք հաշվարկում էինք 35-38 տոկոս ձայն հավաքել, հավաքեցինք 37 տոկոս։ Անգամ եթե մյուսները միավորվեն եւ շրջանցեն մեզ մեկ կամ երկու մանդատով, խնդրեմ։ Բայց առանձին վերցրած կուսակցությունների թվում մենք մեծամասնություն ենք»,– եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ներկայացող «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 18 մանդատ են ստացել, իսկ ՀՀԿ-ն ու նրա հետ քաղաքական համաձայնագրով կապված ՀՅԴ-ն՝ ընդամենը 15։ 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը կոչ է արել «Հայկական վերածննդին» ու «Բարգավաճ Հայաստանին» միավորել ուժերը ու օրենսդրության համաձայն նշանակել Վանաձորի նոր քաղաքապետ, ձեւավորելով տեղական իշխանությունը։ «Հայկական վերածնունդը» արդեն համաձայնել է։ Մնում է սպասել «Բարգավաճ Հայաստան»-ի որոշմանը։