Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր` հոկտեմբերի 11-ին, ցուցմունք տվեց ծննդկանի սկեսուրը:
Ըստ Օլգա Հարությունյանի` Մերին չորս օր բարձր ջերմություն է ունեցել, բայց «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նրան ոչնչով չեն օգնել. «Մերին հղիության ընթացքում որոշակի խնդիրներ է ունեցել, երեխայի քաշը 500 գրամ քիչ է եղել եւ բժշկուհին ավելի հաճախ պետք է նրան հրավիրեր կոնսուլտացիաների, ստուգեր, որը չի արվել»,- Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պատմեց նա:
Նա եւս պնդեց, որ իր հարսի հղիությունը վարող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը չորս օր շարունակ անտարբերություն է ցուցաբերել իր հարսի նկատմամաբ, որը ջերմության հետեւանքով այնքան է հյուծվել, որ անգամ դժվարությամբ է կարողացել շնչել. «Ես հասկացել էի, որ այդ հիվանդանոցում մեզ ոչ ոք չի կարող օգնել, ուզում էինք այլ բժշկի մոտ տեղափոխել, բայց Մերին այնքան կապված էր իր բժշկուհուն, որ չցանկացավ: Գնացինք հիվանդանոց, ասացի, որ թոքերն ստուգեն, հերթապահ բժիշկը` Տիգրան Սարգսյանն այնպիսի տոնով ասաց` այսպիսի սռոկում ռենտգենն արգելված է, որ զարմանալ կարելի էր: Հետո պարզվեց, որ ուղղակի հիվանդանոցում համապատասխան սարքավորում չի եղել, դրա համար էլ չեն ստուգել»,-պատմեց նա:
Օլգա Հարությունյանի խոսքով` հիվանդասենյակում Մերին շատ վատ վիճակում է եղել, այնքան վատ է զգացել, որ չի կարողացել պառկել եւ անգամ այդ վիճակում Շուշանիկ Բախշյանը պնդել է, որ ոչ մի խնդիր չկա, շուտով ամեն ինչ կկարգավորվի. «Բժշկուհուն ասացի` միգուցե կեսարյան անենք, ասաց` ոչ մի դեպքում: Ասաց մեզի անալիզներին է սպասում, պետք է 24 ժամից որոշում ընդունի: Հետո Վերակենդանացման բաժանմունք բարձրացրին, որտեղ սովորաբար օգնում են: Բժիշկն եկավ, ասաց, նյարդաբանի է պետք կանչել, հետո ասացին, որ ուղեղում արյունազեղման կասկած կա, որոշ ժամանակ անց բժիշկն ասաց, որ պետք է վարակաբանի կանչել, որը երեք ժամ անց պետք է գար: Ասացի, ռենտգեն արեք, ասացին չունեն, զանգեցի ամուսնուս ասացի, որ վարակաբանը ուշ կլինի: Հարցրի` ինչ սխալ են թույլ տվել, որ Մերին այս վիճակում է, բժշկուհին ասաց` ոչ մի: Ինքն այդ պահին ինչ-որ թղթեր լրացնելով էր միայն զբաղված: Տեղափոխեցինք Էրեբունի, որտեղ Մերիի վիճակը տեսնելով, բժիշկներն ու բուժքույրերն ուղղակի վազում էին, ոչ մի րոպե չէին ուզում կորցնել: Մերին չէր կարողանում շնչել, միանգամից Վերակենդանացում ուղարկեցին, որոշ ժամանակ անց անալիզների արդյունքները ստացան եւ ուղարկեցին կեսարյան: Կեսարյան հատումից հետո Մերին կոմայի մեջ էր, հաջորդ օրը մահացավ»:
Օլգա Հարությունյանը դատարանին խնդրեց Շուշանիկ Բախշյանին օրենքի ողջ խստությամբ պատժել, որպեսզի այլ ծննդականներ նրա իրավիճակում չհայտնվեն:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 29-ին մահացած Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:



























