News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել։ Հոկտեմբերին 11-ին հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է 27-ամյա Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Նա Մարտունու շրջանի Հերհեր գյուղից էր։

Իսկ հոկտեմբերի 7-ին Արցախի դիրքերից մեկում վիրավորված 20-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Համբարձումյանի վիճակը կայուն ծանր է։ Նրան ուղղաթիռով Ստեփանակերտից Երեւան են տեղափոխել։ Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալից հայտնում են, որ զինծառայողը վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում, նաեւ լյարդի վնասվածք ունի:

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին։ Իր ելույթում նախագահն անդրադարձել է Հայաստանի ներկա տնտեսական եւ քաղաքական առաջնահերթություններին, ձեռքբերումներին, մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, ինչպես նաեւ իրականացվող ծրագրերին:

Սերժ Սարգսյանը բոլորին Հայաստան է հրավիրել՝ նշելով, որ արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտում են որպես երկրի տնտեսությունը խթանող կարեւոր բաղադրիչ:

Համաժողովի շրջանակում Սերժ Սարգսյանը նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։

Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, խորհրդարանում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից, պատրաստվում է հեռանալ նաեւ ՀՀԿ-ից: Այսօր կայացած ասուլիսում Դալլաքյանը նաեւ հայտնել է, որ ակտիվ քաղաքականություն է վերադառնում եւ մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Մինչ այդ՝ նա անդրադարձել է 2012 թվականի ընտրություններին, որտեղ պարտվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Ասում է՝ 2012-ի ընտրություններում իր դեմ օգտագործեցին այդ «լուսավոր հանցագործին», իսկ հետո հարցրեցին, թե ինչ է տեղի ունեցել։

Երկար ժամանակ լուրեր են պտտվում, որ Վիկտոր Դալլաքյանը կուսակցություն է ստեղծելու։ Փաստը հաստատեց, անվան շուրջ ենթադրությունները՝ ոչ։

Նաեւ լուրեր էին շրջանառվում, որ Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանն անդամակցելու է նաեւ պաշտպանության նախկին նախարարը։ Դալլաքյանը չցանկացավ հաստատել լուրը՝ հավելելով, որ Սեյրան Օհանյանն իր գործունեության եւ ծրագրերի մասին առայժմ որեւէ հրապարակային հայտարարություն չի արել, ուստի ձեռնպահ է մնում գնահատական տալ։

Վանաձորի եւ Գյումրիի ավագանու ընտրություններից հետո կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում։ «Լուսավոր Հայաստան»-ն այսօր հայտարարել է Վանաձորի ավագանու առաջիկա նիստերը բոյկոտելու մասին։ «Բարգավաճ Հայաստան»-ի Վանաձորի կառույցը հայտնել է այս նախաձեռնությանը միանալու մասին: Իսկ Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ «Հայկական վերածնունդի» քաղխորհուրդը նման որոշում դեռեւս չունի, բայց պատրաստ են միանալ։

Սակայն մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ «Հայկական վերածնունդ»-ը դավաճանել է «Լուսավոր Հայաստան»-ին։  Բանն այն է, որ ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» հայտարարել էին «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակը ղեկավարող Քրիստ Մարուքյանին որպես ընդդիմությունից Վանաձորի քաղաքապետի միասնական թեկնածու սատարելու մասին։ Սակայն քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստում կայացած ընտրության արդյունքում հաղթեց Հանրապետականի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, որին, ըստ ընդդիմության համաձայնության, պետք է ավագանու 15 անդամ սատարեր, բայց նա 19 ձայն ստացավ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ լրացուցիչ 4 ձայնը նա ստացել է «Հայկական վերածննդից»։

«Բարգավաճ Հայաստան», ԳԱԼԱ եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները Գյումրիի նորընտիր ավագանու մանդատների բաշխման վերաբերյալ հայցադիմում են ներկայացրել դատարան: ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանն ասում է՝ հարկ եղած դեպքում մինչեւ Սահմանադրական դատարան կհասնեն։ Կուսակցությունները վիճարկում են Ընտրական օրենսգրքի այն կետը, որը վերաբերում է մանդատների 40 տոկոսից ավելին ստացած ուժին բոնուս հատկացնելուն:

Հավելենք, որ հենց բոնուսի շնորհիվ էլ Գյումրիի ընտրություններում «Բալասանյան» դաշինքը ստացավ ավագանու 33 մանդատներից 17-ը, իսկ Սամվել Բալասանյանը քաղաքապետ ընտրվեց:

Գյումրիում լքված կիսակառույցի տանիք բարձրացած եւ ինքն իրեն վնասած երիտասարդն իրականում Արմավիրի մարզի բնակիչ է՝ 30-ամյա Վարդան Սարգսյանը։ Նա Վաղարշապատի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Գյումրու բուժկենտրոն տեղափոխված Սարգսյանը ներկայացել էր որպես 24-ամյա Ալեքս Կեմերով: Նրա մոտ վերին վերջույթների բազմակի կտրված եւ արյունահոսող վերքեր են եղել:

Վրաստանում հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններից հետո անորոշությունը քաղաքական դաշտում մեծացել է. ոչ մի ուժ կառավարություն ձեւավորելու հնարավորություն եւ, ըստ էության, հեռանկար չունի։ Բանն այն է, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ Կառավարություն ձեւավորելու իրավունք ունի այն կուսակցությունը կամ կոալիցիան, որը ստանում է խորհրդարանի 150 մանդատից առնվազն 113-ը։

Իշխող «Վրացական երազանք»-ը համամասնական ընտրակարգով ընտրված 44 պատգամավոր ունի, եւս 22 թեկնածու էլ ընտրվել է մեծամասնական ընտրակարգով։  Արդյունքում կառավարություն ձեւավորելու համար կուսակցությանը եւս 47 մանդատ է անհրաժեշտ։ 51 միամանդատ ընտրատարածքներում նոյեմբերի 2-ին քվեարկության երկրորդ փուլ է նախանշված, սակայն, դատելով առաջին փուլի արդյունքներից, «Վրացական երազանքի» կողմից 47 մանդատ ստանալու հնարավորությունն այնքան էլ մեծ չէ։ Հավելենք նաեւ, որ Վրաստանի խորհրդարանում 3 հայ պատգամավոր կլինի՝ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը եւ Ռուսլան Պողոսյանը։ Բոլորն էլ ներկայացնում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Հոկտեմբերի 11-ին դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը՝ նվազել։ Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 528, ռուբլունը՝ 7 դրամ 62 լումա, ֆունտինը՝ 584 դրամ։

Հոկտեմբերի 12-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ