News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստան են ժամանում մի շարք պետությունների ղեկավարներ՝ մասնակցելու հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Արդեն Երեւանում են Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահները, ավելի ուշ կժամանեն նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի ղեկավարները: Նիստից կբացակայի միայն Ղազախստանի նախագահը. այդ երկիրը կներկայացնի վարչապետը: Նիստի ընթացքում կառույցի նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բելառուսին, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Հայաստանի ներկայացուցիչը։ Նիստի արդյունքներով նաեւ շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ կստորագրվի:

Օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների ժամանման հետ կապված՝ հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթեւեկությունը կսահմանափակվի: Որոշ ժամանակով փակ կլինեն փողոցների հետեւյալ հատվածները.

«Մարիոթ-Արմենիա» հյուրանոցից Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակը;

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչեւ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը;

Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկից մինչեւ Սարալանջի-Տերյան փողոցների հատման հատվածը:

Երեւանում բացվել է Սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը: Այն ներառում է սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի գրեթե ամբողջ սպեկտրը: Ցուցահանդեսը մեկնարկել է հայկական զինված ուժերի պատվո պահակային վաշտի եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների ցուցադրական ելույթներով: Նպատակը Հայաստանի եւ այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները ներկայացնելն է:

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 ընկերություններ 9 երկրներից:

Կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսել է պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահին ներկայացնելով: Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը «Գազպրոմ-Արմենիա»-ի գլխավոր տնօրենն էր:

Շնորհավորանքից հետո հերթը հանձնարարություններինն էր: Կրթության նախարարությանն ու մարզպետերին վարչապետը 7 օր ժամանակ տվեց՝ դպրոցների տնօրենների ընտրության այնպիսի մեխանիզմ մշակելու համար, որը կբացառի ծանոթ-բարեկամի գործոնը:

Հաջորդ հանձնարարականն արդեն սոցապ նախարարության համար էր: Գերատեսչությունը պետք է պարզեցնի թոշակների եւ նպաստների նշանակման գործընթացը:

Կարեն Կարապետյանին շատ է հուզում բնակչության առողջությունը: Արդեն երկրորդ անգամ նա ընդգծել է սպորտն ու առողջ ապրելակերպը ժողովրդականացնելու անհրաժեշտությունը: Դրա համար վարչապետն առաջարկում է ուսումնասիրել ոլորտի ֆինանսավորման արդյունավետությունը, կրճատել չհիմնավորված ծախսերը, տնտեսած միջոցներն էլ ուղղել առողջ ապրելակերպի զարգացմանը նպաստելուն:

Ի դեպ, սպորտի թեման շարունակվել է նաեւ նիստերի դահլիճից դուրս: Նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունում է. ֆուտբոլի վիճակը Հայաստանում վատ է, մասնագետներ են հրավիրում՝ խնդիրները հասկանալու եւ լուծման ուղիներ գտնելու համար: Լրագրողների հետաքրքրել է նաեւ, թե որքանով են սպորտի զարգացման գործում օգտագործվում ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցները:

Կարեն Կարապետյանի նախաձեռնած կառավարության բարեփոխումների շրջանակում էլ վերակազմավորում է եղել. Հայաստանն այլեւս քաղաքաշինության նախարարություն չունի: Փոխարենը ոլորտի հարցերով կզբաղվի նորաստեղծ քաղաքաշինության պետական կոմիտեն: Շատ բաժիններ կփակվեն, մեծ թվով կրճատումներ կլինեն:

Ի դեպ՝ ծախսերի մասին: Շավարշ Քոչարյանը որոշել էր կառավարության հաստատմանը ներկայացնել արտաքին գործերի եւս մեկ փոխնախարարի հաստիքի ստեղծման անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը: Պարզվում է՝ խոսքն ընդամենը նոր փոխնախարարին բջջային հեռախոս տրամադրելու մասին էր: Կարեն Կարապետյանը չդիմացավ. ինչու են նման հարցերի համար նիստի մասնակիցներից ժամանակ խլում:

Սիրիահայերը դեռ մեկ տարի Հայաստանում կերթեւեկեն սիրիական վարորդական իրավունքներով: Որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է Հրանուշ Հակոբյանը:

Վերջին շրջանում Հալեպում ռազմական գործողությունների ակտիվացման հետեւանքով վատթարացել է նաեւ այստեղ բնակվող մեծաթիվ հայ համայնքի վիճակը: Հայտարարություններ են հնչում, որ մեծ թվով հալեպահայեր ցանկանում են, բայց չեն կարողանում Հայաստան տեղափոխվել: Խնդիրը չլուծելու համար մեղադրանքներ են հնչում, մասնավորապես, Սփյուռքի նախարարության հասցեին: Հրանուշ Հակոբյանը վստահեցրել է. անում են առավելագույնը՝ մեր հայրենակիցներին աջակցելու համար:

Կառավարության նիստից հետո լրագրողների «ձեռքն է ընկել» Լեւոն Ալթունյանը: Նրանց հանգիստ չեն առողջապահության նոր նախարարի միլիոնները: Որտեղի՞ց է գոյացել նախարարի հարստությունը: Ավելի վաղ բացատրել էր. ով էլ Մոսկվայում բնակարան վաճառի, միլիոնատեր կդառնա: Իսկ այսօր վստահեցրեց. բոլորն իրեն սխալ են հասկացել:

Ի վերջո, հարո՞ւստ է, արդյոք, Լեւոն Ալթունյանը: Այս հարցին նույնպես նախարարը երկակի պատասխան տվեց:

Իսկ ոչ այնքան հարուստ բժիշկներին կարելի է նաեւ երբեմն ուրախացնել կոնյակով ու ծաղիկներով: Նախարարը դա կոռուպցիա չի համարում:

Արտակարգ դեպք Գյումրիում: Վաղ առավոտյան Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 102-րդ ռուսական ռազմաբազայի 24-ամյա զինծառայողը՝ կտրած-ծակած վնասվածքներով: Նախնական տեղեկություններով՝ նա դանակահարվել է անծանոթների հետ վիճաբանության ժամանակ: Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում՝ դանակահարության մեջ կասկածվողներին հայտնաբերելու ուղղությամբ:

88 տարեկանում մահացել է Թաիլանդի թագավոր Փհումիփոն Ադուլյադետը կամ Ռամա 9-րդը: Երկրում մեկամյա սուգ է հայտարարվել: Ռամա 9-րդը թագադրվել է 1946 թվականին՝ դառնալով երկրի պատմության մեջ ամենաերկար գահակալած միապետը: Նա ժողովրդի կողմից «Մեծ» պատվանունն է ստացել, որը շնորհվել է նաեւ թագավորական այս դինաստիայի հիմնադրին՝ Ռամա առաջինին: Թաիլանդի հաջորդ թագավորը կդառնա Ռամա Մեծի 63-ամյա որդին՝ արքայազն Մահա Վաջիրալոնգկորնը, որը թագավորական ընտանիքի ամենաբարձր՝ Մահա Չաքրի կոչումն ունի:

Բոբ Դիլանը՝ Նոբելյան մրցանակակիր: Հայտնի երաժշտին 2016 թվականի Գրականության Նոբելյան մրցանակն են շնորհել են՝ «ամերիկյան հզոր երաժշտական ավանդույթների շրջանակում նոր պոետիկ արտահայտություններ ներմուծելու համար»։ Բոբ Դիլանը երգահան է, պոետ, երգիչ, նկարիչ եւ դերասան։ Նրա երկու երգերը Միացյալ Նահանգներում քաղաքացիական իրավունքների եւ հակառազմական շարժումների հիմնն են դարձել։

Հոկտեմբերի 13-ին դոլարը շարունակել է ամրապնդել դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 476 դրամ, եվրոյինը՝ 525, ռուբլունը՝ 7 դրամ 54 լումա, ֆունտինը՝ 581 դրամ։

Հոկտեմբերի 14-ին հանրապետության տարածքում երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով: Երեւանում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ