Իրաքի վարչապետ, երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Հայդեր ալ-Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից Մոսուլի ազատագրման ցամաքային գործողության մեկնարկի մասին: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է հեռուստաուղերձում:

Աբադին ընդգծել է, որ երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն ԻՊ-ի զինյալներից ազատագրելու են «իրաքյան բանակն եւ տեղի ոստիկանական ուժերը»: «Տեղի բնակիչներին կոչ ենք անում համագործակցել ազատագրական ուժերի հետ»,- հայտարարել է վարչապետը:

Մոսուլն «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության ներքո է 2014 թվականի հունիսից:

Ավելի վաղ ՄԱԿ-ը զգուշացրել էր, որ քաղաքի ազատագրման գործողությունների մարդասիրական հետեւանքները կարող են առնչվել 1.2 մլն մարդու, որոնք բնակվում են քաղաքում  եւ արվարձաններում: