News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականի մարզչի պաշտոնը դեռևս թափուր է: Մինչ քննարկելը, թե ով կարող է ստանձնել հավաքականի ղեկը, պետք է առաջին հերթին հաշվի առնել, որ մինչ հաջորդ խաղը՝ նոյեմբերի 11-ին Մոնտենեգրոյի հետ քիչ ժամանակ է մնացել եւ մարզիչ մինչ այդ պետք է նշանակվի, թեկուզեւ ժամանակավոր:

Բազմիցս գրվել ու քննարկվել է, որ հայկական ֆուտբոլի այսօրվա իրականության մեջ, ավաղ, մարզիչ փոխելով մեծ փոփոխությունների չենք հասնի: Թե որոնք ենք հայկական ֆուտբոլի խնդիրները, մենք արդեն հասցրել ենք քննարկել: Այնպես ստացվեց, որ հավաքականի մեկնարկային երեք պարտությունից հետո Վարուժան Սուքիասյանը հեռացավ: Անզեն աչքով երեւում էր, որ նախկին մարզիչը չունի գործողությունների լրիվ ազատություն:

Առաջին հերթին դա կապված էր կազմի ընտրության հետ. նա մի քանի անգամ նշում էր «սեւ ցուցակում» հայտնված ֆուտբոլիստների անունները, ասում, որ նրանց մասին չեն մոռացել, բայց նույն Յուրա Մովսիսյանը, չնայած լավ արդյունքների, այդպես էլ հրավեր չստացավ հավաքական: Այստեղ կարելի է եզրակացնել, որ մարզիչ մենակ չէր որոշում հավաքականի խաղաոճն ու կազմը:

Նոր մարզիչը երկրպագուների եւ ֆուտբոլիստների առաջ միանգամից միավոր հավաքելու համար առաջին հերթին պետք է ցույց տա, որ նա ունի լիիրավ ազատություն, հրավիրի այն ֆուտբոլիստներին, որոնց հետեւողականորեն հեռու են պահում հավաքականից, ընտրի ավելի համարձակ մարտավարություն: Իհարկե, 9-1 կամ 7-3 մարտավարությունը գուցե արդյունավետ է, բայց եթե պարտվում ենք, ապա ավելի լավ է խաղալ համարձակ ֆուտբոլ: Եվ այսպես, եկեք եզրակացնենք կամ երազենք, թե ով կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզչի անունը երկրպագուների մի մասը սկսեց վանկարկել Հայաստան – Ռումինիա խաղի ժամանակ: Ինչից հետո էլ խոսակցություններ առաջացան, թե Մինասյանի վերադարձը պլանավորում է հենց ֆեդերացիան: Մինասյանը համարվում է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն մարզիչներից մեկը: Նրա օրոք հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ ռեկորդային՝ 34-րդ հորիզոնական, հավաքականին մի քայլ էր պակասում դուրս գալ նախընտրական խմբից (Եվրո 2012-ի): Այն, որ Մինասյանը ամենացանկալի թեկնածուն է երկրպագուների համար, ցույց են տալիս նաեւ սոցցանցերի հարցումները: Վարդան Մինասյանի վերադառնալու լուրը Ռումինիայի հետ խաղից հետո մեկ օրում հայտնեց եւ տեղում հերքվեց տարբեր կայքերի կողմից: Հրավիրելով Մինասյանին՝ ֆուտբոլի ֆեդերացիան, իհարկե, կշահի, քանի որ երկրպագուների համար նա լավագույն տարբերակն է: Շատ ֆուտբոլիստների համար նույնպես, որոնք սովոր էին խաղալ նրա հետ: Եթե Մինասյանի վերադառնալով նրան արտոնություն տրվի հրավիրել իր ցանկացած ֆուտբոլիստներին, ապա դա կլինի քարտ բլանշ նրա ձեռքում ու շատ երկար ժամանակով դժգոհությունների ալիքը կդադարի: Այստեղ այլ հարց է ծագում: Կցանկանա՞ արդյոք ինքը՝ Մինասյանը, վերադառնալ: Նա հավաքականից հեռացել է մաժորային նոտայի վրա: Հեռացել է որպես հաջողակ մարզիչ, որի գլխավորած թիմը Դանիային էր հաղթում, Իտալիայի հետ ոչ ոքի խաղում: Հիմա վերադառնալով նա ռիսկի կգնա: Ձախողման դեպքում նրան այլեւս չեն հիշի, որպես լավագույն մարզիչ:

Կարեն Բարսեղյան

Մեկ անգամ չէ արդեն, երբ ազգային հավաքականի մարզչի հեռանալուց հետո նրա պաշտոնը ժամանակավոր զբաղեցրել է իր օգնականը: Ժամանակին Վարդան Մինասյանը օգնում էր Յան Պորտերֆիլդին: Տրամաբանությունից ելնելով կարելի է եզրակացնել, որ անհավանական չէ՝ Սուքիասյանի օգնական Կարեն Բարսեղյանի նշանակումը հավաքականի գխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Քանի որ, կարելի է ասել, հավաքականը ամենայն հավանականութամբ արդեն տանուլ է տվել այս մրցափուլը, ապա Մոնտենեգրոյի հետ խաղը կարող է անցնել ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարությամբ, բայց մյուս կողմից էլ երիտասարդական հավաքականը, որը գլխավորում է հենց Բարսեղյանը ցույց տվեց վատագույն արդյունքը՝ գրավելով խմբի վերջին տեղը՝ մեկ միավորով:

Աբրահամ Խաշմանյան

Երկրպագուների շրջանում Վարդան Մինասյանից ոչ պակաս պահանջված է նաեւ Աբրահամ Խաշմանյանը: Մասնագետ, ով Հայաստանի առաջնության գրեթե բոլոր թիմերի հետ հասել է հաջողության: Մասնագետ, ում գրեթե ամեն տարի տարվա լավագույն մարզիչ անվանակարգում ընտրում են մարզական լրագրողները, սակայն ՀՖՖ գործկոմը համառորեն այդ մրցանակը տալիս է այլ մարզչի: Խաշմանյանը մի քանի անգամ իր հարցազրույցներում նշել է, որ ցանկացած մարզչի համար գերագույն ցանկություն է ղեկավարել ազգային հավաքականը: Թե ինչու ՀՖՖ-ն այդպես էլ չի վստահում նրան, պարզ չի: Անգամ Բերնար Շալանդի հեռանալուց հետո, հնարավորություն տվեցին, կարելի է ասել, անփորձ Հովսեփյանին, այլ ոչ Խաշմանյանին: Իր վերջին հարցազրույցներից մեկում մարզիչ ասաց, որ չի կարող աշխատել, եթե իր վրա ճնշում գործադրվի: Գուցե հենց սա է պատճառը, որ նա մինչ այսօր այդպես էլ չկանգնեց հավաքականի ղեկին:

Ալեքսանդր Գրիգորյան

Խարիզմատիկ, ուժեղ բնավորությամբ այս մարզիչը վստահ է, որ մի օր ինքը գլխավորելու է ազգային հավաքականը: Ֆեդերացիաները կփոխվեն, բայց նա իր երազանքին կհասնի: Այսպես է տեսնում իր ապագան Գրիգորյանը: Իսկ մինչ այդ մարզիչը հանգիստ գլխավորում է Խաբարովսկի ԲՄԱ- էներգիա թիմը, որը շատ լավ հնարավորություններ ունի եկող տարի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու: Գրիգորյանը, ինչպես եւ Խաշմանյանը, բազմիցս նշել է, որ երբեք ոչ ոքի թույլ չի տա խառնվել իր գործերին: Մեկ անգամ Ուզբեկստանում նա արդեն այդ դառը փորձը ճաշակել է, երբ թիմի նախագահը փորձել է միջամտել իր գործերին: Գրիգորյանը լքել է թիմը: Իր բոլոր հարցազրույցներում, նա Ռուաստանում նշում է, որ երազում է օգուտ տալ հայկական ֆուտբոլին:

Յուրի Ջորկաեֆ

Այս անունն անհավանական է թվում: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը չունի մարզչական բավական փորձ, հեռու է հայկական ֆուտբոլից: Դժվար էլ պատկերացնի, թե ինչ է իրեն սպասվում: Բայց հարցն այն է, որ մեր հայրենակիցը մի քանի անգամ նշել է, որ երազում է մի օր գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Ջորկաեֆին կօգնեն իր անունն ու հեղինակությունը: Ցանկացած ֆուտբոլիստի ու ֆուտբոլասերի համար նա մեծություն է: Շատ մարզիչներ են մեծ բանի հասել, երբ նրանց ոչ ոք չէր վստահում: Բայց արդյոք արժե՞, որ նա գա, մտնի հայկական ֆուտբոլ հենց այս, մեղմ ասած, ոչ այդքան լավ ժամանակներում:

Մոտ օրերս պարզ կդառնա, թե ով կգլխավորի հավաքականը: ՀՖՖ նախագահի խոսքով, հավաքականը պետք է գլխավորի միայն հայ մասնագետ: Մի բան պարզ է՝ ով էլ ստանձնի ղեկը, նրան ոչ հեշտ ուղի է սպասվում:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ