News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am–ն ավարտում է «Անկախության սերունդ» հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին:

Նախագծի 25 մասնակիցներն անկախության հասակակիցներ են՝ 25 տարեկան, ունեն տարբեր մասնագիտություններ եւ հետաքրքրություններ:
Նրանց բոլորին 9-ական հարց է տրվել պարզելու համար, թե ինչպես են նրանք իրենց զգում այսօրվա Հայաստանում, ժողովրդավարական է մեր երկիրը, թե ոչ, ինչն է ամենից շատ բարկացնում հայ հասարակության մեջ եւ խնդիրներից որ մեկը պետք է առաջին հերթին լուծվի:

Առավել հետաքրքիր պատասխանները նախագծի հեղինակ Անի Աֆյանը առանձնացրել է եւ ներկայացնում է ստորեւ։
 

- Որտե՞ղ եք ծնվել և ո՞րն է Ձեր ծննդավայրի գլխավոր խնդիրը:
 

Կարինե Ղազարյան, լրագրող
Ծնվել եմ Վանաձորում։ Այնտեղ ամենագլխավոր խնդիրը, երեւի, արտագաղթն է։ Եթե փորձեմ դասարանս հիշել, կարող է պարզվել, որ դասարանցիներիս կեսն այլեւս Հայաստանում չեն։

Արմեն Տիրատուրյան, գրաֆիկական դիզայներ
Ծնվել եմ Գյումրիում։ Երեւի ավելի հեշտ է ասել, թե ինչը խնդիր չէ Գյումրիում։ Ժամանակին ինչ քաղաք է եղել, հիմա ոսկորներն են մնացել… ու մեկ էլ փոսերը։

Հասմիկ Բարխուդարյան, արվեստաբան
Ծնվել եմ Երեւանում։ Երեւանի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք շատ ենք կենտրոնանում Երեւանի վրա, անընդհատ փորձում ենք փոխել, դարձնել մեր երազանքների քաղաքը: Կառուցում ենք, քանդում ենք։ Այդ էներգետիկան, որ անընդհատ կենտրոնանում է քաղաքի վրա, ճնշում է։ Թողեք Երեւանը մնա այնպես, ինչպես կա։

Մարի Ամիրխանյան, հոգեբան
Ծնվել եմ Երեւանում։ Շատ են խնդիրները, բայց եթե առանձնացնենք, ապա մարդիկ շատ քիչ են ժպտում այստեղ. ոնց որ թե ամոթ լինի ժպտալը։

Ավետ Ավետիսյան, լուսանկարիչ
Ծնվել եմ Արմավիրում։ Մարզերում երիտասարդներն ունեն մի մեծ խնդիր. չունեն «տժժալու» հնարավորություն։

Շուշան Մելիք-Ադամյան, լեզվաբան
Ծնվել եմ Երեւանում։ Երեւի թե ամենամեծ խնդիրն այն է, որ մենք կարծում ենք, որ կան շատ խնդիրներ։
 

- Ի՞նչն է Ձեզ մտահոգում Ձեր մասնագիտական բնագավառում։
 

Մելինե Արծրունի, դերասանուհի
Կարծում եմ՝ մեծ խնդիր է, որ այսօր բոլոր բնագավառներում ոչ մասնագետներ են աշխատում։ Շատ կցանկանայի, որ վերջ դրվեր այդ դիլետանտությանը, հատկապես արվեստի բնագավառում։

Կարինե Ղազարյան, լրագրող 
Իմ մասնագիտության մեջ ավելի շատ նյարդայնացնում են «Կիսաբաց լուսամուտները» եւ Գագիկ Շամշյանը։ 

Արմեն Տիրատուրյան, գրաֆիկական դիզայներ
Դպրոցի բացակայությունը։ Ինտերնետով ինչ կարելի էր սովորել, սովորեցիր։ Ուրիշներից ինչ սովորեցիր, դա է։ Չկա ձեւավորված դպրոց, որտեղ կարող ես ընդունվել, սովորել, զարգանալ։ 

Անի Երեմյան, մանկաբարձ-գինեկոլոգ
Կարծում եմ՝ բժիշկը պետք է հիվանդի հետ գումարային հարցերի մեջ չմտնի, զատ լինի դրանից։ 

Գեւորգ Սիանոսյան, փիլիսոփա
Խնդիրներից մեկն այն է, որ ոչ բոլորի կողմից է իմ մասնագիտությունը եւ դրա կիրառելիության ունիվերսալությունը ճիշտ գնահատվում:

Արթուր Քեյան, ծրագրավորող
Լիքը մարդիկ են գալիս էս ասպարեզ նրա համար, որ իրենց կարծիքով՝ փողը շատ է այստեղ։ Շատ մարդիկ զանգում հարցնում են՝ ո՞նց կարամ այթիշնիկ դառնամ արագ։

Հայկ Ադամյան, իրավաբան
Մեր քաղաքացիներից շատերի իրավագիտակցությունը ցածր է։ Մարդիկ ինքնուրույն չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից եւ չգիտեն իրենց պարտականությունները։ 

Հասմիկ Բարխուդարյան, արվեստաբան
Այսօր գեղարվեստական քննադատությունը որպես ժանր չի ընկալվում մեր հասարակությունում: Բոլորը ընկալում են այն որպես անձնական վիրավորանք։
 

- Ինչու՞ արժե ապրել Հայաստանում։
 

Կոնստանտին Գեւորգյան, նախագծերի մենեջեր 
Ինձ դուր է գալիս մարդկային ջերմ վերաբերմունքը, բացի այդ՝ սրճարանները էժան են: 

Մովսես Կարապետյան, նկարիչ
Ինձ դուր է գալիս, որ ամեն ինչ հայերեն է: Օրինակ՝ փողոցում քայլում եմ, փողոցն ինձ հետ հայերեն է խոսում: Այսինքն՝ փակ, սիմվոլիկ նամակները, որ ուղղված են ինձ փողոցից, բոլորը հայերեն են: 

Կարինե Ղազարյան, լրագրող 
Օրինակ՝ գինու: Հայկական գինին վերջին տարիներին շատ լավն է: Մեկ էլ ժամանակակից գրականությունը: Վերջերս բացահայտել եմ, որ Հայաստանում զիլ, շատ հետաքրքիր գրքեր են գրվում:

Հերմինե Հոռոմյան, տնտեսագետ
Սա իմ երկիրն է, ես այստեղ համարվում եմ առաջին խավի անձ, իսկ այլ երկրում՝ երկրորդ, երրորդ, որը բավականին իրավունքներից զուրկ է, եւ դա իհարկե տհաճ է։
 

- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հայ հասարակության մեջ։
 

Մարի Ամիրխանյան, հոգեբան
Որ ասում են՝ հարեւանի աչքը ծակվի: Դա, ինձ թվում է, հայության ամենաբացասական, բայց եւ համով գծերից է: Որ Նոր տարուն սեղանը լցնում են ամեն ինչով, բայց ոչ թե ուտելու համար, այլ որ հարեւանը տեսնի:

Մելինե Արծրունի, դերասանուհի
Նյարդայնացնում է այսօր ավելի շատ վիրտուալ լինելը, այսինքն, մենք օգտագործում ենք ինտերնետը ոչ թե ինֆորմացվելու, այլ միմյանց հետ շփվելու համար: 

Նարեկ Խանյան, բարմեն
Չտեսությունը, բայց վատ իմաստով չտեսությունը չէ, օրինակի համար նայում ենք արտասահմանում, նույն ԱՄՆ-ում ինչ-որ բաներ, փորձում ենք նմանվել իրենց, բայց մի քիչ սխալ է ստացվում, սիրուն չի:

Կոնստանտին Գեւորգյան, նախագծերի մենեջեր 
Չգրված օրենք է. ծնվելուց ամեն մեկն իրեն գանգսթեր է պատկերացնում ու այդ կյանքով փորձում է ապրել։ 

Շուշան Մելիք-Ադամյան, լեզվաբան
Որ չբողոքենք՝ մեր օրն օր չի լինի: Ասում են, որ Շեքսպիրի ողբերգությունները շատ լավ են հայերեն թարգմանված, որովհետեւ հայերենում դժգույն բառեր շատ ունենք: Օրինակ՝ տվայտանք, տանջանք: Իսկ քանի որ կոմեդիաների համար շատ բառեր չունենք, ասում են՝ դրանք վատ են թարգմանված: 

Երեմ Պետրոսյան, կինոօպերատոր
Անտեղյակությունը, այսինքն մարդն անտեղյակ է, բնականաբար բողոքում է. նախ եւ առաջ պետք է իմանաս, հասկանաս խնդիրը, նոր պահանջես: 

Ծովինար Յոլչյան, ցեղասպանագետ
Մեր հասարակությունը մի քիչ կոմպլեքսավորված է, դա ամենաշատը երեւում է ուրիշ ազգերի հետ շփվելու ժամանակ, անընդհատ մտածում ենք, թե ուրիշները ինչ կասեն, իսկ ուրիշներն էլ հիմնականում միշտ ասում են. շատ են «չի կարելի»-ներն ու «ամոթ է»-ները: Դրանք պետք է վերացնել:

Նարեկ Թովմասյան, թմբկահար
Տգիտությունը. մարդիկ պատրաստ չեն փոփոխությունների:

Արման Ղուկասյան, քաղաքագետ
Մի փոքր սկսել ենք չհարգել միմյանց. հայրենասիրությունը ոչ միայն երկիրը, ջուրը, հողը սիրելն է, այլ առաջին հերթին քո կողքի մարդուն սիրելը:

Հերմինե Հոռոմյան, տնտեսագետ
Նյարդայնացնում է հասարակության անտարբերությունը, քաղաքացիական պարտքի գիտակցությանբացակայությունը: 

Հայկ Ադամյան, իրավաբան
Հայաստանում ակտիվ զարգանում է սուբյեկտիվիզմը: Ամեն մարդ ունի իր կարծիքը և փորձում է էդ կարծիքը հարկադրել մյուսին:

Արթուր Քեյան, ծրագրավորող
Ավելի շատ սիրում ենք հարմարվել ու բողոքել, քան ինչ-որ բան փոխել:

Աելիտա Գեւորգյան, խորեոգրաֆ
Միասնական չենք մենք, շատ դժվարությամբ ենք միավորվում, այն էլ ամենածայրահեղ վիճակներում:

Ավետ Ավետիսյան, լուսանկարիչ
Հայ իրականության մեջ մեծագույն խնդիրն ամբողջ ազգի մեջ հոգեւոր ու ֆիզիկական չբավարարված վիճակն է:

Կարպիս Փաշոյան, պատմաբան-կրոնագետ
Կյանքի սեւ ու սպիտակ ընկալումը: Հայերը չեն փորձում հասկանալ, որ ինչպես կյանքը, այնպես էլ աշխարհը բազմագույն է: Բացի այդ, հայերը 21-րդ դարում կարող են առաջին պլան մղել ինչ-որ միջնադարյան ավանդույթի վերապրուկներ, եւ կյանքը կառուցել այս պոստուլատների վրա:

Դավիթ Սարկավագ Մովսեսյան, Մայր Աթոռի միաբան
Նախանձն է մարդկանց, նախանձը, որ ամենայն չարիքի սկիզբն է եւ պատճառը:
 

- Ո՞ր խնդիրը պետք է առաջին հերթին լուծվի Հայաստանում։
 

Մարի Ամիրխանյան, հոգեբան
Գործազրկությունը. մարդիկ պետք է ուզենան այստեղ ապրել, իսկ դրա համար պետք է հնարավորություն լինի, աշխատանք, որը բավարարվածություն կբերի: Մարդը պետք է ուղղակի զգա, որ օգտակար է:

Շուշան Մելիք-Ադամյան, լեզվաբան
Կուզենայի՝ մարդիկ ավելի շատ իրենք իրենց հավատային, ոչ թե երկրին, իրենց ընտանիքին, այլ իրենք իրենց:

Նարեկ Թովմասյան, թմբկահար
Աղբն է շատ, ազնվությունը՝ քիչ, ու անտարբերությունը սեփական գործի նկատմամբ: Երբ դասախոսը չի ուզում տա, աշակերտը չի ուզում վերցնի, հաց տվողը չի ուզում տա, ստիպված սովածը աղբով է սնվում: Դա մշակութային խնդիր է:

Էվա Ոսկանյան, երաժիշտ
Մեզ մոտ չկա միջին խավ, մարդիկ կամ շատ աղքատ են, կամ աննկարագրելի հարուստ:

Աննա Հարությունյան, լեզվաբան
Կաշառակերության խնդիրն է. Հայաստանում մանկապարտեզից սկսած մինչեւ աշխատանքի ընդունվելը շատ դեպքում կաշառքի միջոցով է տեղի ունենում:

Արթուր Քեյան, ծրագրավորող
Կայֆ կլիներ, եթե իսկական ընտրություններ լինեին:

Հասմիկ Բարխուդարյան, արվեստաբան
Ժամանակակից մտքի գեներացման կարիք ունենք: Արդեն շատ է շերտավորվում մեր հասարակությունը, շատ ծայրահեղանում, այսինքն, ունենք մարդիկ, որոնք շատ հին մտածելակերպ ունեն, նկատի ունեմ, խորհրդային սերնդին, ու ունենք շատ ծայրահեղ, բայց իրոք շատ լավ հասարակություն: 

Կարպիս Փաշոյան, պատմաբան-կրոնագետ
Արտագաղթը. որքան էլ մեր երկիրը զարգանա, արտագաղթը նման է ներքին արնահոսության, դա չերեւացող մարտահրավեր է եւ հետեւանքները կլինեն աղետաբեր:
 

- Հայաստանում Դուք Ձեզ պաշտպանված զգու՞մ եք։
 

Մելինե Արծրունի, դերասանուհի
Ցավոք սրտի, մեր պետությունում թեւեր տալու փոխարեն երբեմն ոտքերն էլ են կապում:

Մարի Ամիրխանյան, հոգեբան
Այո, ես զգում եմ ինձ պաշտպանված Հայաստանում, որովհետեւ շատ բաներին սովոր եմ արդեն, իսկ սովոր լինելը պաշտպանված լինելն է: 

Կոնստանտին Գեւորգյան, նախագծերի մենեջեր 
Քեզ պաշտպանված ես զգում, եթե իհարկե չես ընկնում ոստիկանության կենտրոնականի բաժին: Եթե փող չունես, այո, դու պաշտպանված չես:

Էվա Ոսկանյան, երաժիշտ
Հիմնականում ինձ պաշտպանված եմ զգում, բայց վերջերս նկատել եմ, որ գողությունները շատացել են: Տարօրինակ մի շրջան է: Գուցե մարդիկ իսկապե՞ս չգիտեն՝ ինչպես շարունակել իրենց կյանքը: Ոմանք հեռանում են, ոմանք էլ՝ նման քայլերի դիմում: 

Հերմինե Հոռոմյան, տնտեսագետ
Հասարակ օրերին ինձ պաշտպանված եմ զգում, բայց երբ քաղաքացիական պարտքի խնդիր է առաջանում, երբ ուզում ես որոշակի գործունեություն ծավալել քո երկիրը կամ օրենքները պահպանելու համար, այդ դեպքում՝ ոչ:
 
Աելիտա Գեւորգյան, խորեոգրաֆ
Ժողովրդի մեջ պաշտպանված եմ զգում: Գիտեմ, որ մի բան լինի, հաստատ ինչ-որ մեկն ինձ կօգնի: Բայց իրավական դաշտում՝ ոչ: Նորություն չէ, որ ոչ մի օրենք չի գործում, եւ ամեն ինչ արվում է կաշառքի ու ծանոթի միջոցով: Շատ հանգիստ կարող է մի հատ մեծ անարդարություն լինել, ու դու ոչինչ չես կարողանա անել: 

Ավետ Ավետիսյան, լուսանկարիչ
ճիշտ է՝ ինքս ներկա չեմ եղել «Սասնա ծռերի» հետ կապված վերջին հանրահավաքներին ու ցույցերին, բայց միայն տեսանյութերը նայելով կարող եմ հասկանալ, որ ես՝ որպես քաղաքացի, ինձ երբեք պաշտպանված չեմ զգա: Մեզ մոտ ոստիկան կոչվածն աշխատում է իր 50 քառակուսի մետրի վրա, շվիկ շվացնելով, ու դրա համար աշխատավարձ է ստանում:
 

- Մենք ժողովրդավարական երկրու՞մ ենք ապրում։​
 

Արմեն Տիրատուրյան, գրաֆիկական դիզայներ
Ժողովրդավարություն կա՞ իդեալական տարբերակով: Մենք, երեւի, ամենավատ տարբերակում ենք ապրում: Չնայած՝ չէ, ամենավատը չի, դե՝ Կոնգո կա, Աֆրիկա... Մեղավորները կան: Ինձ թվում է՝ բոլորս էլ գիտենք նրանց, բայց այլընտրանք չունենք:

Անի Ասլանյան, տատու-արտիստ
Դա ձեւական բնույթ է կրում: Իսկ մեղավորը կառավարությունն է: Անկախությունից մինչեւ այսօր բոլոր ընտրությունները կեղծվել են: 

Երեմ Պետրոսյան, կինոօպերատոր
Կախված ենք օտարի որոշումներից: Այսինքն՝ մենք չենք որոշում մեր վաղվա օրը: Այդ խնդիրը մի քիչ ժամանակի հետ է կապված, եւ կարծում եմ՝ անլուծելի է այսօր:

Արման Ղուկասյան, քաղաքագետ
Ես մի փոքր այլ եմ հասկանում ժողովրդավարությունը. Հայաստանը պետք է ունենա իր ուղին: Վստահ եմ, որ կկարողանանք էնպես անել, որ մեր երկիրը դասվի ոչ թե ժողովրդավարական կամ՝ ոչ, այլ արդար կամ ոչ արդար երկրների շարքին:

Արթուր Քեյան, ծրագրավորող
Ժողովրդավարական երկրում չենք ապրում, դա փաստ է: Մեղավոր ենք բոլորս՝ էն մարդիկ, որոնք ալարում են ընտրությունների գնալ, կամ գնալուց հետո իրենց տված ձայներին տեր չեն կանգնում:

Մովսես Կարապետյան, նկարիչ
Միանշանակ, ժողովրդավարությունը կկործանի մեզ բոլորիս: Ժողովուրդն ինչ փորացավ ասես՝ ունի. ամբողջ երկիրը չի կարող շարժվել ժողովրդի բոլոր քմահաճույքներով:

Դավիթ Սարկավագ Մովսեսյան, Մայր Աթոռի միաբան
Ժողովուրդն է որոշում՝ ժողովրդավարական երկրում կապրի, թե ոչ, քանի որ ժողովրդի միջից են դուրս գալիս և ղեկավարը, և աղքատը, և միջին խավը, և ժողովուրդն է դաստիարակը բոլորի, նաև՝ իր ղեկավարի:

Ավետ Ավետիսյան, լուսանկարիչ
Ժողովրդավարական երկրում չենք ապրում: Ցավով պիտի նշեմ՝ մարդն այստեղ արժեք չունի: 

Կարպիս Փաշոյան, պատմաբան-կրոնագետ
Հայաստանի նման երկրները գիտական գրականության մեջ անվանում են ավտորիտար երկրներ՝ համեմված ժողովրդավարական տարրերով: Ի դեպ, Հայաստանի տարբերակը շատ վտանգավոր է, քանի որ այսպիսի պայմաններում ժողովրդավարության մնացուկներն էլ արժեզրկվում են: Հիմնական մեղավորն իշխանություններն են, որոնք իշխանության գալուց ի վեր Հայաստանում վարում են հակաժողովրդավարական քաղաքականություն՝ արտաքին աշխարհի համար՝ ժողովրդավարական սկուտեղի վրա:

«Անկախության սերունդ». Արմեն Տիրատուրյան, գրաֆիկական դիզայներ 

«Անկախության սերունդ». Կարինե Ղազարյան, լրագրող

«Անկախության սերունդ». Հասմիկ Բարխուդարյան, արվեստաբան  

«Անկախության սերունդ». Արթուր Քեյան, ծրագրավորող

«Անկախության սերունդ». Անի Ասլանյան, տատուարտիստ 

«Անկախության սերունդ». Հայկ Ադամյան, իրավաբան 

«Անկախության սերունդ». Հերմինե Հոռոմյան, տնտեսագետ

«Անկախության սերունդ». Դավիթ Սարկավագ Մովսեսյան, Մայր Աթոռի միաբան

«Անկախության սերունդ». Անի Երեմյան, մանկաբարձ-գինեկոլոգ 

«Անկախության սերունդ». Արման Ղուկասյան, քաղաքագետ

«Անկախության սերունդ». Աննա Հարությունյան, լեզվաբան 

«Անկախության սերունդ». Կարպիս Փաշոյան, պատմաբան-կրոնագետ 

«Անկախության սերունդ». Մարի Ամիրխանյան, հոգեբան 

«Անկախության սերունդ». Կոնստանտին Գեւորգյան, նախագծերի մենեջեր 

«Անկախության սերունդ». Աելիտա Գեւորգյան, խորեոգրաֆ 

«Անկախության սերունդ». Ավետ Ավետիսյան, լուսանկարիչ

«Անկախության սերունդ». Շուշան Մելիք-Ադամյան, լեզվաբան

«Անկախության սերունդ». Մովսես Կարապետյան, նկարիչ

«Անկախության սերունդ». Էվա Ոսկանյան, երաժիշտ

«Անկախության սերունդ». Երեմ Պետրոսյան, կինոօպերատոր

«Անկախության սերունդ». Մելինե Արծրունի, դերասանուհի

«Անկախության սերունդ». Նարեկ Թովմասյան, թմբկահար    

«Անկախության սերունդ». Ծովինար Յոլչյան, ցեղասպանագետ

«Անկախության սերունդ». Նարեկ Խանյան, բարմեն

«Անկախության սերունդ». Գեւորգ Սիանոսյան, փիլիսոփա 



 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ