News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօր ամբողջ կազմով հավաքվել էր՝ հերթական նիստի: Նիստի մեկնարկին վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Տրանսպորտը պետք է լավ աշխատի ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, տրանսպորտ պետք է լինի բոլոր բնակավայրերում, լիցենզիաներն իրավաբանական անձանց պետք է տրամադրվեն միայն էլեկտրոնային եղանակով, պետք է ստուգել՝ արդյոք ընդերքը շահագործող հանքարդյունաբերողներ ընկերությունները լիարժեք են կատարում իրենց պարտավորությունները եւ վերջապես կարգի բերել ԴԱՀԿ ընթացակարգերը, քանի որ դժգոհությունները այս մարմնից շատ են։

Նիստից հետո գործադիրի անդամները շտապել են Ազգային ժողով՝ ներկայացնելու Կառավարության ծրագիրը: Խորհրդարանում այն ներկայացրել է վարչապետը: Իր ելույթում Կարեն Կարապետյանը հիմնականում շեշտադրել է ծրագրի տնտեսական ուղղությունը:

Իսկ բարեփոխումները վարչապետը պատրաստվում է սկսել հենց կառավարությունից: Նա նաեւ կարեւորել է ամեն ջանք գործադրելու անհրաժեշտությունը՝ կայուն եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող միջին խավ ձեւավորելու եւ փայփայելու համար, գերակա խնդիր համարել 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Սահմանադրության կենսագործումը:

Վարչապետի ելույթի առանցքում են եղել հարկային եւ մաքսային բնագավառները: Նա կրկին շեշտադրել է օրինապահ հարկատուների գործունեության համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը:

Կառավարությունը նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներ կապահովի բնակչության անապահով խավի եւ բիզնեսի որոշ տեսակների համար։

Գործադիրը պարտավորվել է նաեւ վերջնականապես վերացնել 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետեւանքները։  2017 թվականին ամբողջությամբ ավարտին կհասցվի  Գյումրիի պետական բնակարաշինարարության ծրագիրը:

Եվս մեկ փաստ, որը, թերեւս, մեծապես կհետաքրքրի Հայաստանի քաղաքացիներին: Կառավարությունը ծրագրում է հանրապետություն բերել բյուջետային ավիաընկերություններ, հատկապես՝ Գյումրիի օդանավակայան:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետն ավելի վաղ ասել էր, որ սրա արդյունքում անուղղակիորեն կարելի է խոսել նաեւ ավիատոմսերի գների նվազման մասին:

Ելույթի վերջում էլ վարչապետը հայտարարել է, որ առանց ժողովրդի լայն շերտերի ակտիվ մասնակցության կառավարության համար չափազանց դժվար կլինի հասնել ծրագրված արդյունքներին եւ օգնություն է խնդրել:

Իսկ ծրագրի ներկայացումից հետո վարչապետին ուղղված հարցերը բազմազան էին: ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանին, մասնավորապես, հետաքրքրել է, թե Կարեն Կարապետյանն ինչպես է վարվելու, այսպես ասած, ռիսկով տղաների հետ՝ նրանց հարկային դաշտ բերելու համար:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, պարզվում է, ուշադիր հետեւում է մամուլի հրապարակումներին: Ասում է՝ մամուլը հեղեղված է հրապարակումներով, որ վարչապետն իր ծանոթ-բարեկամներին է պաշտոնների նշանակում, նրանք էլ՝ իրենց բարեկամներին: Բիշարյանին հետաքրքրել է հարցը, թե եթե Կարեն Կարապետյանի ծանոթը չեն, ուրեմն նշանակման հույս չպե՞տք է ունենան:

Եթե պետական ծառայությունները պահանջված չեն, արդյունավետ չեն, թանկարժեք են, ապա դրանք պետք է վերանան կամ փոխակերպվեն։ Կառավարության ծրագրի այս հատվածը Բիշարյանին դուր չի եկել. գործազրկության աճի մտավախություն ունի:

Ինչու կառավարության ծրագրում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ ոչ մի կոնկրետ եւ գործնական առաջարկ չկա: Վարչապետը պատասխանել է հակիրճ. «Ոչ մի կոնկրետ եւ գործնական առաջարկ չկա: Միայն ցանկություններ են: Ինչի՞ մասին գրենք»:

Հայաստանի մի շարք մարզերում անալոգային հեռարձակումն այսօրվանից անջատվել է: Տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանի խոսքով՝ Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում տրվել է թվային հեռուստահեռարձակման մեկնարկը: Թվային հեռարձակման առաջնային նպատակներից է եղել սոցիալական բաղադրիչը, այդ նպատակով շուրջ 110. 600 թվային ընդունիչ սարքեր անվճար տրամադրվել են անապահով ընտանիքների:

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Դոնալդ Թրամփի հետ եզրափակիչ բանավեճում հաղթանակ է տարել: CNN-ի հարցման արդյունքներով՝ բանավեճին հետեւած հեռուստադիտողների 52%-ը հաղթանակ է շնորհել Քլինթոնին, իսկ Թրամփին բաժին է հասել միայն 39%-ի աջակցությունը: Բանավեճն անցել է թեժ մթնոլորտում: Թրամփը Քլինթոնին անպատվել է, նրան կեղտոտ կին անվանել:

Քլինթոնը հարձակումն անպատասխան չի թողել. նա էլ մրցակցին Պուտինի խամաճիկ է անվանել:  Իսկ վերջում նախագահի թեկնածուները հեռացել են խիստ սառը մթնոլորտում, նույնիսկ առանց ավանդական ձեռքսեղմման:

Հոկտեմբերի 20-ին դոլարը շարունակել է զիջել դիրքերը, եվրոն՝ նույնպես: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 521, ռուբլունը՝ 7 դրամ 61 լումա, ֆունտինը՝ 583 դրամ։

Հոկտեմբերի 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում, հանրապետության մյուս մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ