News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է արել: Հոկտեմբերի 20-ին, ժամը 23:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ներփաթանցման փորձեր է ձեռնարկել: Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին արձագանքել են եւ կորուստներով հետ շպրտել հակառակորդի հատուկ ջոկատայիններին: Արցախյան կողմը կորուստներ չի կրել:

Պաշտոնական Ստեփանակերտը սա գնահատում է որպես դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական ոլորտներում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շարունակություն:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ սա Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների սաբոտաժ է: Նա միջազգային հանրությանը, մասնավորապես Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու եւ այդ պայմանավորվածություններն իրականացնելու համար:

Շարմազանովը նաեւ կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմը տեսականորեն հնարավոր է, գործնականում՝ ոչ։ Այս կարծիքը կիսում է նաեւ քաղաքագետ Արա Պապյանը: Նրա կարծիքով՝ այս կերպ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցից առաջ Ադրբեջանը պարզապես ուզում է ցույց տալ, որ սա քնած ու սառեցված հակամարտություն չէ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ֆրանսիացի համանախագահ կունենա: Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 20-ին ստորագրած հրամանագրով Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել Ստեֆան Վիսկոնտին: Գործող ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն այս պաշտոնը ստանձնել էր 2014 թվականին:

Ազգային ժողովն այսօր հավանության է արժանացրել նոր կառավարության ծրագիրը:

Կառավարության ծրագիրը սատարելու մասին նշել են Հանրապետականն ու Դաշնակցությունը, ՀԱԿ-ը հայտարարել է, որ չի վստահում իշխող կուսակցության կողմից առաջադրված որեւէ կառավարության եւ դեմ է քվեարկելու, ՕԵԿ-ը որոշել է ձեռնպահ մնալ, իսկ ԲՀԿ-ն՝ չմասնակցել քվեարկությանը:

Իսկ քվեարկությունից առաջ ամփոփիչ ելույթում Կարեն Կարապետյանն անդրադարձել է ծրագրի շուրջ պատգամավորների քննադատություններին: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել նոր կառավարության ծրագրին աջակցություն հայտնած խորհրդարանականներին:

«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված Լեւոն Սահակյանի կյանքին վտանգ է սպառնում: 22-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել սրտի ու թոքի շրջանում: Նրան վիրահատել են, կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում: Սահակյանը միացված է արհեստական շնչառության ապարատին, սրտի կծկողականությունը շատ թույլ է: Տեղեկությունների համաձայն՝ երիտասարդը դանակահարվել է գումարի պատճառով: «Պատանի լրագրողների» դպրոցում աշխատող նրա նշանածին աշխատավարձ չեն վճարել: Հոկտեմբերի 19-ի երեկոյան Լեւոնը գնացել է դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի մոտ՝ պարզաբանումներ ստանալու, այդ ընթացքում էլ տեղի է ունեցել դանակահարությունը: Դպրոցի շենքում արնանման հետքեր են հայտնաբերել, իսկ Վահան Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ: Քրեական գործ է հարուցվել: Սպանության փորձի կասկածանքով Ղազարյանը ձերբակալվել է:

Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած երկրորդ վարորդը՝ Ավագ Ծատինյանը, աչքի վիրահատության կենթարկվի: Երեւան տեղափոխվելուց հետո այսօր հետազոտության է ենթարկվել եւ պարզվել է, որ աչքի վնասվածքներ ունի: Նրա կինը տեղեկացրեց, որ վթարի պահին ավտոբուսը վարողի կողքին քնած է եղել, դեպքից ոչինչ չի հիշում: Սակայն պատահարից հետո կարողացել է ինքնուրույն դուրս գալ ավտոբուսից: Իսկ վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից երկուսի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Նրանք Բեսլանի հիվանդանոցում են: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայում «Մերսեդես» ավտոբուսի եւ «Սկանիա» բեռնատարի բախման հետեւանքով 5 մարդ էր զոհվել, 27-ը՝ վիրավորվել

Երեւան-Սեւան ավտոճանապարհին 3 օր առաջ տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանին այսօր հողին են հանձնել: Նա Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից էր: Եղբայրը՝ Հրանտ Գասպարյանը, գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքներով դեռեւս հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին իրար էին բախվել «Opel» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 9 մարդ:

Հոկտեմբերի 21-ին դոլարը շարունակել է զիջել դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 518, ռուբլունը՝ 7 դրամ 63 լումա, ֆունտինը՝ 581 դրամ։

Հոկտեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում: Հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ կլինեն հոկտեմբերի 24-26-ը: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ