Մենք ուզում ենք ներդրումային դաշտը բացել ոչ միայն սփյուռքահայերի համար: Իհարկե՝ շահագրգռված ենք, որ սփյուռքահայերը գան, բայց խաղի կանոնները նույնն լինելու են ե՛ւ սփյուռքահայերի, ե՛ւ չինացու, ե՛ւ երրորդի համար: Հայկական մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ներդրումներ կատարելիս պետության կողմից երաշխիքների մասին հարցին:
«Որպեսզի նա պաշտպանված զգա, մենք փոխադարձ կապ ենք ապահովելու՝ ի դեմս մեր Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, որը, կոպիտ ասած, անվանել ենք բիզնեսի, գործարարի օմբուդսմենը, պաշտպանը, հաշտարարը, որ կամայական գործարար, երբ հանդիպում է որեւէ խոչընդոտի, գնում է այդ նախարարություն, եւ նախարարը ձեռքից բռնած՝ փորձում է հասկանալ»,- ասել է վարչապետը:
Նա նաեւ հիշեցրել է, որ արձանագրվել է բիզնեսի ապաքրեականացման հարցը, հավելելեվ, որ լիազորությունների գերազանցման դեպքում անպայման դիմելու են իրավապահ մարմինների օգնությանը: «Այս մեխանիզմը աշխատող է՝ այո, մենք հետեւողական ենք գնալու՝ այո, արդյունք կտա՝ կտեսնենք»,- հավելել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետի հավաստմամբ՝ ուզում է, որ երկիրը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ, ավելի ապահով. «Եթե ես կարող եմ այդ հարցում օգուտ տալ՝ ես պատրաստ եմ մինչեւ վերջ իմ կարողությունները դնել: Երբ զգամ, որ օգուտ չեմ տալու, մի օր ավելի չեմ մնալու: Այս պահին իմ մեջ ուժ տեսնո՞ւմ եմ, ցանկություն տեսնո՞ւմ եմ՝ այո, դրայվը չասեմ»: