Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է տեսանյութ՝ ինչպես է ձերբակալվում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանը:
Ըստ պաշտոնական տեսանյութի՝ դատավորը մայրաքաղաքի գետնանցումներից մեկում անհայտ անձից կաշառք է ստանում: Թեեւ կաշառք տվողի դեմքը չի երեւում, սակայն խոսակցությունից պարզ է դառնում՝ նա հաշվում է 1000 ԱՄՆ դոլարն ու տալիս Բարսեղյանին:
«Մնացածը... մենք իրար չենք ճանաչում, բայց կապի մեջ կըլնենք, ոչ մեկ չպիտի իմանա՝ ինչ հարաբերությունների մեջ ենք մենք եղել, բայց կասեմ ինչ կարգով, ոնց ամսի 31-ի նիստը կգնաս, որ ես իմանամ՝ ինչ կարգով ենք, պետք ա ես թելադրեմ, գրեմ ու ստորագրեմ, եղա՞վ: Լավ մնա»,- ասում է դատավորն ու հեռանում:
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: