«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը իր անձնական հարցն է. երբ որոշում կայացվի, այդ ժամանակ էլ կխոսենք: Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտություն կա՞, պատգամավորը պատասխանել է, որ յուրաքանչյուր քաղաքացի քաղաքականություն վերադառնալու իրավունք ունի, եթե ժողովուրդն այդպես որոշի:

Անդրադառնալով այն լուրերին, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձը համաձայնեցվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Բաղդասարյանը հավաստիացրել է, որ ՀՀԿ անդամների հետ ոչ մի հանդիպում կամ քննարկում չի եղել, առավել եւս՝ երկրի նախագահի հետ:

«Մենք չենք հրաժարվում որեւէ մեկի հետ հանդիպելուց, սակայն այդպիսի առաջարկ չի եղել, ցանկություն՝ եւս: Եթե քաղաքականություն են վերադառնում թույլտվությամբ, ապա ավելի լավ է չվերադառնալ»,- ամփոփել է խմբակցության ղեկավարը: