Սեւանա լճում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կորած երկու ձկնորսները Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ են: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Մուրադ Հարությունյանը նշեց, որ լճում անհետացածներն իրենց գյուղի 25 եւ 26 ամյա բնակիչներ՝ Ամուր Կյուրեղյանը եւ Արեւշատ Առաքելյանն են:

Գյուղապետի խոսքով, ըստ նախնական տեղեկությունների, երիտասարդները ձկնորսության են դուրս եկել եւ չեն վերադարձել:

Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել էինք, որ ահազանգը ստացվել է ժամը 14.33-ի սահմանում, այս պահին լճում շարունակվում են ձկնորսների որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը: