News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին:

Վարչապետը նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում եւ ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին եւ ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Վարչապետին զեկուցվել է, որ Առաջին տպարանի շենքի սեփականատեր «Աստորիա-ինվեստ» ՓԲԸ-ն Երեւանի քաղաքապետարանից 2016 թվականի հուլիսին ստացել է նախագծման թույլտվություն՝ այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Մինչ շինարարության թույլտվություն ստանալը, «Աստորիա-ինվեստ»-ը քաղաքապետարանից ստացել է այդ տարածքի «Բ» մասնաշենքի քանդման թույլտվություն, որն իրականացրել է պայթեցնելու եղանակով: Պայթեցման աշխատանքների վերաբերյալ շինարարական կազմակերպությունը սահմանված կարգով համապատասխան մարմիններին չի տեղեկացրել: Միաժամանակ, համաձայն «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» կառավարության 291-Ն որոշման 94-րդ կետի՝ «յուրաքանչյուր օբյեկտում պայթեցման աշխատանքների կատարման համար պետք է կազմվի անձնագիր` համաձայն N 9 ձեւի»: Այսինքն՝ կազմակերպությունները պարտավոր են տեղեկացնել ԱԻ նախարարությանը, թե օրինակ՝ մարդկանց անվտանգության ապահովման համար ինչպիսի միջոցառումներ են իրականացնելու, որոնք եւ պետք է հսկվեն եւ օժանդակվեն նախարարության կողմից: Շինարարական կազմակերպության կողմից այս պայմանը չի ապահովվել:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: «Առաջինը՝ շինարարը կամ սեփականատերը պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ՝ պայթեցման: Այդ իսկ պատճառով, պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին եւ նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը: Երկրորդ՝ լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ եւս պետք է կիրառել առավելագույն պատիժ»,- ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաեւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին՝ պատասխանատվության ենթարկել նաեւ նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքներում թերացումներ թույլ տալու համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ նման դեպքերը պետք է այսուհետ ի սպառ բացառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ