News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի դիրքերից մեկում հոկտեմբերի 30-ին պայմանագրային զինծառայող է մահացել: 23-ամյա Դերենիկ Խալխալյանը դիրքերում ծառայության ժամանակ սուր ցավեր է ունեցել եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախնական հետազոտության համաձայն՝ զինծառայողի մոտ սրտի կանգ է արձանագրվել: Զինծառայողը Նոյեմբերյանի շրջանի Հաղթանակ գյուղից էր: Ամուսնացած էր, անչափահաս երեխա ունի: Հայտնի է նաեւ, որ Խալխալյանների ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում ապրում է վարձով, սեփական տուն չունի:

Ազգային ժողովում սկսել են քննարկել 2017 թվականի պետբյուջեի նախագիծը: Քննարկումների մեկնարկին վարչապետը հակիրճ ներկայացրել է, թե ինչպես է այն կազմվել, նաեւ մի շարք խոստումներ տվել. կառավարությունը մտադիր է մակրոտնտեսական կայունություն ապահովել, ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոսի աճ ունենալ, նվազեցնել պետական պարտքի մակարդակը:

2017 թվականին պաշտպանության նախարարության բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում։ Վիգեն Սարգսյանը թվեր, բնականաբար, չի հրապարակել. նախարարության բյուջեն փակ է եւ գաղտնի: Նա միայն նշել է, որ ներքին վերաբաշխումներ են արվելու:

2017 թվականի պետբյուջեի նախագծով կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Ֆինանսների նախարարը վստահ է, որ հանրության մոտ ավելի մեծ հիասթափություն կլիներ, եթե աշխատավարձերի հետ կապված կառավարությունը բարձրացման մասին հայտարարեր, իսկ իրականում դա տեղի չունենար։

Փոխոստիկանապես Վարդան Եղիազարյանն էլ պետբյուջեի նախագծի քննարկման մասնակիցներին ծանրաբեռնել է թվերով՝ ապացուցելու համար, որ Հայաստանում ոստիկանների թիվն ավելի մեծ չէ, քան մի շարք հետխորհրդային ու արեւելաեվրոպական երկրներում: Բացի այդ, մեր երկրում նաեւ ոստիկանի համար ծախսվող գումարն է համեմատաբար փոքր:

Հրանտ Բագրատյանը բյուջեի նախագծից գոհ չէ: Ասում է՝ Կառավարության տնտեսագիտական թեւը վարչապետին, նախագահին ճիշտը չի ասում: Պատգամավորը պատրաստվում է պայքարել եւ հույս ունի, որ արդյունքները կփոխվեն, վարչապետի խոստումներն էլ կիրականանան:

Միքայել Մելքումյանը սոցիալական, տնտեսական առումով դրական առաջընթաց չի տեսնում: Պատգամավորը խանդավառված չէ բյուջեի նախագծով եւ կառավարության խոստումներով, բայց առաջարկում է մի քիչ էլ սպասել՝ հասկանալու համար, թե կառավարությունն ինչպես է լուծելու խոստացված կայունության պահպանման խնդիրը։

Լրագրողներին հանգիստ չի տալիս հարցը, Գագիկ Ծառուկյանն ի վերջո վերադառնալու է ակտիվ քաղաքականություն, թե՞ ոչ: ԲՀԿ նախկին առաջնորդից այսօր նաեւ հետաքրքրվել են, ընդդիմադիր դաշտո՞ւմ է հանդես գալու, թե՞ իշխանական: Ծառուկյանը խուսափողական պատասխան է տվել: Ասում է՝ քաղաքականությամբ չի ապրում, քաղաքականություն է եկել ոչ թե անձնական շահի, այլ ժողովրդի կողքին լինելու համար:

Վարչապետը զայրացել է: Այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ Կարեն Կարապետյանի դժգոհությունը վերաբերել է Երեւանում նախկին առաջին տպարանի շենքի պայթեցմանը:

Նա նշել է, որ շենքի պայթեցումն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում: Կարապետյանը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ առավելագույնս խիստ պատիժ կիրառել եւ այսուհետ իսպառ բացառել նման դեպքերը:

Լիբանանի խորհրդարանը վերջապես երկրի նախագահ է ընտրել: Այդ պաշտոնը ստանձնելու է 81-ամյա գեներալ Միշել Աունը, որը շիաների «Հըզբալլահ» կուսակցության քաղաքական դաշնակիցն է: Երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ էր 2.5 տարի, նախկին նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է դառնալ միայն քրիստոնյա մարոնիտ համայնքի ներկայացուցիչը, ում ընտրում է խորհրդարանը: Այսօր խորհրդարանի նիստում նախագահ ընտրելու համար պատգամավորները ստիպված են եղել 4 անգամ քվեարկել՝ ներկա պատգամավորների եւ քվեատուփում ծրարների թվի անհամապատասխանության պատճառով: Աունի հիմնական մրցակիցն արեւմտամետ «Մարտի 14» բլոկի ներկայացուցիչ Սամիր Ժաաժան էր:

Սեւանա լճում երկու ձկնորս է կորել: Նրանք Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ են՝ 25-ամյա Ամուր Կյուրեղյանն ու 26-ամյա Արեւշատ Առաքելյանը: Երիտասարդները ձկնորսության են գնացել եւ չեն վերադարձել: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգը ստացել է ժամը 14:33-ի սահմաններում եւ սկսել որոնել ձկնորսներին, բայց ապարդյուն: Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը:

Հոկտեմբերի 31-ին դոլարի փոխարժեքը փոքր-ինչ նվազել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 520, ռուբլունը՝ 7 դրամ 53 լումա, ֆունտինը՝ 578 դրամ։

Նոյեմբերի 1-ին հանրապետության տարածքում առատ տեղումներ են սպասվում, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի: Երեւանում վաղը ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ