News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում 2017 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումները շարունակվել են նաեւ այսօր, իսկ ուշադրության կենտրոնում եղել է, մասնավորապես, աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման հարցը: Արդեն հայտարարվել էր. այս տարի բարձրացում չի լինելու: Արտեմ Ասատրյանն ասում է՝ ավելորդ գումարներ չկան:

Ֆինանսների նախարարն էլ հավելել է. երբ կարողանանք թեւակոխել ավելի բարձր տնտեսական աճի փուլ, կկարողանանք աշխատավարձերի շարունակական բարձրացում ապահովել:

Վարդան Արամյանը եւս մեկ անգամ խոսել է իրենց թիմի ազնվության եւ հետագա տարիներին իրավիճակի փոփոխության շուրջ հույսի անհրաժեշտության մասին:

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն էլ հարցադրում է արել. ինչպե՞ս կարող էին աշխատավարձ ու թոշակ բարձրացնել, եթե երկրում տնտեսական շարժ չկա, ներդրումներ չկան, երիտասարդությունն էլ արտագաղթում է:

Իգնատի Առաքելյանից լրագրողները հետաքրքրվել են գյուղնախարարությանը պարարտանյութերի ու դիզվառելիքի դիմաց ֆերմերների պարտքի մասին: Նախարարը տեղեկացրել է, որ չարաշահումների մասին հավաստի դեպքերով արդեն դատարան են դիմել: Նա, սակայն, դժվարացել է ասել, թե որքանով է հնարավոր վերադարձնել ամբողջ պարտքը: Ասում է՝ մարդիկ կան, որոնցից էլ բան չկա վերցնելու:

Նախարարը նաեւ հայտարարել է. եթե բացահայտվի, որ այդ չարաշահումների հետ խոշոր հողատերերի կամ պաշտոնյաների անուններ են կապված, կգործեն օրենքի համաձայն:

Նախագահականում քննարկել են, այսպես կոչված, «կարմիր գծերի» եւ վարորդների տուգանքների հարցերը: Սերժ Սարգսյանն ասել է՝ ուսումնասիրել ենք միջազգային փորձը, որոշել պետություն-մասնավոր համագործակցության միջոցով խնդիրներին լուծում տալ: Նա հավաստել է, որ վերահսկողության համակարգերի ներդրումը պայմանավորված չէր ֆինանսական ակնկալիքներով. տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ կանխարգելիչ բնույթ ունեն: Հիմա առաջարկվում է փոխել ֆինանսական հոսքերի կառավարիչները:

Հանձնարարվել է հարցը լուծել՝ հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը եւ պետության ու համայնքի շահերը: Նախագահն առավելագույնը տասը օր ժամանակ է տվել՝ համապատասխան բանակցություններ վարելու եւ որոշումներ կայացնելու համար:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի որակավորումը Հայաստանում չի ստացել: Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը հավաստում է. Սուրիկ Խաչատրյանին իրենք գիտական աստիճանի վկայագիր չեն տվել, այն արտասահմանից բերված «անկապ թուղթ» է, որի մասին իրենք տեղյակ չեն: Լիլիթ Առաքելյանի խոսքով, ըստ օրենքի՝ գիտական աշխատանքների բոլոր պաշտպանությունները պետք է բաց լինեն: Մինչդեռ հայտնի է, որ, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական աստիճանավորումը փակ է եղել:

Անժամանակ տեղացած ձյունը ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծել ամբողջ հանրապետությունում: Նախօրեին առաջին ձյան մասին Երեւանի փոխքաղաքապետի լիրիկական զեղումները ժամերի ընթացքում արտակարգ իրավիճակի վերածվեցին: Մարզերում եւ մայրաքաղաքի շատ թաղամասերում ամբողջ գիշեր հոսանք չի եղել, տեղացած ձյան հետեւանքով ծառեր են կոտրվել, ինչի արդյունքում հոսանքալարեր եւ փողոցներում ու բակերում կայանված մեքենաներ են վնասվել: ՀԷՑ-ի մամուլի քարտուղարի պարզաբանմամբ՝ ծառերի տերեւները դեռ չեն թափվել, իսկ տեղացած ձյունը ծանրացրել է ճյուղերը, եւ թեքված կամ կոտրված ճյուղերը վնասել են հոսանքալարերը: Նատալյա Սարջանյանը տեղեկացրել է, որ շուրջ 2 հազար քաղաքացուց հոսանք չլինելու մասին ահազանգ են ստացել: Այսօր արդեն հոսանքի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է: Երեւանի քաղաքապետարանն ու մարզերի պատասխանատուներն էլ պնդում են, որ ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացվում են հավուր պատշաճի:

Ազգային ժողովում էլ Լյուդմիլա Սարգսյանը հանդես է եկել վարորդների իրավունքների պաշտպանությամբ: Անհանգստացած է. ձյան պատճառով մեկ օրվա ընթացքում անվադողերը եռակի թանկացել են:

Մահվան ելքով վթարներ: Վաղ առավոտյան Գորայք-Սիսիան ավտոճանապարհին «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել ձորը: Վարորդը վիրավորվել է, երկու ուղեւորները՝ մահացել: Իսկ կեսգիշերն անց Արմավիրի մարզի Մյասնիկյան-Արմավիր ճանապարհին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 64-ամյա Դադիբեկ Մանուկյանին: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:

Նոյեմբերի 2-ին դոլարի ու եվրոյի փոխարժեքը կրկին աճել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 527, ռուբլունը՝ 7 դրամ 49 լումա, ֆունտինը՝ 583 դրամ։

Նոյեմբերի 3-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ