News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մասնավոր կայանատեղիների եւ մայրուղիների արագաչափերի կառավարումը կփոխանցվի պետությանը: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է, այսպես կոչված, «կարմիր գծերի» եւ արագաչափերի մասին, փոփոխություններ կատարելու շուրջ հանձնարարականներ տվել:

Գազի սակագինը կնվազի, անապահով ընտանիքներն էլ շատ ավելի էժան գազ կստանան: Մինչեւ 10.000 խորանարդ մետր սպառում ունեցող բնակչության համար սակագինը 146.7-ի փոխարեն 139 դրամ կլինի, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է հստակեցնել անապահով ընտանիքների ցանկը:

Կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում են ապօրինի հարստացած պաշտոնյաները: 2 շաբաթվա ընթացքում արդարադատության նախարարը պետք է նման դեպքերում քրեական պատիժ նախատեսող օրինագիծ ներկայացնի։

Բացի այդ՝ կընդլայնվի հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը: Կարեն Կարապետյանը համաձայն է, որ պաշտոնյաների մի ստվար զանգված արդեն հայտարարագրում է ունեցվածքը, սակայն մեծ է նաեւ այդ ցանկում չներառված, բայց կոռուպցիոն տեսանկյունից «ռիսկային» գործունեության մեջ ընդգրկված պաշտոնյաների թիվը:

Եվս մեկ հանձնարարական վերաբերել է անչափահասներին: Պետք է հետեւել, որպեսզի անչափահասներին ծխախոտ եւ ալկոհոլ չվաճառեն, իսկ կարգը խախտող խանութներին, ինչպես նաեւ սրճարաններին եւ բարերին՝ տուգանել: Եվ կրկին կոչ սպորտի նախարարին. առողջ ապրելակերպ է պետք քարոզել:

Իսկ կառավարության շենքից դուրս եկած գյուղատնտեսության նախարարին սպասում էին Արարատի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները: Զայրացած էին. մինչեւ հիմա մթերած խաղողի դիմաց ամբողջական գումար չեն ստացել, բայց իրենք էլ բանկերին են պարտք:

Գյուղացիների վրդովմունքից բաժին է հասել նաեւ լրագրողներին. խնդրել են գյուղնախարարից չխլել իրենց հասանելիք ժամանակը: Նրանք նախ Իգնատի Առաքելյանին որպես վարչապետի են դիմել, ապա պահանջել իրենց գումարի վերադարձի հստակ ժամկետ նշել:

Հայաստան-Եվրամիություն բանակցություններում կարեւոր հանգրվան ենք թեւակոխում: Հնարավոր է՝ դեկտեմբերին կայանալիք հերթական բանակցային փուլը հնարավորություն տա տեսանելի դարձնել գործընթացի ամփոփման հավանականությունը: Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանն առաջին անգամ որոշակի ժամկետ է նշել:

Փոխնախարարն ասում է՝ բազմաթիվ հարցեր կան, եւ կողմերը փորձում են Հայաստան-Եվրամիություն համապարփակ համաձայնագրում առավելագույնս արտացոլել իրենց մոտեցումները, շահերն ու առաջնայնությունները: Հարկավոր է նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ու Եվրոպայի հետ ապագա համագործակցությունը համատեղելու ուղիներ հստակեցնել:

Հայաստանում լուրջ բացթողումներ կան՝ կապված ոստիկանության բաժիններ քաղաքացիների բերման ենթարկելու ինստիտուտի կիրառման մեխանիզմների հետ: Խնդրի մասին Ազգային ժողովում խոսել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանն ասում է՝ դա ակնհայտ դարձավ հուլիսին ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձությունների ժամանակ: Այդ կապակցությամբ օմբուդսմենն արտահերթ հրապարակային զեկույց է պատրաստում, որը կներկայացնի մի քանի ամիս անց:

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներն այսօր փակել էին դեպի գործարան տանող Բագրատունյաց փողոցը։ Նրանք պահանջում են վերագործարկել գործարանը եւ վճարել պարտքերը։

Նաիրիտցիները նաեւ պահանջում էին, որպեսզի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից որեւէ պաշտոնյա գա եւ լսի իրենց պահանջը։ Գերատեսչությունից չեն արձագանքել: Ցուցարարներն էլ խոստացել են վաղը նորից փակել փողոցը:

Երեւանի քաղաքապետարանը տեղյակ չի եղել նախկին առաջին տպարանի շենքի պայթեցումից: Տարոն Մարգարյանն ասում է՝ բացասական են վերաբերվում նման եղանակով շենքի քանդմանը: Նման դեպք արդեն եղել է կրկեսի շենքի պարագայում: Քաղաքապետը վստահեցրել է, որ հասարակության կողմից ընդվզումից հետո այլեւս նման թույլտվություն չեն տալիս:

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն այսօր լրագրողներին հանդիպել է Ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի՝ լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանի հետ: Նա պաշտոնում նորամուտը կնշի նոյեմբերի 11-ին, Երեւանում կայանալիք Չեռնոգորիայի դեմ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում: Խաղին նոր մարզիչը ֆուտբոլիստների հետ միասին լավատեսորեն է պատրաստվում:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականի կազմին. բացառությամբ Յուրա Մովսիսյանի եւ Ռոբերտ Արզումանյանի, մյուս բոլոր ֆուտբոլիստների ընտրությունը գլխավոր մարզչինն է: Մովսիսյանի խաղից եւ պահվածքից Ռուբեն Հայրապետյանն առանձնահատուկ դժգոհ է:

Լրագրողներից մեկին էլ հետաքրքրել է Ռուբեն Հայրապետյանի կարծիքը, թե ինչու երկար ժամանակ Հենրիխ Մխիթարյանին չենք տեսնում դաշտում: Ֆեդերիացիայի նախագահն ասել է՝ հարցն այլ հասցեատեր ունի:

Նոյեմբերի 3-ին դոլարի փոխարժեքը շարունակել է աճել: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 476 դրամ, եվրոյինը՝ 528, ռուբլունը՝ 7 դրամ 48 լումա, ֆունտինը՝ 588 դրամ։

Նոյեմբերի 4-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ