News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր 2017 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումները վերաբերել են առողջապահության, կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, սփյուռքի նախարարություններին: Առողջապահության նախարարին ուղղված հարցերը բազմաթիվ էին՝ ինչպես պատգամավորների, այնպես էլ լրագրողների կողմից: Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրել է պետպատվերի համակարգը: Պատգամավորը համոզված է. համակարգը ձախողված է:

Ի դեպ, առողջապահության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կկազմեն 85 մլրդ 680 մլն դրամ. բյուջեն 3%-ով կրճատվել է։ Որքանո՞վ են կրճատումներն անդրադառնալու նախարարի խորհրդականների թվի վրա: Այս մասին Լեւոն Ալթունյանին հարցրել են արդեն լրագրողները: Պարզվում է՝ նախարարը տեղյակ չէ, թե քանի խորհրդական ունի: Լրագրողները տեղեկացրել են. 8 խորհրդական:

Տեղեկություններ կան, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինն արձակուրդում է, բայց չի ցանկանում վերադառնալ եւ աշխատել նոր նախարարի հետ: Նախարարը ցավում է, նաեւ հավաստում. Ռուզաննա Խաչատրյանին ոչ ոք աշխատասենյակից չի հանել:

Սփյուռքի նախարարությունը ծրագրերի իրականացման համար 1 մլրդ 300 մլն դրամ կստանա. բյուջեն 13%-ով կրճատվել է: Կրճատումների մի մասի պատճառը ծրագրերում ոչ ամենամյա միջոցառումների բացակայությունն է: Սա՝ հանձնաժողովում քննարկումներից: Իսկ լրագրողներին հետաքրքրել է Հայաստան տեղափոխված սիրիահայերի շրջանում բնակարանի, աշխատանքի եւ այլնի հետ կապված դժգոհությունների հարցը:

Կառավարության նոր ղեկավարը խոսել է ներդրումներն ակտիվացնելու մասին: Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում, Հրանուշ Հակոբյանի հավաստմամբ, դա հետաքրքրություն է առաջացրել:

Կրթության ոլորտի հաջորդ տարվա հատկացումները կկազմեն շուրջ 128 մլրդ 700 մլն դրամ։ Նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ մարտական հերթապահություն կատարած ուսանողներն ուսման վարձի զեղչ կստանան:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը 2017 թվականին կհատկացվի 5 մլրդ 454 մլն դրամ: Սակայն նախարարին լրագրողները հարցեր են ուղղել ոչ թե բյուջեի, այլ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի երեկվա հայտարարության հետ կապված: Ռուբեն Հայրապետյանը Հրաչյա Ռոստոմյանին խորհուրդ էր տվել զբաղվել ատամնաբույժի գործունեությամբ՝ հայտարարելով, որ Սպորտի նախարարությունն իրավունք չունի զբաղվել ֆուտբոլով:

Այսօր բացվել է Վրաստանի հետ սահմանին գործող «Բագրատաշեն» հսկիչ անցակետը: Սա գործարկված երկրորդ արդիականացված մաքսակետն է: «Գոգավան» հսկիչ անցակետը գործում է այս տարվա հոկտեմբերից, իսկ «Բավրա»-ում աշխատանքները դեռեւս շարունակվում են, այն նախատեսվում է բացել մինչեւ այս տարեվերջ: Մաքսային անցակետի բացմանը մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ծրագրի բյուջեն 52 մլն 130 հազար եվրո է, որից շուրջ 31 միլիոնը Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկն է, շուրջ 4.5 մլն-ը հատկացրել է Հայաստանի կառավարությունը, մնացյալ բաժինը դրամաշնորհային միջոցներ են:

Ի դեպ, «Բագրատաշեն»-ում է եղել նաեւ Վրաստանի վարչապետը: Սերժ Սարգսյանն ու Գեորգի Կվիրիկաշվիլին կարճ առանձնազրույցից հետո այցելել են սահմանամերձ Դեբեդ գետի վրա ապագա Բարեկամության կամրջի կառուցման վայր: Կամուրջը շահագործման կհանձնվի 2018 թվականի ամռանը կամ աշնանը: Այն նույնպես վարկային միջոցներով է կառուցվում. Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը 10 մլն 300 հազար եվրոյի վարկ է տրամադրել։

«Սանիտեկի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վահե Փայտյանը հայտնվել է դատարանում: Պարզվում է՝ Փայտյանը հրահանգավորում չի անցկացրել իր աշխատակիցների հետ: Որոշ ժամանակ անց ընկերության աշխատակից Նորայր Նուրիջանյանը խախտել է անվտանգության կանոնները, ինչի հետեւանքով գանգուղեղային բաց վնասվածք է ստացել եւ մահացել: Գործն արդեն դատարանում է: «Սանիտեկ»-ում, սակայն, հերքում են, որ Փայտյանն իրենց ղեկավարն է: Ըստ ընկերության հանրային հարաբերությունների ղեկավար Էլիանորա Շխրդմյանի, նա ընդամենն ավտոպարկի ղեկավարի օգնականն է:

Ձերբակալությունները Թուրքիայում շարունակվում են: Հերթը հասել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորներին եւ առաջնորդներին: Ձերբակալությունները մեծ արձագանք են գտել Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս։ Անկարան առաջին անգամ միջազգային լրատվամիջոցների համար հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատգամավորներին անձեռնխելությունից զրկող օրենքի ընդունումից հետո մի շարք քուրդ պատգամավորներ կանչվել են հարցաքննության, բայց նրանք չեն ներկայացել եւ ձերբակալվել են: Նրանց հիմնականում «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» կամ «ահաբեկչական կառույցի անդամ չլինելով՝ այդ կառույցի օգտին քարոզչություն անելու» մեղադրանքներ են առաջադրվել: Երեք պատգամավորի նոյեմբերի 4-ի երեկոյան ազատ են արձակել, իսկ կուսակցության համանախագահներն ու մյուս պատգամավորները՝ 8 անձ, դատարանի որոշմամբ կալանավորվել են։

Խոշոր վթար Եղվարդի խճուղում: Իրար են բախվել երկու «Mercedes» եւ մեկ «Opel» մակնիշի ավտոմեքենաներ: 7 տուժածներ տարբեր աստիճանի վնասվածքներով Երեւանի հիվանդանոցներ են տեղափոխվել: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության: 

Նոյեմբերի 4-ին դոլարը շարունակել է ամրապնդել դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 476 դրամ, եվրոյինը՝ 529, ռուբլունը՝ 7 դրամ 49 լումա, ֆունտինը՝ 595 դրամ։

Նոյեմբերի 5-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ