ՀԾԿՀ-ն հակված է իջեցնել գազի գործող սակագինը: Այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախահահ Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի համաձայն՝ ՀԾԿՀ-ն իրավունք ունեի վերանայել սակագինը 2 դեպքում. «Առաջին, եթե ինչ-որ ընկերություն հայտ է ներկայացնում, եւ երկրորդ, երբ մենք կարծում ենք, որ կա համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու անհրաժեշտություն: Մեզ համար պարզ է, որ եթե էլեկտրակայաններին վաճառվող գազի սակագինը 1000 խ/մ-ի համար 15 դոլարով էժան է, քան գազի գործող սակագինը, բնականաբար գազի սակագները պետք է վերանայվեն»,- ասել է նա:

Հարցին, թե ՀԾԿՀ-ն հակված է արդյոք իջեցնել գազի սակագինը, Նազարյանը պատասխանեց. «Այս դեպքում, այո»:

Ռոբերտ Նազարյանը դժվարացավ պատասխանել նաեւ հարցին, թե որքանով կէժանանա գազի սակագինը: «Բացի նշված բաղադրիչից, մենք նաեւ սկսում ենք նոր ֆինանսական տարին: Մեր սակագները մենք հաշվել ենք 2016-ի օգոստոսի 1-ից 2017-ի օգոստոսի 1-ի համար: Հիմա մենք պետք է սահմանենք 2017-ի հունվարի 1-ից 2018-ի փետրվարի 1-ի սակագինը: Այս դեպքում խախտվում է էլեկտրաէներգիայի ամբողջ բալանսը: Կան որոշ ներդրումներ: Մենք դա նույնպես հաշվի կառնենք, մենք արդեն հարցում ենք ուղարկել բոլոր ընկերություններին, որպեսզի դրանք ներկայացնեն բոլոր խնդիրները, որոնք առաջացել են այդ ընթացքում, եւ մենք կարողանանք հաշվարկ անել»,- ասել է Նազարյանը: