Մերի Մարգարյանին կեսարյան հատում անելուն կողմ էր միայն «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանը, իսկ հղիությունը վարող Շուշանիկ Բախշյանն ու նյարդաբանը դեմ էին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով վկա, «Շենգավիթ» ԲԿ-ի արդեն նախկին բժիշկ Հայկ Հարությունյանը, որը Մարգարյանների ընտանիքի մտերիմն է եւ դեպքից հետո աշխատանքից ազատվեց:
«Երբ նյարդաբանը տվեց նախնական ախտորոշում, որ Մերի Մարգարյանի մոտ արյունազեղում է եւ կարիք կա բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխել, Շուշանիկ Բախշյանը կանչեց Աշոտ Սիրունյանին, որն էլ հենց բարձրացրեց Մերի Մարգարյանին կեսարյան հատում անելու հարցը, Բախշյանը, նյարդաբանն ու անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչը դեմ արտահայտվեցին ու որոշեցին այլ կլինիկա տեղափոխել հետազոտման: Որպես բժիշկ կարծում եմ՝ կեսարյան հատման հարցը պետք է գինեկոլոգը որոշի, բայց դե որոշի էլ, կա նարկոզի տարբեր ձեւեր, որոնցով հնարավոր է թեկուզ արյան զեղման դեպքում կեսարյան հատումն անել»,- ասաց Հայկ Հարությունյանը, որը մասնագիտությամբ վիրաբույժ է:
Հայկ Հարությունյանը պատմեց, որ Մերի Մարգարյանի բարձր ջերմության մասին ինքն իմացել է հուլիսի 26-ին, զանգահարել է նրան, խոսել եւ իմացել, որ պարացետամոլ է խմել եւ ջերմությունը 37,8 կամ 37,9 է: Հաջորդ օրն աշխատանքի գալիս՝ վիրաբույժը հիվանդանոցում արդեն հանդիպել է հղիի հորը՝ Վաղինակ Մարգարյանին, որից էլ տեղեկացել է Մերի Մարգարյանի մասին:
«Բարձրացա Մերի Մարգարյանի հիվանդասենյակ, խոսեցի հետը, ասաց՝ պանիկա պետք չի անել, ես կլավանամ հիմա, կդզվեմ: Ժամը 09:30-09:40-ի սահմաններում են, որ մեզի եւ բիոքիմիական անալիզները պատասխանները եկան, շեղումներ չկային, դրանից հետո արդեն ժամը 12:00-ի սահմաններում բիոքիմիական անալիզների պատասխանները եկան, Մերի Մարգարյանի վիճակն էլ գնալով վատանում էր, ակնհայտ էր, որ մոտը բազմաօրգանային անբավարարություն է սկսվում»,- պատմեց վկան:
Այդ ժամանակ, ըստ Հայկ Հարությունյանի, որոշվեց հրավիրել լյարդաբանի եւ նյարդաբանի: Վերջինս հիվանդանոց է եկել ժամը 14:00-ի սահմաններում, երբ Մերի Մարգարյանի սկեսրայրն էլ գնացել էր լյարդաբանի հետեւից. «Նյարդաբանը քանի որ որոշեց տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց, լյարդաբան էլ չեկավ: Ամեն դեպքում եթե լյարդի ֆեգմենտները բարձր են, նշանակում է՝ բազմաօրգանային անբավարարություն է սկսվում: Բացի դրանից, այս ընթացքում ես զանգահարում էի իմ բժիշկ ընկերներին, որոնցից մեկը՝ ռեանիմատոլոգ, ինձ հարցրեց՝ կարո՞ղ ա ՀԵԼԼՓ ա, ես էլ Շուշանիկ Բախշյանին ասացի, ինքն էլ թե անհնար ա»:
Վկայի խոսքով՝ Շուշանիկ Բախշյանն այդպես էլ մինչեւ վերջ նույնիսկ նախնական ախտորոշում չտվեց, թե ինչ է կատարվում հղիի հետ:
Նշենք, որ ծննդկանի եւ նորածին նստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:



























