Հանրապետության նախագահն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ներկա է գտնվել նաեւ հիմնանորոգված Մ. Սարյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, որին մասնակցել են հանրապետության մշակույթի ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետը, Մշակույթի նախարարը, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը եւ այլ հյուրեր:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը թանգարանի ղեկավարության ու հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում, ծանոթացել իր նախորդ այցի ժամանակ մշակութային այս օջախի հիմնանորոգման ուղղությամբ տված հանձնարարականի կատարման արդյունքներին, զրուցել թանգարանի աշխատակիցների հետ:
Հանրապետության նախագահին զեկուցվել է, որ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել են միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկ, նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի, փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը եւ ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ: Շենքը տեխնիկապես վերազինվել է: 2013թ. մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016թ. նոյեմբերին: Տուն-թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները թանգարանի այցելուների որակյալ սպասարկման, գիտական եւ կրթական ծրագրերի իրականացման համար:






























